HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ բարին ավելի բարի չէ, չարը՝ վերացական. մեդիալեզու և փորձ

Մարիամ Կարապետյան, մեդիահետազոտող

Ի՞նչ է լինում, երբ երեխան հասկանում է այն լեզուն, որով մուլտֆիլմ է դիտում: Օրինակ՝ հասկանում է այն բոլոր կատակներն ու ակնարկները, որ անում են  հերոսները: Բելին սիրահետող Գաստոնը «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմից պարզապես վատ տղայից վերածվում է հաղթանդամ ու գայթակղիչ կնամոլ խաբեբայի, որի խոսքերը երեխան արդեն սկսում է չհասկանալ և ապա յուրացնել այլ մակարդակում՝ իր սեփական լեզվի մեջ, ուրեմն՝ չհասկանալ որպես ինքնին իմաստներ և ոչ թե որպես լեզու: Օտար լեզվով մուլտֆիլմ դիտելիս երեխան կարողանում էր ապակոդավորել բացառապես կամ գլխավորապես պատկերներն ու ձայների ելևէջները, այժմ նաև՝ լեզվական նշանները: Հասկանալու կարիք և շահագրգռվածություն առաջանում է ուրեմն ոչ թե օտար լեզվի, այլ օտար իմաստի հանդիման՝ առանց միջնորդման: Սեփական լեզուն այլևս հանդես չի գալիս իբրև երկրորդային նշան՝ ետ մնալով պատկերներից, ձայներից և անհասկանալի լեզվով այդ բոլորի անվանվածության առաջացրած միջնորդավորվածությունից (այս վերջին պնդումը որպես, այսպես ասենք, «օտար լեզվի նշանագիտության» արդյունք կարող ենք կորզել) սեփական մայրենի լեզվի հետ հարաբերություններում:

Եվ այսպես, թարգմանված ֆիլմերում զգացմունքների հետ միասին երևան են գալիս կենցաղային իրավիճակների բազմություններ. հասկանալի լեզուն տեղեկություն է տալիս հանգամանքների և արդյունքների բազմազանության մասին: Իմ` չթարգմանված ֆիլմերի սերունդը թերևս ավելի քիչ էր ենթակա ավելի ու ավելի առևտրայնացող մեդիայի բացասական ազդեցություններին, քան այսօրվանը: Բարու և չարի մանկական փորձառությունը հեքիաթից չէր անցնում՝ մնալով չտարորոշված: Սա մոխրոտիկի, գեղեցկուհու և հրեշի, Սպիտակաձյունիկի և ընդհանրապես կյանքի որոշակի կատարելացման էր հանգեցնում. բարին ավելի բարի էր, չարը՝ վերացական: Իսկ այսօր լեզվի կենցաղային գրական (սա էլ լավագույն դեպքում) հայտնությունն աշխարհի ձևեր է հայտնում, որոնք բաղադրյալ են դարձնում բարին և չարը, և  որոնց հետ ընտրողաբար պետք է մերձավորություն և հեռավորություն հաստատել: Իսկ ընտրության գործոնը և՛ ավելի պատրաստ է դարձնում, և՛ ավելի անպաշտպան: Ուստի կարիք՝ ավելի շատ խոսելու սեփական երեխաների հետ:

Ռուսերենին վարժված հայախոսների  դժգոհությունն (ռուսերեին վարժված ռուսախոսների դժգոհությունը հասկանալի է) արտասահմանյան ֆիլմերի հայերեն թարգմանությունից հատկապես նախնական շրջանում թերևս նաև կիսատ հասկացման որոշակի հարմարավետությամբ էր պայմանավորված. ամեն բան հասկանալը հասկացման տարբաժանված հարթակների կարիք է առաջացնում, որ այլևս հանում է հարմարավետության բարձը՝ սևի ու սպիտակի երանգներ հայտնաբերելով: Այնինչ բազմատարր հասարակությունը հնարավոր է հենց այսպես՝ նաև այս տարբերությունների ընկալման և յուրացման հաշվին, որ տեղի է ունենում անձի սոցիալականացման ընթացքում: Ուստի մեդիան և՛ ավելի օգտակար է, և՛ ավելի վնասակար լեզվական մերձավորության պայմաններում:

Աշխարհի փորձառությունների հետ հայերենով առերեսվելն, այսպիսով, նաև փորձառությունների բազմազան կողմերն ընկալելու խնդիր է դնում, քանի որ լեզվի անհասկանալիությունն այլևս դադարում է փախուստի տեղ լինել նրբիմաստներից խուսանավելիս: Հասկանալի լեզուն տարբերակված և բաժանելի է դարձնում հասկացությունները: Մինչդեռ մեդիայի նշանների ապակոդավորման որոշ իմաստով արտալեզվական  փորձառությունը (լեզվի փոխարեն՝ պատկերներ, ձայն և ընդհանուր տպավորություն) մասամբ վերացարկում էր բուն լեզուն, մասնավորապես՝ մայրենի հայերենը: Եվ գուցե սա այն բանի պատճառներից է, որ այսօր թվում է՝ հայերեն կարելի է խոսել միայն վերամբարձ և վերացական կամ գռեհիկ, որ որպես իրականության «պաշտոնական» անվանումներից դուրս միակ հնարավոր իրական լեզու է ընկալվում:

Հայերենին, այսպիսով, դեռևս գրեթե միշտ «դրսից եկածի» հայացքով ենք մոտենում: Այս սկզբունքի դրսևորման դեպքերը բազմաթիվ են և կապված չեն միայն մեդիայի հետ:

Օրինակ՝ ինձ միշտ զբաղեցրել է բարբառախոսը, որ բանաստեղծում է գրական լեզվով: Բնական այս ուրիշությունն ի ծնե հնարավորություն է դառնում նրա համար: Լեզուն կողքից ու ներսից զգալու համար անհրաժեշտ այս կողմնակի կետը նրան տալիս է ծննդյան հանգամանքը՝ բնական մի նվեր կյանքից: Գրեթե երկլեզվության այս համաժամանակյա բնականություն-տարանջատվածությունը բավարար համաժամանակյա մերձության և հեռվության հնարավորություն է տալիս, որ անհրաժեշտ է սեփական լեզուն սեփական անձից տրոհելու համար (Պ. Վալերին ասում էր, որ ինչպես աճպարարն է ցույց տալիս ինքնին ձեռքերը, այնպես էլ բանաստեղծը՝ ինքնին լեզուն): Թերևս այստեղից էլ բարբառից սերած բանաստեղծների առատությունը մեզանում: Բայց ավելի բարդ և ոչ այնքան պոռթկուն, որքան կշռադատ խիզախման է մղում լեզուն լեզվի ներսից մտածելու և զգալու հնարավորությունը:

Բայց մենք չենք կարողանում տարածություն և հեռավորություն բուծել մեր ներսից (այս առումով ուշագրավ են սոցիալական խավի և լեզվի հեռավորության մասին մշակութաբան Հ. Բայադյանի դիտարկումները), ուստի հեռավորության համար միշտ օտարության կարիք ենք ունենում: Այդպես է նաև հայերեն և օտար բառի միջև ընտրություն կայացնելիս: Հաճախ անտեղի ենք քննադատում հայերեն բառերը՝ օտար բառի ծածկույթը չփոխանցելու հիմնավորմամբ, և չենք երևակայում բառիմաստի ընդլայնման և շարժունության հանգամանքները, որ հնարավոր են ինքնին նրբիմաստների առատության և ճկունության դեպքում: Նրբիմաստներ, որոնք կարող են զարգանալ միայն լեզվի գործնական կիրառման իրավիճակներում, երբ երևան են գալիս իմաստների ամենատարբեր համադրություններ և լծորդումներ, ինչպես նաև դրանց այդպիսի խմբավորման-խմբալուծման հանգամանքներն ինքնին: Այսպես բուծվում է լեզվի ճկունությունը: Ուստի շատ լավ է, որ մենք ֆիլմեր ու մուլտֆիլմեր ենք թարգմանում: Շատ կարևոր է նաև սեփական արտադրանքի փորձը. այսպես լեզվի բազմազան ձևերը կիրառելու իրավիճակներ են ստեղծվում, հնարավոր է դառնում լեզվի հեռավորությունը իրավիճակների մասնավորության միջոցով: Այս պնդումը ճիշտ է նաև առհասարակ լեզվի բնույթի տեսակետից: Հ. Գ. Գադամերն ասում էր, որ աշխարհի հետ լեզվի հարաբերությունից բխում է լեզվի առանձնահատուկ իրայնությունը (Sachlichkeit). «Իրադրություններն (Sachverhalte) են, որ լեզու են առնում (zur Sprache kommen): Բանը (Sache), որն այսպես ու այնպես է. այստեղ  է ինքնուրույն այլության ճանաչումը, որը ենթադրում է հատուկ հեռավորություն խոսողի և իրադրության միջև: Այս հեռավորության վրա է հիմնված այն, որ ինչ-որ բան կարողանում է առանձնանալ որպես հատուկ իրադրություն և դառնալ մի արտահայտության բովանդակություն, որ նաև մյուսներն են հասկանում» (Gadamer, Wahrheit und Methode):

«Սեփական արտադրության» մեդիալեզուն, ուրեմն, արժեքավոր և վտանգավոր փորձ է: Այս հասկանալի լեզուն կրկնելի է դարձնում մեդիայի ընտրասերած կոնկրետ փորձը, այնինչ անհասկանալի լեզուն առավելապես բազմապատկում էր դրանից ստացված անհատական կամ զանգվածային տպավորությունը (երկրորդ դեպքում գուցե ավելի գործուն էր դառնում երևակայությունը, բայց այն էլ, միևնույն է, կրում էր կոնկրետ թեմաների մասին զանգվածային պատկերացումների հետքերը): Նախընտրելին, անշուշտ, թարգմանությունն է և սեփական արտադրանքը, որ հարստացրել են մեր երեխաներին ոչ միայն հայերեն բառերով, այլև դրանց փոխանցած փորձի բազմազանությամբ: Մտահոգիչ է, սակայն, որ փորձառությունների բազմազանությունը մեծագույն մասով դեռևս մնում է թարգմանված եթերին, որովհետև հայկական արտադրանքում հայերենը դեռ չի հայտնաբերվում որպես բազմազան և տարբերակելի սոցիալական փորձերի հայտանիշ: Թարգմանված հայալեզու հեռուստաարտադրանքը նրբիմաստների ավելի մեծ բազմություն է առաջարկում, քան հայկական հայալեզու արտադրանքը. գռեհիկի և վերամբարձի (և՛ լեզվի, և՛ ինքնին դրա պատմած իրականության) փնտրված միջինը դժվարությամբ է հայտնվում հայկական արտադրանքում: Մեզանում քիչ է պատահել, որ գրական լեզուն հավակնի ծածկել սոցիալական կյանքի ողջ տիրույթը: Հիմա հավակնում է, որովհետև ինքնիշխան պետության պետական լեզու է: Բայց հենց այդ իրական հավակնության երևան գալն էլ պարզել է դրա իրական դժվարությունը, ի դերև հանել պատրանքները:

լուսանկարը` diney.wikia.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter