HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Վնասվածքը՝ հանցանքի մեջ կասկածվելու առիթ․ կայացավ Գասպարյանի գործով առաջին դատական նիստը

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ տեղի ունեցավ Համլետ Գասպարյանի գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ ըստ Համլետ Գասպարյանի պատմածի՝ 2016թ. սեպտեմբերի 4-ին երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում հորաքրոջ տնից դուրս գալիս շքամուտքում վայր է ընկել և վնասել քիթը։ Հաջորդ օրն առավոտյան ոստիկանները, առանց որևէ հիմք ներկայացնելու, նրան կնոջ և մոր հետ միասին բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ վերջինիս ծեծի են ենթարկել՝ պահանջելով «խոոստովանել», թե ով և ինչի համար է հարվածել քթին։ Իսկ օրեր անց ոստիկանները ներկայացել են Գասպարյանների տուն՝ խուզարկության, և հայտարարել, որ Համլետը կողոպուտ է կատարել՝ փորձելով Նաիրա Վարդանյանի պարանոցից հափշտակել թանկարժեք ոսկյա շղթա։  

Գասպարյաններն իրենց հերթին դիմել են ոստիկանություն՝ բողոքելով ոստիկանների վատ վերաբերմունքի և ծեծի դեմ։ 2016թ. դեկտեմբերի 29-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Գասպարյանների հաղորդման հիման վրա Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Հովհաննիսյանի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին՝ մոր և Համլետի քաղաքացիական կնոջ ցուցմունքները որակելով որպես «կասկած»։  

Տուժող կողմը այսօր չէր ներկայացել դատական նիստին՝ պատճառաբանելով վատառողջ լինելով։ Նիստերի քարտուղարը նախագահող դատավորին և մասնակիցներին տեղեկացրեց, որ տուժողը պատշաճ ծանուցված է եղել, վերջինս առավոտյան հեռախոսային զրույցի ժամանակ պարտավորվել է ներկայանալ, սակայն հետո զանգահարել է և հրաժարվել։  

Այդուհանդերձ, դատավորը մերժեց ամբաստանյալի պաշտպան Թամարա Բաղդասարյանի նիստը հետաձգելու մասին միջնորդությունը և որոշում կայացրեց դատական նիստն առանց տուժողի ներկայության սկսելու մասին։ Դատախազ Արծրուն Առաքելյանը հաստատեց մեղադրանքը և ներկայացրեց գործի հանգամանքները։ Համլետ Գասպարյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց և հրաժարվեց հիշատակված դեպքին որևէ առնչություն ունենալուց։ Դատավորը կողմերից հետաքրքրվեց, թե ապացույցների հետազոտման հերթականության վերաբերյալ ինչ առաջարկություն ունեն։ Ամբաստանյալի պաշտպանը նշեց, որ քանի որ գործի նյութերի վերաբերյալ տուժողին ներկայացնելու հարցեր ունի, նախընտրելի է, որ սկզբում ուսումնասիրվեն դրանք։ Դատավորը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ընդունելով ապացույցների հետազոտման հետևյալ հերթականությունը․գործի նյութերի հետազոտություն, տուժողի, վկաների հարցաքննություն և վերջում ամբաստանյալի հարցաքննություն։

Դատավորն այս անգամ բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը՝ հետաձգել դատական նիստը՝ հաջորդ նիստին ապահովելով տուժողի ներկայությունը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 7-ը, ժամը՝ 10։30։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter