HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին անգամ հրատարակվել է Տերյանի անհայտ նախաձեռնությունը՝ հայ որբերի հուշերը

1916 թ. Երևանի Ցարսկայա փողոցի որբանոցում Վահան Տերյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած 27 երեխայի՝ 10-15 տարեկան, հանձնարարել էր գրի առնել հիշողությունները Ցեղասպանության, գաղթի ճանապարհի մասին: 100 տարի անց դրանք առաջին անգամ հրատարակել է նրա ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը: Գիրքն անվանել է «Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը»: Գրքի շնորհանեսը տեղի ուենցավ այս փետրվարի 9-ին՝ Տերյանի ծննդյան օրը:

Հայ որբերի հուշերը

Զգացմունքային շատ մեծ բեռ է դրվում ընթերցողի ուսերին գիրքը կարդալիս: Երեխաների պարզ շարադրանքները ներկայացվել են առանց խմբագրումների ու սրբագրումների՝ ինչպես եղել են, թեկուզ քերականական սխալներով: Նույնիսկ պահպանվել են Տերյանի՝ տեղ-տեղ կրկնվող որոշ բառերի, արտահայտությունների վրա քաշած գծերը: Գրքում տեղ են գտել նաև սևագրություններ: Այս ամենը տեքստին կենդանություն է տալիս, 100 տարվա ժամանակային պատնեշը քարուքանդ է անում: Կարդալիս թվում է, թե երեխաները նստել են քո դիմաց, դու լսում ես նրանց պատմությունները:

Ցարսկայա փողոցի որբանոցում

«Մի 40 զինվոր եկան մեր տուն, ուզում էին մեզ սպանիլ մեր հարևան քուրտեր ասացին նրանց, սրանքին մեզ պահելին: Նրանք մեզ ձեռք չը տւին և հարևան քուրտեր մեզ պահեցին: Թէպէթ մեզ չսպանեցին բայց սաստիկ չարչարում էի: Տալիս էին իրենց գոմ մաքրիլ իրանց կտուր մաքրիլ էտ պէս չարչանքով մի ամիս մնացինք բացի մեր տանից մնացած բոլոր հաերին սպանեցին միայն թողեցին կանանց և աղջիկերանց: Ջոկում էին ամենասիրուն Աղջիկերանց տանում իրանց համար: Մի 30 օրից յետո ռուսները նորից պատրաստւեցին գալու Տաճկաստան քիւրտերտ ատբան իմացան և շուտով փախան իրանց տուն/եր բառցեցին մեր հայերի տաւարներով և մեր տաւարով ճամբա ելան: Մեր տուն մենակ մնաց տաճկի զինվորների մէջ»: Սա Երևանի որբանոցից ալաշկերտի Վահան Տեր-Թադևոսյանի գրի առած հիշողությունն է՝ «Ալաշկերտա դէպքը և իմ կեանքիս մասին» վերնագրով:

Այնուհետ Վահանը պատմում է, որ հաջորդ առավոտյան 3 քուրդ զինվոր մտել են իրենց տուն, ասել, որ ովքեր մեծ են, նրանց տանելու են մի տուն, որ չսպանեն:

«Ես, իմ հայրիկ իմ հորեղբոր տղեն մեր հարևանին մարտ գնացինք որովհետև չէինք իմանում նրանց կեղծ միտքը մենք էլ գնացինք մեզ տարան մի տուն իմ հայրիկին էլ մի տեղ տարան մեզ մենք այդ 4 չորսով մի երեքով մի տեղ մնացինք: Յետո այդ քիւրտեր եկածեին մեր տուն, ասել էին մայրիկին մենք հիմա ձեզ կը սպանինք իմ մայրիկ հարցրել էր նրանցից ինչու համար, նրանք ասել էին, թէ այն ժամանակ որ ռուսներ այստեղ նէին դուք հաեր մեզ էիք չարչաչում և Սպանել էին նրան ի մայրիկին անուն Իսկուհի հորեղբույրս կնոջ անուն Նուպար իմ հորեղբոր անուն Յարութ իմ եղբայրներին անուն մենծին Թաթոս միիւսին Միսակ, Մակար, իմ քրոջ անուն Ազնիւ»,- գրել է Վահանը՝ ավելացնելով, որ նշած բոլոր հարազատներին սպանել էին:

Ապա նկարագրում է, որ զինվորները հարևանի տուն էին մտել, ասել, թե շորերը հանեք, ձեզ չենք սպանի: Հարևանները հավատացել էին, երբ շորերը հանել էին, բոլորին սպանել էին, ապա վերցրել էին ներքնակ, վերմակ, կաթսաներ...

«Մեկ էլ տեսանք դուը ծեծին մենք գնացինք դուռը բացարինք մէկ էլ տեսանք շատ այն քուրտերնին: Եկան մեզ էլ ասեցին ձեր շորեր հանեք իմ հրեղբոյր տղան հանեց անուն Մանուկ Մանուկ հանեց: հարևանին ասեցին (հարևան) քոշորեր հան հանեց նրան անուն էր Ասպատուր ինծ էլ ասեց չը հանեց շատ ասացին չըհանեցի չըհանեցի յետո դուռը բաց արի ու փախամ մեր հարևանի տուն մնացեկ էր երեք աղջիկ հարցրեցի նրանցից ասացի ով է սպանել սրանց նրանք ասացին ինծ չեն գիտում եկա մեր տուն դուռը բաց արա մէկ էլ տեսա իմ ամենափոքր եղբայր Մարգարի սրահում էինք սպաներ էինք տան դուռը բաց արի մէկ էլ տեսա բոլոր տան մեջ սպաներ էին միայն մնացել էր իմ հորեղբոյր տղան երեխեքը մեկը տղա տղան 10 տարեկան միիւս աղջիկ աղջիկ 13 տարեկա տղաի անուն ա Համայակ իսկ աղջկանը Հերկնազ»:

Նրանք երեք օր մնացել էինք դիակների հետ, որից հետո, ըստ ձեռագրի, «խազախները» եկել-տարել էին իրենց:

Այս ձեռագրերից յուրաքանչյուրը պատմագիտական մեծ նյութ է: Երեխաներից մի քանիսը նկարագրում են նաև Վանի ինքնապաշտապանությունը: Մի քանիսի ձեռագրերում կարդում ենք, թե ինչպես իրենց 15 օր ժամանակ տվեցին, որպեսզի Վանից հեռանան, հետո բաղարջ թխեցին, իրերը հավաքեցին ու ճամփա ընկան, բայց ճանապարհին շատերը չէին դիմանում ծարավին, քաղցին:

Հետաքրքիր է, որ նրանց նկարագրություններում Հայաստանի (Արևելյան Հայաստան) փոխարեն նշվում է Ռուսաց հող կամ Ռուսիա. նրանք գալիս էին այստեղ: Երեխաներից Աղասի Գոնդակչյանը գրել է, որ թեև լավ է այստեղ, բայց «մեր Վանը չենք կրնար մոռանալ մինչև հաւիտան ա ալ հիմայ ծարաւ չենք արևը մեզ չի ի այրեր բայց ինչքան ալ որ լինի մեր սրտի մէջ մի բան կայ մի մրմուռ մի կսկիծ որ մեզ բան կը յիշեցնե: Այսպես կը վերջացնեմ տկար անցյալս»:

Էմին-Տերյանն ասում է, որ կարևոր է ձեռագրերի հեղինակ որբերի ժառանգներին գտնելը, առայժմ գտել են միայն Քարմիլե Մանուկյանի (ձախից երկրորդը) ժառանգներին

Տերյանի նախաձեռնության պատճառն անհայտ է

Ստեփան Զորյանն իր հուշերում նշել էր, որ Տերյանը պատրաստվում էր Վանի ինքնապաշտպանության մասին պոեմ գրել: Դրանից էլ գրականագետ Վաչե Պարտիզունին ենթադրել է, որ Տերյանը հենց դրա համար է որբերին հանձնարարել նկարագրել իրենց տեսածը: Սակայն Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը (նաև Գևորգ Էմինի թոռն է), նոր հրատարակած այս գրքում վիճարկում է դա՝ ասելով, որ «Տերյանը սկսել է խմբագրել երեխաների գրությունները՝ փորձելով ավելի պարզ դարձնել նրանցում արտահայտված մտքերը և պահպանելով բարբառն ու ոճը, հուշում է, որ պոետն արժևորել է այդ գրություններն ինքնին»: Էմին-Տերյանը պատմում է, որ Պարտիզունին ձեռագրերն անվանել է անգրագետ տեքստեր ու նույնիսկ զարմանք հայտնել, որ դրանք չեն թափվել:

Որբանոցի նախկին սաները՝ տարիներ անց նույն տեղում

Տերյանի ծոռը նկատում է նաև, որ գրողը ոչ թե մեկ, այլ երեք անգամ է եկել Երևան: Ըստ նրա՝ մինչև 1980-ականները պոետի կենսագրությունից հանված էին Երևան կատարած այցելություններից երկուսը, չնայած Տերյանի առաջին կենսագիրը՝ Պետրոս Մակինցյանը, տեղյակ է եղել այդ մասին:

«1916 թ. դեկտեմբերի 31-ին Տերյանը ժամանեց Երևան: Սա առաջին և վերջին անգամն էր: Նա պետք է վերջացներ իր հաշիվները զինվորագրության հետ, որպեսզի ապա ուղևորվեր Սուխում՝ բուժարան»,- գրել է Մակինցյանը: Գևորգ Էմին-Տերյանը պարզաբանում է. «Եթե Երևան կատարած առաջին՝ 1915 թ. գարնանը տեղի ուենցած այցը թաքցվում էր գլխավորապես այն պատճառով, որ Վ. Տերյանն անդամագրվել էր հայկական կամավորական ջոկատներին, ապա երկրորդ այցը թաքցնելու պատճառը, ըստ երևույթին, եղել է հենց Հայոց ցեղասպանությանը վերաբերող Տերյանի նախաձեռնությունների անտեսումը»:

Ինչու է աղճատվել Տերյանի կենսագրությունը

Մինչ օրս թվում է, թե Տերյանն ամենաշատ ուսումնասիրված հեղինակներից մեկն է մեր գրականության մեջ: Մինչդեռ տերյանագիտության մեջ որոշ շերտեր ստվերում են մնացել: Դա պատճառ է դարձել Տերյանի՝ որպես իբրև քնարերգակի կամ «աշնան երգիչ» կերպարի միակողմանի ներկայացման:

Տերյանի գործունեության որոշ էջերի անհայտ մնալու մի շարք պատճառներ կան. հասարակարգի և իշխանության փոփոխություն՝ ցարիզմից անցում բոլշևիզմի, հեղափոխություն, Հայաստանի անկախացում, հետո՝ խորհրդայնացում: Մյուս կողմից, ըստ Գ. Էմին-Տերյանի, դեր են խաղացել քաղաքական անթույլատրելիությունը, որոշ ուսումնասիրողների ոչ բավարար պատրաստվածությունը, անփութությունը:

«Ընտանեկան խոսակցություններից, հիշողություններից, պատմություններից ես միշտ իմացել եմ, որ պետք է զբաղվեմ Տերյանի ժառանգությամբ: Այդ ամենն ինձ ուղղորդել է: Եվ բանասիրական ընդունվել եմ՝ հենց տերյանագիտությամբ զբաղվելու համար»,- մեզ հետ զրույցում ասում է Գևորգ Էմին-Տերյանը:

Նշում է, որ տերյանագիտությամբ զբաղվելը ոչ միայն պատմություն ու պատմագիտական նյութ է, այլև մեր ներկայի սկիզբն է, քանի որ այսօրվա քաղաքական, հասարակական, մշակութաբանական բազմաթիվ խնդիրների արմատը գալիս է 1910-ականներից, հետևաբար, դրանք միայն նեղ գիտական ուսումնասիրություններ չեն:

Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ Տերյանի ժառանգությունը, ավանդը աղճատված է, մի քանի անգամ թալանված, կեղծված: Նաև ժամանակի խնդիր կա՝ այդ դեպքերից մեզ բաժանում է 100 տարի, ու եթե անցնի ևս 50 կամ 100 տարի, ըստ գրականագետի, արդեն անհնար կլինի վերականգնել ինչ-որ բան:

Ի տարբերություն Աննա Ֆրանկի օրագրի

Հայ որբերի ձեռագրերը պահվում են Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Վահան Տերյանի ֆոնդում: Գևորգ Էմին-Տերյանը այս նոր գրքում դրանց զուգահեռ է բերում Աննա Ֆրանկի օրագիրը, որի ձեռագիր օրինակը գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հատուկ հսկողության տակ, մինչդեռ, շեշտում է Էմին-Տերյանը, Հայոց ցեղասպանության վավերագրերը մինչ օրս անտիպ էին պահվում: Ընդ որում՝ դրանք պահվում էին որպես Տերյանի ուսանողական տետրակ:

«Ի տարբերություն Աննա Ֆրանկի օրագրի, որտեղ, ըստ էության, զանգվածային բռնության նկարագրություններ չկան, փոխարենը առկա է ողբերգության սպասում, հայ երեխաները նկարագրում են ցեղասպանությունն իր գրեթե բոլոր հնարավոր դրսևորումներով՝ ինքնապաշտպանության, կոտորածի, գաղթի փախստականության սարսափներով»,- գրքում նշում է Գևորգ Էմին-Տերյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter