HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«SOS» նախագծի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը պնդում է, որ ոստիկաններին վիրավորելու մտադրություն չի եղել

Ամալյա Մարգարյան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում կայացավ SOS նախագծի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հետազոտվեցին կողմերի ներկայացրած ապացույց հանդիսացող սկավառակները:

Ոստիկանության ներկայացուցիչ Արկադի Մարգարյանը դատական նիստի ընթացքում անդրադառնալով հաղորդման ընթացքում ցուցադրված՝ ոստիկանության գործողությունները պատկերող կադրերին, ասաց.

«Վաղուց վերացվել է նախնադարյան այն մոտեցումը, որ ոստիկանը մոտենա քաղաքացուն, այն էլ կնոջը ու բռնի գործողություններ կատարի»:

Որպես ապացույց հանդիսացող առաջին սկավառակում ներկայացված էր SOS թիվիի G/7 հաղորդումը: Ոստիկանության շահերի ներկայացուցիչ Արկադի Մարգարյանը տեսանյութը դիտելուց հետո դատարանի ուշադրությունը հրավիրեց հաղորդման ընթացքում հաղորդավարի հանդերձանքին` այն համեմատելով ոստիկանական համազգեստի հետ:

«Կրում էր համազգեստ, որը տեսողական ընկալման մեջ ասոցացվում է ոստիկանության համազգեստի կամ հատուկ ուսադիրներ ունեցող համազգեստի հետ: Ակնհայտ է՝ դա արված էր, որպեսզի հավաքական կերպով ցուց տրվի ոստիկանի կերպարը, և լսարանը հասկանա, որ խոսքը գնում է ոստիկանության ծառայողների մասին»,-ասաց Մարգարյանը:

Նա պնդեց նաև, որ հաղորդման վերնագիրը` «Գ ու հենց ընենց յոթ»-ը, ոչ ավելին է քան քողարկված բառախաղ, ձայնային մեկնաբանության և տեսապատկերի հետ ամբողջացրած. «շարքային քաղաքացին տեսալսողական ասոցացիաներով  հասկանում է, թե այդ արտահայտությունն ինչ բնույթ ունի»,-հավելեց Մարգարյանը:

Շարունակելով խոսքը, ներկայացուցիչն ասաց, որ հաղորդման մեջ հնչեցված կարծիքները միտումնավոր էին, որպեսզի նսեմացնեն ոստիկանության բարի համբավը և հասարակության մեջ նրա վստահությունը թուլացնեն: Ոստիկանության ներկայացուցիչը ուշադրություն հրավիրեց նաև հայցադիմումի մեջ գրված և հաղորդման ընթացքում հնչած «զաբոռալպստման» բաժին արտահայտության վրա:

«Կադրում նախագահի նստավայրն է, որի առաջ ճաղավանդակներ են: Հաղորդավարն ակնհայտ նպատակ ունի ցույց տալ, որ այնտեղ կանգնած ոստիկաններն այսպես ասած լպստում են այդ զաբոռը` ճաղերը»,- նշեց Արկադի Մարգարյանը, ապա ավելացրեց, որ ոստիկանության գործողությունների վերաբերյալ օգտագործել են այն կադրերը, որոնք նպատակահարմար են գտել, որոնց նպատակը լսարանի մոտ անվստահության և անհարգելի վերաբերմունքի առաջացնելն է:

«Ծաղկաքաղով նրանք կադրերը ցուցադրում են, 15-20 վրկ ընթացքում ցույց են տալիս ոստիկանության բացառիկ անհարգալից վերաբերմունքը: Ակնհայտ դիտավորությամբ վերցնում են այն կադրերը, որտեղ երևում են, թե այդ կանանց ինչպես են տեղափոխում մյուս մայթը: Այսինքն կիրառվում է ֆիզիկական միջամտություն, որին, վստահ եմ, նախորդել է հանգիստ համոզելու գործընթաց»,-ասաց ոստիկանության ներկայացուցիչը:

Վիլեն Գայֆեջյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը, անդրադառնալով ոստիկանության ներկայացուցչի հնչեցրած կարծիքին ու մեկնաբանությանը, ինչպես նաև հայցադիմումում ներկայացրած կետերին, ասաց, որ մարդը իր դժգոհությունն արտահայտելու իրավունք ունի, որդեկորույս ծնողներն էլ իրենք դժգոհությունն են արտահայտել նախագահից, իսկ հաղորդման ընթացքում ցուցադրվել են այդ կադրերը, ապա անդրադարձ կատարեց նաև հաղորդավարի հանդերձանքին ու ասաց.

«Դիտավորություն չկա անձը կրում է համազգեստ նաև այն կադրերում, որոնք ոստիկանության մասին չեն, ներկայացնում են հավաքական այլ մարմնի հետ կապված հարցեր: Հագուստը որպես նույնականացման հնարավոր հանգամանք հերքվում է»:

Հայկուհի Հարությունյանը նշեց նաև, որ հայցադիմումի մեջ նշված «շան տղերք» արտահայտությունը հաղորդման ընթացքում չի հնչում, հնչում է «շան տղա», բառերը, ապա հավելեց, որ այդ երկու բառակապակցությունները տարբեր են:

Դատական նիստի ընթացքում ներկայացրեց նաև մեկնաբանություն կապված հաղորդման վերնագրի հետ ` «Գ ու հենց ընենց յոթ», թե փաստաբանը, թե Վիլեն Գայֆեջյանը պնդեցին, որ այդ արտահայտությունը որևէ վիրավորանք չի պարունակում, այն կապված է մեծ յոթնակի երկրների և Հայաստանի տնտեսական վիճակի հետ:

Այս գործով հաջորդ դատական նիստին կողմերը հանդես կգան վերջին ելույթով, նիստը կկայանա փետրվարի 28-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter