HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4-ամյա Ռոբերտը ջրախեղդ է եղել Դեբեդում

Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումական հաստատության սան՝ 4-ամյա Ռոբերտ Դալլաքյանը ժամը 9:30-ի սահմաններում դուրս է եկել մանկապարտեզից, որից հետո  մանկապարտեզին հարող փողոցով մոտ 500 մետր քայլելով իջել է Դեբեդ գետի ափ, ընկել գետը և ջրախեղդ եղել:

Թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունը գտնում է Ալավերդի համայնքի Սանահին կայարանային թաղամասում՝ Դեբեդի ափին: Հիշեցնենք, որ այս մանկապարտեզի շենքը 15 մլն դրամ ներդրումային ծրագրով վերանորոգվելուց հետո վերագործարկվել է դեկտեմբերի 28-ին: Մանկապարտեզն ունի մեկ խումբ:

Ուսումնական հաստատության շենքը ցանկապատված է: Սակայն անուշադրության մատնված երեխան մանկապարտեզից դուրս գալուց հետո անծանոթ թաղամասում չի կողմնորոշվել և հայտնվել է գետի ափին:

Դեպքից ժամեր անց թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Ռոզա Ավետյանը հրաժարվեց խոսել մեզ հետ. «Վատ եմ զգում, չեմ կարող խոսել»: Տնօրենը, սակայն այդ պահին բացատրություն էր տալիս ոստիկանության քննիչին:

Լրագրողներիս չհաջողվեց տեսնել դաստիարակ Գայանե Մալխասյանին: Սկզբում մեզ հայտնեցին, թե դաստիարակը վատ է զգացել և գնացել է տուն: Սակայն, հետո պարզեցինք, որ նա փակվել է  մանկապարտեզի սենյակներից մեկում և խուսափում է լրագրողներից:

Դաստիարակի օգնական Աննման Լալայանը մեզ հետ խոսելիս չէր կարողանում թաքցնել հուզմուքը. «Առավոտյան ժամը 9:30-նն  էր: Այդ ժամին  երեխաները պետք է արդեն տեղում լինեին: Ես այդ ժամին իմ մաքրությունն եմ անում: Դա իմ պարտականությունների մեջ է մտնում: Ես այդ պահին զուգարանում եմ եղել, վայ, էլ չեմ պատկերացնում ինչ կատարվեց: Արդեն տեսանք, որ բոլորը խառնված են, մենք էլ բոլորս խառնվեցինք: Երևի ժամը 10-ը կլիներ, նկատեցինք երեխան չկա: Ու արդեն էնենց խառը վիճակ էր: Մենք տեղյակ չենք Ռոբերտը, որ հատվածից է ընկել գետը: Դե որ արդեն գտան երեխային, մենք էդ պահը չգիտեինք, էստեղ մանկապարտեզի ներսում էինք նրան ման գալիս: Ես խմբի դաստիարակի օգնականն եմ: Դաստիարակի ազգանունը Մալխասյան Գայանե է»:

Մանկապարտեզի բուժքույր Վարդանուշ Մնացականյանն ասաց, որ դեպքի ժամանակ ինքն իր գործերով  է զբաղված եղել. «Էնա իմացանք երեխան չկա: Երեխան իմ աչքին էլ է երևացել: Վայրկյանների ընթացքում անհետացել էր: Դե էտենց մոտավորապես 9:30-ից մինչեւ 10-ին 20 պակաս ժամանակահատվածում էր Ռոբերտը մանկարտեզից հեռացել»,-ասաց բուժքույրը: Վերջինիս և դայակի խոսքով՝ 4-ամյա Ռոբերտը այսօր երկրորդ օրն էր հաճախում մանկապարտեզ. «Երեկ է առաջին անգամ եկել մանկապարտեզ: Երեկ մանկապարտեզում 2 ժամ է մնացել, ծնողին կանչել ենք, եկել է տարել»: 

Վերջինիս խոսքով՝ դայակը տեսել է, որ երեխան ուզում է դուրս գալ շենքից, ներս է բերել ու շարունակել իր առավոտվա մաքրության գործը:

Մինչ մանկապարտեզի աշխատողները նկատում են երեխայի բացակայությունն ու շենքի ներսում որոնում են նրան, գետի մյուս ափից մարդիկ նկատում են ջրի հոսանքի հետ ընթացող խեղդված երեխային: Ամբողջ թաղամասը ոտքի է կանգնում փոքրիկին գետից հանելու համար. «Մենք շենքի ներսում, մահճակալի տակ ման եկանք երեխին: Տեսանք չկա, արդեն շենքից դուրս նայեցինք: Հա, ծնողներին տեղեկացրել ենք, ոնց չենք տեղեկացրել: Սովորաբար մինչև 9:30 երեխաները արդեն մանկապարտեզում են լինում: Ժամը 10-ը չէր լինի, նկատեցինք, որ երեխան չկա»,- պատմեց  Վարդանուշ Մնացականյանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սուսաննա Շավինյանն ասաց, որ կանոնակարգում է կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառի աշխատանքերը: «Անդառնալի դժբախտություն է պատահել, մեծ կորուստ է շատ: Դե նախաքննություն գնում է, կպարզվի պատճառներն ինչ են: Կոնկրետ երեխան ինչու է դուրս եկել շենքից չգիտեմ, չեմ կարող ասել»,- ասաց Ս․Շավինյանը։ Նրա խոքով՝ թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն 26 երեխա է հաճախում: Այդ օրը մանկապարտեզում եղել է 22 երեխա։

Թե առավոտյան մանկապարտեզի  երեխաների ընդունելությունից հետո որտեղ և ինչով է զբաղված եղել դաստիարակ Գայանե Մալխասյանը, չկարողացանք պարզել:

Մեկնաբանություններ (2)

Alina
Ոչ պրոֆեսիոնալ մարդիկ իրավունք չունեն աշխատել երեխաների հետ։ Սա մեր աղետն է, որ մանկապարտեզում երեխային բռնության են ենթարկում ինչ է թե իրենց ուզածն անեն, դպրոցում ժամերով ստրկամտացնում են երեխային՝ վիրավորելով նրան, նրա ծնողներին։ Քաղաքապետի ու աշխատակազմի ծանոթ դաստիարակները, դայակները, տնօրեններն ու մեթոդիստները մեր երեխաներին կյանքի հետ են խաղում։
Աննա
հանքային թալանի քաղաքում որևէ սոցիալական ծախս չի կատարվում, ինչպես ողջ հանքային ու ռազմական թալանի ենթարկվող երկրում։ Մեղավորը միանշանակ քաղաքապետարանն է, քաղաքաշինությունը, որը չի պատշաճորեն չի իրակացրել քաղաքաշինական այնպիսի աշխատանքներ, որ նման իրավիճակներ չլինեն․․․մանկապարտեզի խեղճուկրակ աշխատողներին են մեղավոր հանելու այդ ապիկար, թալանչի ու հանքաթաթախ չինովնիկների պատճառով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter