HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Յուրացման մեղադրանքով դատապարտվածը նախարարությունում բարձր պաշտոն է ստացել

Սուսաննա Սեդրակյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում զբաղեցնում է ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության  տնտեսագիտական բաժնի պետի պաշտոնը: Մինչ այդ պաշտոն զբաղեցնելը Ս. Սեդրակյանն աշխատել է «Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ներքին աուդիտի վարչության պետ և իր գործընկերների հետ յուրացրել մոտ 8 մլն դրամ:  Դատապարտվելուց մեկ տարի հետո նա նշանակվել է այս պաշտոնում։

Սուսաննա Սեդրակյանը իր գործընկերների հետ գալով համաձայնության հափշտակություններ իրականացնելու նպատակով 2011թ. հոկտեմբերից մինչև 2013թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ստուգման չի ենթարկել և չի արձանագրել աշխատավարձի ցուցակներում հաշվարկված իր, Գոհար Հարությունյանի, Հովակիմ Բադանյանի և Շուշանիկ Բանտիկյանի անվամբ աշխատավարձի ավել գումարները, որի հետևանքով նշված ժամանակահատվածում պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փոխանցված գումարներից վերջիններիս բանկային քարտերին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 8.020.400 ՀՀ դրամ գումար: Նշված գումարը նույն ժամանակահատվածում բանկային քարտերի միջոցով կանխիկացվել և շարունակաբար յուրացման եղանակով հափշտակվել է։

Սուսաննա Սեդրակյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում): Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, Սուսաննա Սեդրակյանին և նրա գործընկերներին մեղավոր է ճանաչել և 2015թ. ապրիլի 7-ի դատավճռով դատապարտել ազատազրկման 5 տարի ժամանակով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան: Բացի այդ Ս. Սեդրակյանի նկատմամբ կիրառվել է համաներում և նա ազատվել է պատժից:

Դատարանում նրանք առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել։ Դատարանը Սուսաննա Սեդրակյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է հաշվի առել: Մասնավորապես այն, որ որ նա առաջին անգամ է դատապարտվում, համաձայնվել է մեղադրանքի հետ, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար և վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասը։ Որպես Սուսաննա Սեդրակյանի անձը բնութագրող տվյալ՝ դատարանը հաշվի է առել նաև, որ բնութագրվում է դրական։ 

Այնուհետև դատարանը հանգել է հետևության, որ Սուսաննա Սեդրակյանի և նրա գործընկերների ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, «ինչն անհրաժեշտ ու բավարար է նաև սոցիալական արդարությունը վերականգնելու և նրանց կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելու համար»։

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի շուրջ աղմուկը մեծ էր: Ոչ միայն այս, այլև այլ գործերով բացահայտվեցին մի շարք չարաշահումներ:

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսվում է ամենուր: Դրա համար կառավարությունը ծախսում է միլիոնավոր դրամներ: Մինչդեռ կոռուպցիայի, պետական միջոցների յուրացման դեմ պետական մակարդակով պայքարի դրսևումներից մեկն էլ անհանդուրժողականությունն է նման դրսևորումների նկատմամբ: Սակայն, դատարանի կողմից կաշառակերության կամ պետական միջոցները յուրացնելու մեղադրանքով դատապարտվածները որոշ ժամանակ անց հայտնվում են պետական այլ պաշտոններում։  

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Հետքին» տեղեկացրեցին, որ 2014թ-ից նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության  տնտեսագիտական բաժնի  պետ-վարչության պետի տեղակալ  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը  կազմակերպում է Քաղաքացիական ծառայության  խորհրդի աշխատակազմը: Օրենսդրության համաձայն կազմակերպվել է 2 մրցույթներ, որոնցից մեկը չի կայացել՝ դիմորդներ չլինելու պատճառաբանությամբ, իսկ հաջորդ մրցույթի  արդյունքում հաղթողներ չեն  եղել: 

Նախարարությունից տեղեկացնում են, որ հիմք ընդունելով օրենքի պահանջը քաղաքացիական ծառայության խորհրդի  թույլտվությամբ  ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության  տնտեսագիտական բաժնի պետ-վարչության պետի տեղակալ  թափուր պաշտոնում կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր  Սուսաննա Սեդրակյանի   հետ:

«Պայմանագիր  կնքելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով  աշխատակազմի ղեկավարի գրությամբ հարցում է կատարվել  ՀՀ ոստիկանության  ինֆորմացիոն կենտրոն՝  Սուսաննա Ռազմիկի Սեդրակյանի   դատվածության  մասին տեղեկանք տրամադրելու  նպատակով, ինչը և ստացվել է 2016 թ մայիսի   11-ին  «Ձեզ հետաքրքրող  տվյալներ չկան» նշագրմամբ»,-տեղեկացնում են նախարարության լրատվական բաժնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter