HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ի աջակցություն «Հաց բերող»-ի` Աշոտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել

Երեկ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, ի աջակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի, հացադուլ է հայտարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը։ Ժամեր անց նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

«Հետք»-ի հետ զրույցում Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն «Հաց բերող»-ին կալանքից ազատելու պահանջի։

«Ասաց, որ ուզում է այս քայլով իր աջակցությունը ցույց տալ։ Հասկանում է, որ որևէ մեկը, հատկապես իշխանություններից, ուշադրություն չեն դարձնի, բայց սրանով կփորձի Արթուր Սարգսյանի կալանքը վերացնելու հարցը ուշադրության կենտրոնում պահել»,- ասաց Պապիկյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ թեև Աշոտ Պետրոսյանը Արթուր Սարգսյանին ՊՊԾ գնդի գրավման օրերին չի տեսել՝ հրազենային վիրավորումով հիվանդանոց տեղափոխվելու պատճառով, բայց և բարձր է գնահատել նրա քայլը։

Պապիկյանը նշեց, որ Աշոտ Պետրոսյանը դեռևս թույլ է, չի կարողանում երկար քայլել: Նա նաև ոչ նպատակահարմար է համարում Պետրոսյանին «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու որոշումը, սակայն դրա մասին ավելի ուշ, փաստարկված ձևով կտեղեկացնի պատկան մարմիններին։

Նշենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter