HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Օլիգարխիան հաղթում է շանտաժով, կամ խորհրդարանական համակարգի կրախի ուրվականը

ՀՀԿ-ն հրապարակեց հանրապետության 13 ընտրատարածքներում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելիք իր թեկնածուներին: Այդ ցուցակից պարզ է դառնում, որ իշխող կուսակցությունը շարունակում է ապավինել կիսակրիմինալ, օլիգարխիկ ռեսուրսներին: ՀՀԿ-ի տարածքային ցուցակում են հայտվել այնպիսի օդիոզ դեմքեր, ինչպիսիք են Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանը: ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվելու է նաև հայտնի օլիգարխ, օֆշորային սկանդալի հերոս, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ում առաջադրումն ապահովելու և ում ծառայություններից օգտվելու համար իշխանությունը փաստացի գնաց ընդհուպ նրա նկատմամբ հարուցված քրեական գործն անհեթեթ հիմնավորմամբ կարճելու ճանապարհով:

ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից է նաև մեկ այլ հայտնի օլիգարխ, Երևանի կենտրոնում մեծ ազդեցություն, մարդկային հսկայական ռեսուրսների տիրապետող Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Գնումների աջակցման կենտրոնի նախկին ղեկավար Հակոբ Բեգլարյանը, ում 2012թ. վարչապետ Տիգրան Սարգսյանն ազատել էր այդ պաշտոնից գնումների ոլորտում նախագահի վերահսկողության ծառայության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների պատճառով:

Արմավիրի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվում է նաև Սեյրան Սարոյանը, ում համար Էջմիածնի տարածաշրջանը վաղուց արդեն ընկալվում է որպես սեփական կալվածք:

Շիրակում կառաջադրվի նաև նախկին ԲՀԿ անդամ և ԲՀԿ-ի կողմից նույն ընտրատարածքից ընտրված ներկայիս պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Թեև ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս ուժերը դեռ չեն հրապարակել իրենց ռեյտինգային ցուցակները, սակայն գրեթե կասկած չկա, որ նմանատիպ դեմքեր կառաջադրվեն նաև նրանց կողմից: Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ի ցուցակով Շիրակի մարզում առաջադրվելու է Գյումրու նախկին քաղաքապետ, նախկինում կրիմինալ բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնված, ՀՀԿ նախկին անդամ, ոչ պակաս օդիոզ կերպար Վարդան Ղուկասյանը: Շիրակի մարզում, փաստորեն, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն թեկնածուների յուրատեսակ «բարտեր» են իրականացրել:

Խոշոր քաղաքական միավորումներում այս մարդկանց հայտնվելը խոսում է մի քանի իրողության մասին: Նախ՝ ՀՀԿ ցուցակի՝ նման կերպարներով հագեցումը մատնում է թե՛ պետական կառավարումը և թե՛ ՀՀԿ-ն խորքային համակարգային փոփոխությունների ենթարկելու, բարեփոխելու իշխանության հավաստիացումների լրջությունը: Փաստորեն, մոնոպոլիաների, կոռուպցիայի, պետական միջոցների վատնման դեմ պայքարին ուղղված համակարգային փոփոխությունները պետք է իրականացնեն... Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը և մյուսները:

Երկրորդ՝ կրկին կիսակրիմինալ և օլիգարխիկ շրջանակներին ռեյտինգային ընտրակարգով առաջադրելու որոշումը Սերժ Սարգսյանն ինչ-որ տեղ կայացրել է ստիպված՝ ՀՀԿ-ից իր թիմի հետ Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո և դրա ազդեցությամբ: Սերժ Սարգսյանը պարզապես հասկացել է, որ միջոցներ չձեռնարկելու դեպքում իշխանության հենասյուներից մեկի հեռացումը վերածվելու է ընտրություններում իշխանության հաղթանակը մշտապես ապահոված շերտի՝ ՀՀԿ-ի համար կատաստրոֆիկ հետևանքներով հղի արտահոսքի: Աբրահամյանի հեռանալուց հետո նախագահը պարզապես հասկացել է, որ օլիգարխիային քաղաքականապես ստերիլիզացնելու և նրան ընդամենը քաղաքականության սպասարկուի վերածելու իր կուրսը ձախողվում է և տանում դեպի ներկայիս իշխանության փլուզման: Եվ դա թույլ չտալու միակ տարբերակը ԱԺ-ում այդ հատվածի և նրանց շահերի պարտադիր ներկայացվածության ապահովումն է: Հենց սա է պատճառը, որ անտեսելով բոլոր ռիսկերը, հակադրվելով իր «հուսադրող» բոլոր հայտարարությունների ոգուն՝ ունեցած ռեսուրսային կորուստները փոխլրացնելու նպատակով իշխանությունը գնում է անգամ միհրանպողոսյանների, հակոբբեգլարյանների, ներսիկնազարյանների «վերադարձման» ճանապարհով: Հովիկ Աբրահամյանի հեռանալն իշխանական կոնյուկտուրան և քաղաքական հատվածն ընկալեցին որպես օլիգարխիայի անխուսափելի ապստամբության կամ դեմարշի նախանշան: Այսինքն կարելի է արձանագրել, որ օլիգարխիան կրկին հաղթում է՝ այս անգամ շանտաժի միջոցով, ինչն ի սկզբանե կանխատեսելի էր՝ հաշվի առնելով իշխանության անքակտելի սերտաճածության մասշտաբները:

Երրորդ՝ այս մարդկանց նորից բերելով ասպարեզ՝ ՀՀԿ-ն խոստովանում է, որ իր վերարտադրման և հաղթանակի ամբողջ հույսը նրանց ֆինանսական, մարդկային ռեսուրսների, ունեցած հսկայական ստվերային ազդեցության լծակների վրա է, որին կգումարվի իշխանության վարչական ռեսուրսը: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, հասկացել է. չնայած անցած սեպտեմբերին կառավարության փոփոխությանը գնալուն, պետական կառավարման համակարգի օպտիմալացման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ մի քանի քայլերի ձեռնարկմանը, ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ի նոր կերպար ձևավորելու, գործադիր իշխանությունը օլիգարխիայից անջատելու ջանքերին, իր նկատմամբ հասարակության ապատիան չի վերանում: Եվ եթե այս պայմաններում խաղադրույք կատարի քաղաքական ռեսուրսի վրա, պարզապես պարտություն է կրելու և կորցնելու է իշխանությունը:

Խնդիրն այն է, որ ընտրական նոր օրենսգրքով էականորեն չեզոքացվել են ընտրատեղամասերում կեղծարարության մեխանիզմները, և ցանկալի ադյունքներն ապահովելու միակ կենսական տարածքը մնում է տեղամասից դուրս ընտրողների «որսի» տիրույթը: Ահա թե ինչու է, օրինակ, իր համար ամենածանր ու անկախնատեսելի ընտրատարածքում՝ Շիրակում, ՀՀԿ-ն որոշել հենվել այդ տարածաշրջանում բավականին ազդեցիկ և այդ «որսում» մեկնարկային ավելի նախընտրելի վիճակում գտնվող նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի վրա:

Հաջորդ ԱԺ-ի ձևավորումից և հատկապես 2018թ. Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո Հայաստանն ամբողջությամբ կանցնի խորհրդարանական կառավարման: Քաղաքական որոշումների կայացման կենտրոնը նախագահականից կտեղափոխվի ԱԺ: Նոր խորհրդարանում, ըստ Ընտրական օրենսգրքի, ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորները կկազմեն ԱԺ-ի գրեթե 45-ից 50 տոկոսը (ներկայումս մեծամասնականով ընտրվածների տեսակարար կշիռը խորհրդարանում մոտ 35 տոկոս է): Այսինքն խորհրդարանում էականորեն բարձրանալու է ռեյտինգային ընտրակարգով ընտրված, այդ թվում նաև վերոնշյալ կոնտիգենտի քաղաքական կշիռը: Նրանք են, փաստորեն, կայացնելու հիմնական քաղաքական որոշումները, որքան էլ շատերի գործառույթը կսահմանափակվի միայն «կոճակ սեղմելով»: Ստացվում է, որ իշխանությունը, ԱԺ անցնելու բեռը դնելով այս կոնտիգենտի վրա և ապահովագրելով նրանց ծանրակշիռ ներկայությունը ԱԺ-ում՝ գործադիր իշխանությունը դնում է հին ու վստահելի բարեկամ օլիգարխիայից ոչ պակաս որոշիչ կախվածության մեջ:

Բացի դրանից, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու համար պարտադիր չէ լինել այն կուսակցության անդամ, որի ցուցակում ընդգրկվում են: Ընտրություններին գնացող ուժերի մեծ մասի համար ոչ մի նշանակություն չունի՝ իրենց թեկնածուները նախկինում ինչ քաղաքական թիմ են ներկայացրել, ինչ աշխարհայացք ունեն, նրանց անձի նկատմամբ ինչպիսի հանրային կարծիք կա: Ցանկացած գնով Աժ-ում հայտնվելու օլիգարխիայի ու կիսակրիմինալի մարմաջը, նրանց ռեսուրսներին ապավինելով սեփական քաղաքական սնանկությունը, հանրային վստահության բացակայությունը կոմպենսացնելու և հաղթանակ ապահովելու կուսակցությունների կամ դաշինքների ձգտումը ստեղծել են փոխադարձ շահերի այնպիսի համաձուլվածք, որն ունակ է վերջնականապես ապաքաղաքականացնել խորհրդարանը, դեռ չստեղծված՝ քանդել Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի հիմքերը, այն վերածել ֆարսի: Խորհրդարանական համակարգը կենսունակ է միայն այդ դեպքում, երբ պառլամենտը կազմվում է կայուն քաղաքական ուժերից և երբ կա կայացած, ուժեղ քաղաքական, կուսակցական համակարգ:

Կուսակցություններ և դաշինքներ փոխելը պարապ վախտի խաղալիք դարձնելով, անգաղափարակիր, անուղեգիծ դաշինքներ ու կուսակցություններ ձևավորելով, առավելագույնը ԱԺ անցնելու նպատակով առաջնորդվելով, համամասնական ընտրակարգի ներքո մեծամասնական ընտրակարգ կիրառելով և այս ամենի հանրագումարում քաղաքականությունը կրկեսի վերածելով` հնարավոր չէ ստեղծել խորհրդարանական համակարգ: Այն, ինչ տեղի է ունենում ռեյտինգային ընտրակարգի ներքո, պառլամենտարիզմի և քաղաքական, կուսակցական համակարգի տակ դրված ռումբի էֆեկտ ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter