HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ամուլսարի գործով դատական նիստը հետաձգվեց

Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը երեկ՝փետրվարի 16-ին, հետաձգեց Ամուլսարի գործով Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի քաղաքացիների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների՝ «Էկոլոգիական իրավունքի» և «Էկոդարի» հայցի քննությունն ՝ ընդդեմ պետական մի քանի գերատեսչությունների:

Մասնավորապես՝ հայցվորները վիճարկում են Ամուլսարի շահագործման վերաբերյալ Էներգետիկայի և բնական պաշարների, Բնապահապանության նախարարությունների կողմից դրական եզրակացությամբ տրված փորձաքննությունները, ինչպես նաև առանձին հայցով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից տրված դրական եզրակացության իրավաչափությունն ու հանքի շահագործման համար հիմք ծառայող այլ թույլտվություններ:

Հայցվոր կողմի պնդմամբ՝ պետական գերատեսչությունների կողմից տրված շրջական միջավայրի ազդեցության վրա գնահատման դրական եզրակացությամբ բացարձակ անտեսվել և խախտվել են «Սևանա լճի մասին» և «Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների մասին» օրենքները:

Մասնավորապես՝ ըստ «Սևանա լճի մասին» օրենքի՝արգելվում է Սևանի ջրահավաք ավազանում իրականացնել որևէ հանքարդյուանբերական գործունեություն, ինչպես նաև վատթարացնել Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների ապրելավայրը, ինչը տարիներ շարունակ անում է Ամուլսարի ոսկու ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» կազմակերպությունը (նախկին՝ Գեոթիմ):

Հայցվոր կողմը, հղում կատարելով բազմաթիվ փորձագետների՝ պնդում է, որ Ամուլսարի շահագործման դեպքում վտանգվելու են Հայաստանի քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարները, Սևանա լիճը, հանքային բուժիչ ջրերով հայտնի Ջերմուկ առողջարանային քաղաքն ու Որոտան-Արփա ջրատար թունելն, իսկ Գնդեվազ գյուղը ենթարկվելու է անուղղակի տարահանման, քանի որ գյուղից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա նախատեսվում է տասը տարի շարունակ խիստ թունավոր նատրիումի ցիանիդի միջոցով տարեկան վերամշակել 10 միլիոն տոննա հանքաքար:

Այսօրվա դատական նիստին հայցվորներից մեկը՝ Արթուր Մկրտչյանն, ով Գնդեվազ համայնքի բնակիչ է, դատարան չէր ներկայացել: Մկրտչյանին փոստային ծառայության միջոցով դատարանի կողմից ծանուցագիրն էր ուղարկվել, դատարանում առկա էր փոստային ծառայության՝ հայցվորին նամակն ուղարկելու հավաստիությունն ապացուցող փաստաթուղթ, սակայն մինչև նիստի պահը դատարանին հայտնի չէր դարձել որևէ ապացույց այն մասին, որ Մկրտչյանը նամակը ստացել է, ուստի դատարանն այդ հանգամանքը պարզված չլինելու պարագայում որոշեց հետաձգել նիստը:

Նշենք, որ այսօրվա նիստին դատարան էին եկել նաև խնդրով մտահոգ քաղաքացիներ`իրենց հետ բերելով «ջուր, թե՞ ցիանիդ», «ո՛չ Ամուլսարի հանքին» և այլ գրությամբ պաստառներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter