HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գործարաններն ու մթերողները գյուղացիներին պարտք են 1 մլրդ 467 մլն դրամ

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո կայացած ասուլիսին հայտարարեց, որ գյուղացիներին պարարտանյութ կրկին կտրամադրվի 6000 դրամով, քանի որ նախարարության ունեցած տնտեսումը չի օգտագործվի՝ պարարտանյութի գնի նվազեցման նպատակով: Նախարարի խոսքով` վերլուծությունները ցույց են տալիս, որ ավելի նպատակահարմար է գյուղացիներին աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով, քան շարունակել պարարատանյութի գինը նվազեցնել։

Նախարարը նաև հայտնեց, որ մյուս տարի նախատեսել են չսուբսիդավորել պարարտանյութերի ձեռքբերումը, սակայն, ըստ նրա, գյուղացին սովորել է, որ պետք է օգտագործի պարարտանյութը, և որ դրա ճիշտ օգտագործումից կարող է ստանալ բարձր բերքատվություն ու առողջ բերք: «Եթե նրանք այդ 1000 դրամով պետք է որոշեն, որ, դե լավ, չենք պարարտացնում, դա արդեն իրենց բիզնեսի որակի և ապագայի հետ է կապված»,- ասաց նա։

Առաքելյանի փոխանցմամբ՝ գործարանների և մթերողների ներկայացրած տվյալներով՝ մթերման պարտքերը այժմ կազմում են 1 միլիարդ 467 միլիոն դրամ. «Մենք հանդիպել ենք շատ հաճախ իրենց հետ, կապի մեջ ենք շաբաթական առումով և ճշգրտվում է տվյալները, թե ոնց է գնում մարումները։ Կազմված է մարման ժամանակացույց։ Իհարկե հնարավոր չէ անմիջապես մարել այդ պարտքերը՝ ելնելով գործարանների ֆինանսական ճգնաժամային իրավիճակից, բայց մինչև հունիս ամիսը 90 տոկոսը կմարվի»։

Գյուղատնտեսության նախարարության հաշվարկով՝ մթերման պարտքերից փետրվարին կմարվեն 586 միլիոն, մարտին՝ 415 միլիոն դրամ։

Խոսելով «Վինար» ընկերության` 2015 թվականից ունեցած խաղողի մթերման պարտքերի մասին՝ Առաքելյանը հիշեցրեց, որ դիմել էին դատախազություն՝ այդ գործընթացի կարգավորման համար, և օրեր առաջ տեղեկացել են, որ այդ գործարանի պահեստներում կա 12 000 դեկալիտր սպիրտ, որը պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը կապարակնքել է և «Վինար» ընկերությանը մի քանի օր ժամանակ տվել՝ իրացնելու համար։ Եթե այն չիրացվի, նախարարի խոսքով, նախորդ տարվա մեթոդով կխնդրեն որևէ ընկերության գնել դա, և գյուղացիների պարտքերը կմարեն։

Անդրադառանալով գյուղացիների վարկերին՝ Իգնատի Առաքելյանը նշում է, որ բանկերը չունեն 24%-անոց վարկեր, որոնցից շատ հաճախ օգտվել են գյուղացիները: Նրա դիտարկմամբ՝ գյուղացիները այդքան բարձր տոկոսով վարկեր վերցրել են ֆինանսական կառույցներից, որոնք տրամադրում են կարճաժամկետ վարկեր, որը ոչ վարկունակ գյուղացին կարողանում է վերցնել։ Նախարարը հավաստում է, որ այս պարագայում պետությունը գյուղացուն չի կարող արգելել վերցնել այդչափ տոկոսով վարկեր։

«Լուծում չունեմ։ Չեմ հասկանում` ինչ կարելի է անել, որովհետև դա այդքան գյուղատնտեսության նախարարության ուղղությունը չէ, ինչքան բանկերի, կենտրոնական բանկի»,- հավելեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter