HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յուքոմ»-ը 16.6 միլիարդ դրամի ներդրում կկատարի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 13-ին այցելեց «Յուքոմ» ընկերություն` ծանոթանալու ընկերության ծրագրերին և ոլորտում առկա խնդիրներին:

Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, բջջային օպերատորների համար ներկայում կարևորագույն մարտահրավերներից են OTT (over-the-top) հավելվածները: Սպառողներին դրանք ծանոթ են որպես զանազան մեսինջերներ, ինչպիսիք են «Viber»-ը, «WhatsApp»-ը, «Skype»-ը և այլն, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել ձայնի և տեքստի միջոցով:

Տնօրեն Հայկ Եսայանի խոսքով` ոլորտի վերափոխումների համատեքստում «Յուքոմ»-ը ավանդական հեռախոսային ծառայություններին զուգահեռ բաժանորդներին առաջարկում է նաև ինտերնետային նոր ծառայություններ, ինչպիսիք են՝ բջջային հեռուստատեսությունն ու կոմունալ վճարումների «Յուփեյ» համակարգը:

«Յուքոմ»-ի տնօրենն ընդգծեց, որ այս հավելվածների ստեղծման ընթացքում համագործակցում են հայկական ընկերությունների հետ:

Անցած տարվա սեպտեմբերին մեկնարկել է նաև «Յուքոմ»-ի կողմից  Հայաստանում առաջին անգամ գործարկված 4G պլյուս ցանցի աշխատանքը: Ներկայում 4G պլյուսը հասանելի է 55 բնակավայրում, այս տարի կկատարվեն ցանցի ընդլայնման աշխատանքներ:

Նախարարը հետաքրքրվեց, թե ընթացիկ տարում ներդրումային ինչ ծրագրեր են իրականացվելու: Հայկ Եսայանը նշեց, որ  2017թ-ին ընկերությունը նախատեսում է 16.6 միլիարդ դրամի ներդրում կատարել:

«Յուքոմ»-ի ներկայացուցիչները հայտնեցին նաև, որ պայմանագիր են կնքել «Apple»  ընկերության հետ, որի համաձայն՝ Հայաստանի համար արտադրված «Apple»-ի սարքավորումների նոր խմբաքանակներն այսուհետ  կունենան Հայաստանի համար առանձին սերիական կոդ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ռոումինգի սակագներին վերաբերող հարցեր: Նախարար Վահան Մարտիրոսյանը նկատեց, որ ռոումինգի արժեքի նվազման ճանապարհով հնարավոր է օգտագործողների թիվն ավելացնել: Ընկերության ղեկավարը հայտնեց, որ սակագնի փոփոխություն արդեն արվել է, ապագայում պատրաստվում են կրկին վերանայել այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter