HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանը չի կարողացել տեսակցել «Հաց բերողին». նրան փորձել են խուզարկել

Փաստաբան Տիգրան Եգորյանին երեկ չի հաջողվել տեսակցել «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող, 6 օր հացադուլի մեջ գտնվող, «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին: Փաստաբանը մեզ փոխանցեց, որ իրեն փորձել են խուզարկել մինչ Արթուր Սարգսյանի մոտ մտնելը, ինչը Տիգրան Եգորյանը թույլ չի տվել:

Փաստաբանը բողոքներ է պատրաստել՝ ուղղված տարբեր մարմիններին: Նաև ասաց, որ այսօր ևս ցանկանում է մեկ անգամ էլ փորձել տեսակցելու Արթուր Սարգսյանին: Դեռ երկու օր առաջ Տիգրան Եգորյանը, տեսակցելով «Հաց բերողին», «Ա1+»-ին հայտնել էր, որ նա չի կարողանում անկողնուց վեր կենալ:  

«Եթե իր փաստաբանին չեն թողնում, ուրեմն Արթուրի վիճակը շատ լուրջ է»,-կարծիք հայտնեց Արթուրի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը:

Փետրվարի 14-ին մի խումբ փաստաբաններ հայտարարություն էին տարածել, որ հատկապես «Դատապարտյալների հիվանդանոցում» հաճախակի են դարձել փաստաբաններին խուզարկելու փորձերը: Երեկ էլ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը նույն պատճառով չի կարողացել տեսնել իր պաշտպանյալին «Արմավիր» ՔԿՀ-ում:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին ՊՊԾ գնդում «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը առաջին անգամ ձերբակալվել էր հուլիսի 31-ին, ապա կալանավորվել: 6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը. կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն 40 օր անց՝ փետրվարի 9-ին նրան կրկին ձերբակալել ու կալանավորել են՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալու հիմքով ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ մեկ օր անց՝ ի նշան կալանավորման դեմ բողոքի, հայտարարել է հացադուլ:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդներ պահելուն, զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանի մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, նա տարել է նաև ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոթեզավորմամբ, ունի  որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափի: 2-րդ խմբի հաշմանդամ է: Արցախյան պատերազմի ժամանակ սնունդ է մատակարարել ազատամարտիկներին ու ստացել վիրավորում: Ունի ֆիզիկական գործունեության սահմանափակումներ, հատուկ պայմանների կարիք: Նշենք, որ Բեխտերևի հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter