HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչը մերժեց տեսակցությունների սահմանափակման և հեռախոսազանգերի արգելման վերաբերյալ Կարո Եղնուկյանի բողոքը

Ամալյա Մարգարյան

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է  «Հիմնադիր-խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բողոքը՝  տեսակցությունների սահմանափակման և հեռախոսազանգերի արգելման վերաբերյալ։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց Կ. Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։

«Մեր ներկայացրած բողոքը Կարո Եղնուկյանի տեսակցությունները և հեռախոսազանգերը սահմանափակելու քննիչի կայացրած գործողությունների դեմ էր։ Վերջինս սահմանափակել էր Եղնուկյանի հեռախոսային խոսակցությունները և տեսակցություններ, և այդպես էլ  չէր անդրադարձել դրան։ Արդեն 7 ամիս է անցել, բայց  շարունակվում են տեսակցությունների սահմանափակումները»,-ասաց փաստաբանը։

Կարո Եղնուկյանը և իր պաշտպանը դիմել են  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որը մերժել էր բողոքը։ Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Մհեր Արղամանյանի նույնպես մերժեց բողոքը։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ  դատական նիստի ընթացքում կարգադրիչները փակել են Եղնուկյանի տեսադաշտը, իրենք միջնորդել են դատարանին՝ բացել տեսադաշտը՝ հիշեցնելով, որ սահմանափակվել են Եղնուկյանի տեսակցություններն ու հեռախոսազանգերը, ոչ թե տեսադաշտը։

«Հատկանշականն այն էր, որ Եղնուկյանը հնարավորություն չուներ տեսնել, թե դահլիճում ինչ է կատարվում, մինչդեռ նիստին ներկա էին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, Եղնուկյանի հարազատները։ Առաջին միջնորդությունը, որպեսզի  կարգադրիչները մի քիչ հեռու կանգնեն, բավարարվեց, բայց նրանք նորից շարունակեցին փակել տեսադաշտը։ Դատարանը պնդեց, որ ոչինչ չի կարող անել. կարգադրիչներն իրենց գործն են կատարում»,-հավելեց պաշտպանը։

Տիգրան Հայրապետյանը նշեց նաև, որ նիստի ընթացքում Կարո Եղնուկյանը հայտարությամբ է հանդես եկել և ասել, որ դատարանը պատվեր է կատարում, կնիք դնում անօրինական որոշումների վրա, գործը չի քննում, այլ թատերական ներկայացում է խաղում։

«Լարված մթնոլորտ էր դահլիճում, որովհետև առանց որևէ հիմքի սահմանափակվել էին Կարո Եղնուկյանի իրավունքերը։ Նույնիսկ մարդու իրավունքերի պաշտպանն էր հատուկ գրություն ուղարկել՝ մատնանշելով, որ որևէ հիմք չունեն՝ սամանափակելու Եղնուկյանի տեսակցությունները։ Դատարանը արհամարհեց մարդու իրավունքերի պաշտպանի գրության մեջ նշված միջազգային պայմանագրերը»,-հայտնեց փաստաբանը։

Տիգրան Հայրապետյանը նշեց նաև, որ հնարավոր է Վճռաբեկ դատարան չբողոքարկեն, միանգամից դիմեն Մարդու իրավունքերի եվրոպական դատարան։

Փաստաբանը հայտնեց նաև, որ քննիչը, դատավորի այն հարցին, թե ինչ մտավախություններից դրդված են սահմանափակում տեսակցությունները և հեռախոսազանգերը, պատասխանել է, որ գործի քննությունը դեռ ավարտված չէ, և Կարո Եղնուկյանը կարող է կապ հաստատել ՊՊԾ  գունդը գրաված անձանց հետ։

«Սա հաստատում է այն, որ Եղնուկյանը քաղբանտարկյալ է, երբ նիստին հնչեցվեց քաղբանտարկյալի անուն, նախագահող դատավորը թույլ չտվեց շարունակելու բողոքը: Նա շատ արագ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»,-հավելեց պաշտպանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter