Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ապրիլյան քառօրյայում վիրավորված Արսենին վերափորձաքննություն է նշանակվել



Ապրիլյան քառօրյա պատերազմին վիրավորված Արսեն Բադալյանին հաշմանդամության կարգի համար վերափորձաքննություն է նշանակվել: Այս մասին «Հետքի» գրավոր հարցման պատասխանում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Արսեն Բադալյանը Կապանից է, 23 տարեկան: Ապրիլի 2-ին ընկերների հետ կամավորագրվել է ԵԿՄ-ին, հաջորդ օրը գնացել են Գորիս (համազգեստ ու զենք են ստացել այստեղ), որտեղից՝ Ստեփանակերտ, ապրիլի 4-ին արդեն Մատաղիսում էին:

Ապրիլի 6-ին ականի պայթյունից Արսենը վիրավորվել է: Նրան տեղափոխել են Մարտակերտ, որտեղ հեռացրել են փայծաղը, վիրահատել են ստամոքսը, և մինչ օրս մեջքի ձախ մասում ականի բեկոր կա: Արցախից ուղղաթիռով վիրավորներին, այդ թվում՝ Արսենին, տեղափոխել են Երևան: 8 օր գտնվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Կամավորականը նաև նշում է, որ կոնտուզիա է ստացել: 

Կապանցի երիտասարդի ասելով՝ վիրավորման հետքերը դեռևս թարմ են: Քանի որ ծանր աշխատանքով չի կարող զվաղվել, սննդակարգն էլ արդեն հատուկ է, մտածում է, որ հաշմանդամության թոշակը կազատի մի բեռից:

Նախարարությունն իր պատասխանում ներկայացրել է, թե ինչ ընթացք է ունեցել Արսենի բժշկակասոցիալական փորձաքննությունը (ԲՍՓ): Նա անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին դիմել է Սյունիքի թիվ 1 ԲՍՓ հանձնաժողով: Վերջինս հունվարի 10-ին գործը մասնագիտական խորհրդատվության նպատակով ներկայացրել է ՀՀ ԲՍՓ գործակալության վերափորձաքննության բաժին: Սակայն առանց պատասխանը ստանալու Սյունիքի հանձնաժողովը հունվարի 24-ին որոշում է կայացրել Արսեն Բադալյանին հաշմանդամ չճանաչելու մասին:

Երիտասարդի մոտ եղել է «հրազենային, ականապայթունային վիրավորում (06.04.2016 թ.), կատարված սպլենէկտոմիա, ենթաստամոքսային գեղձի և ստամոքսի կարում, ձախ գոտկային շրջանի հրազենային բեկոր» ախտորոշում:

Հանձնաժողովը կարգ չի տրամադրել հետևյալ պատճառաբանությամբ. «Հրազենային, ականապայթունային վիրավորումից հետո կատարված սպլենէկտոմիան, ենթաստամոքսային գեղձի և ստամոքսի կարումը, ներկայումս առանց ֆունկցիայի խանգարման չի հանգեցրել կենսագործունեության որևէ սահմանափակման, ուստի ՀՀ կառավարության 13.06.2003 թ. N 780-Ն որոշման դրույթներին համապատասխան հաշմանդամություն սահմանելու հիմքեր չկան»:

Արսենը Սյունիքի թիվ 1 ԲՍՓ հանձնաժողովի որոշումը բողոքարկել է վերադասության կարգով, փետրվարի 20-ին նշանակվել է վերափորձաքննություն: Ըստ նախարարության՝ այն իրականացվելու է ընդլայնված կազմով՝ ՀՀ ԲՍՓ գործակալության վերափորձաքննության բաժնի մասնագետների և ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների (թերապևտ, նյարդաբան, վիրաբույժ) մասնակցությամբ:

Արսենն արդեն Երևանում է: Նա այսօր մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ վերափորձաքննության մասին իմացել է օրեր առաջ, սակայն դրա հետ հույսեր չի կապում: Այսօր նա նաև «Էրեբունի» հիվանդանոց է գնալու կոնտուզիայի հարցով: Առողջապահության նախարարությունից ուղեգիր է ստացել:

Լուսանկարում ձախից՝ Ա. Բադալյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ