HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Ղ-Տելեկոմ»-ի ու «ԱրմենՏել»-ի վճարած հարկերը նվազել են

Հայաստանի բջջային կապի շուկայում գործող երեք ընկերությունները, որոնք բացի հեռախոսակապից մատուցում են նաև ինտերնետ կապի ծառայություններ, դասվում են երկրի խոշոր հարկատուների շարքին։

2016 թվականին, սակայն, նրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը զգալի անկում է ապրել։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) հրապարակած տվյալները` հանրապետության 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մասին։

2016 թվականի հունվար-դեկտեմբերին «Ղ-Տելեկոմ»-ը (ապրանքանիշը՝ vivacell) ՀՀ պետբյուջե է վճարել 12.8 մլրդ դրամի հարկեր և հայտնվել ՀՀ խոշորագույն հարկատուների ցանկի 8-րդ հորիզոնականում։ Ընկերության վճարած հարկերի ծավալն ու խոշորների ցանկում զբաղեցրած դիրքը 2015-ին շատ ավելի բարձր էր։ Մեկ տարում «Ղ-Տելեկոմ»-ի հարկերը կրճատվել են 5.8 մլրդ դրամով կամ շուրջ 31%-ով։ Արդյունքում, ընկերությունը խոշորների ցանկում 3-րդ հորիզոնականից նահանջել է 8-րդ հորիզոնական։

Հաջորդը «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն է՝ «ԱրմենՏել»-ը (ապրանքանիշը՝ beeline): Նախորդ տարի ընկերությունը վճարել է 12.4 մլրդ դրամի հարկ։ 2015-ի համեմատ` հարկերի ծավալը կրճատվել է 3 մլրդ դրամով կամ մոտ 20%-ով։ Նախորդ տարվա արդյունքներով` «ԱրմենՏել»-ը հանրապետության 9-րդ խոշոր հարկատուն է, իսկ 2015-ին՝ 7-րդն էր։

Եվ երրորդ բջջային օպերատորը՝ «Յուքոմ»-ը, ՀՀ պետբյուջե է վճարել մոտ 4.5 մլրդ դրամ։ Մեկ տարում հարկերի ծավալն ավելացել է 2.8 մլրդ դրամով կամ 2.8 անգամ։ Ընկերությունը նախորդ տարի խոշորներ հարկատուների ցանկում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը՝ 2015-ի համեմատ բարձրանալով 50 հորիզոնականով։

Ընդհանուր առմամբ, երեք ընկերությունները նախորդ տարի պետբյուջե են վճարել շուրջ 26.7 մլրդ դրամի հարկ։ 2015-ի համեմատ` այս ցուցանիշը նվազել է 6 մլրդ դրամով կամ շուրջ 17%-ով, ինչպես արդեն պարզ դարձավ` «Ղ-Տելեկոմ»-ի և «ԱրմենՏել»-ի հարկերի կրճատման հետևանքով։

«Յուքոմ» ընկերությունը բջջային կապի շուկա մուտք գործեց 2015 թվականի տարեկեսից հետո, երբ գնեց «Օրանժ» ընկերությունը։ Հետևաբար, ընկերության հարկերի ծավալի աճը 2016-ին, ենթադրվում է, մեծամասամբ պայմանավորված է հենց բջջային հեռախոսակապի շուկա մուտքով։

Ինչ վերաբերում է մյուս երկու օպերատորներին, ապա «Ղ-Տելեկոմ»-ի վճարած հարկերի ծավալը երրորդն տարին է, ինչ նվազում է։ Իսկ «ԱրմենՏել»-ի պարագայում՝ երկրորդ տարին է։ Սա ցույց է տալիս, որ չնայած այս ոլորտում առկա մրցակցությանը, ոլորտից պետբյուջե հոսող հարկերի ծավալը վերջին տարիներին կրճատվում է։ Եվ դա՝ հանրապետությունում հեռահաղորդակցության ոլորտի հասույթի կրճատմանը զուգահեռ։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր հասույթը 2016 թվականին կազմել է 143 մլրդ դրամ, որը  21.5%-ով պակաս է 2015-ի ցուցանիշից։  Այս ոլորտում ընդհանուր հասույթի գերակշիռ մասը ապահովվում է հենց բջջային կապի ծառայություններից։ Նախորդ տարվա 143 մլրդ դրամից 81 մլրդ դրամը (ընդհանուրի մոտ 57%-ը) գոյացել է բջջային կապի ոլորտից։ Մեկ տարում այս ոլորտի հասույթը նվազել է 16%-ով։

Համեմատության համար նշենք, որ լարային հեռախոսակապի ծառայություններից ստացվող հասույթը կազմել է 14.7 մլրդ դրամ, իսկ ինտերնետ հասանելիության ծառայություններից՝ 32.2 մլրդ դրամ։ Մնացած մոտ 15 մլրդ դրամն էլ գոյացել է հեռահաղորդակցության այլ տեսակի ծառայություններից։ 2015  թվականի համեմատ` լարային հեռախոսակապի ծառայությունների հասույթը նվազել է 24.5%-ով, իսկ ինտերնետ հասանելիության ծառայություններինը աճել 2%-ով։

Ներքևում գտնվող ինֆոգրաֆիկայում ներկայացրել ենք ներկայում գործող բջջային կապի օպերատորների վճարած հարկերի ծավալները 2012-2016թթ.։ Միայն «Յուքոմ»-ի մասով կրկին հիշեցնենք, որ ընկերությունը բջջային կապի շուկա է մուտք գործել 2015-ից։

Նաև հիշեցնենք, որ նշված երեք ընկերությունների հարկերի ծավալը պայմանավորված է ոչ միայն հեռախոսակապի ծառայությունների մատուցմամբ, այլև ինտերնետի: Ընդ որում՝ բացի բջջային հեռախոսակապից ու շարժական ինտերնետ կապից (այդ ծառայությունները միայն այս երեք ընկերություններն են մատուցում), նրանք մատուցում են նաև ֆիքսված հեռախոսակապի ու ֆիքսված ինտերնետ կապի ծառայություններ (ֆիքսված կապի շուկայում ընկերությունների թիվը մոտենում է 90-ի, որոնցից գերիշխում են 4-5-ն, այդ թվում՝ նշված 3-ը)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter