HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ներդրումային ծրագիր՝ թերի գործող ժամատախտակներով

Երևանյան կանգառներում էլեկտրոնային ժամատախտակների գործարկումը մեկնարկել է 2013 թվականին և ավարտվել 2016-ին։ Էլեկտրոնային ժամատախտակների տեղադրման նախագիծը «Սիթիֆորմատ» գովազդային գործակալության առաջարկն էր։ Ընկերությունը ժամատախտակները շահույթ հետապնդելու նպատակով է տեղադրել, քանի որ դրանք նախատեսվել են շարժական գովազդների համար։ Այդ ժամատախտակների մի էկրանին պետք է երևա գովազդային հոլովակը կամ հայտարարությունը, մյուսին՝ տրանսպորտային միջոցի ժամանման ժամատախտակը։

Երևանի քաղաքապետարանը դեռևս 2015-ին ankakh.com-ին հայտնել է, որ ներդումային այս ծրագիրն արժեցել է 300 մլն դրամ, որն այժմ համարժեք է 616 հազար դոլարի։

Ընկերության ներդրումային այս ծրագրով 2013-ից մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի առավել ակտիվ 50 կանգառներում տեղադրվել են էլեկտրոնային ժամատախտակների 50 սարքավորումներ, և 200 ավտոբուսներ կահավորվել են  GPS ինքնատեղորոշման սարքերով: «Սիթիֆորմատ»-ն այս աշխատանքները իրականացրել է իր ներդրումներով և մինչ օրս ապահովում է դրանց տեխնիկական սպասարկումը, թեև դրանց մի մասը ոչ լիարժեք է գործում։

«Ի տարբերություն այլ քաղաքների, որտեղ նման համակարգերը տեղադրվում են մունիցիպալ բյուջեներով և տեղադրվում են պարզ լուսադիոդային էկրաններ՝ միայն տեքստային տեղեկատվություն ներկայացնելու հնարավորությամբ, Երևանում տեղադրվեցին բարձր կետայնությամբ էկրաններ, որոնք բացի ժամատախտակի տեղեկատվությունը ներկայացնելուց, կարող են ցուցադրել նաև վիդեոնյութեր, ինչը հնարավորություն տվեց այս նախագիծն իրականացնել մասնավոր ներդրումներով»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Էլեկտրոնային այս ժամատախտակների 60%-ը տեղադրվել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետ ընկերությունը գերակշռող քանակով ժամատախտակներ տեղադրել է Արաբկիրում։

Քաղաքապետարանի՝ մեզ տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ էլեկտրոնային ժամատախտակներ տեղադրվել են 12 վարչական շրջաներից միայն 6-ում։

Երևանյան մեր դիտարկած մի քանի կանգառներում տեղադրված ժամատախտակները ճշգրտությամբ չեն աշխատում, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցի ժամանման ճշգրիտ ժամը չեն ցուցադրում, որոշներն էլ միացված չեն, կան այնպիսիները, որոնց միայն գովազդային կողմն է աշխատում, իսկ տրանսպորտային միջոցի ժամանումը ցույց տվող էկրանն անջատված է։

Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն մեր հարցմանն ի պատասխան նշել է, որ չվացուցակների շահագործման առումով կան  թերություններ, մասնավորապես՝ չվացուցակների վրա սակավ տեղեկատվություն ներկայացնելը: Պատճառն այն է, որ ոչ բոլոր տրանսպորտային միջոցներն են կահավորված GPS սարքերով։

Ներդրումային այս ծրագիրն իրականացնող «Սիթիֆորմատ» ընկերության հետ մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել. ընկերությունից նախ ասացին, որ կզանգահարեն, հետագայում այդ հեռախոսահամարը գրեթե մեկ ամսից ավելի անհասանելի դարձավ։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Սիթիֆորմատ» ընկերության բաժնետոմսերը  25-ական %-ներով պատկանում են Արմեն և Կարեն Գասպարյաններին, իսկ 50%-ը պատկանում է «Մեդիասիթի» ընկերությանը, որի բաժնետերերն են Հայկ Սարգսյանն ու  Արման Սահակյանը։

«Սիթիֆորմատ» ընկերության հետ փոխկապակցված անձինք՝ մասնավորապես «Մեդիասիթի» ընկերության տնօրեններ Էդուարդ Սիմոնյանը և Սամվել Բադալյանը փոխկապակցված են մեկ տասնյակից ավել գովազդային ընկերությունների հետ։

Այդ ընկերություններից երեքում՝ «Ինդիվիդում մեդիա»-ում, «Էմ Յու մեդիա»-ում և «Ուլիս մեդիա» ՍՊԸ-ում 2006-2011 թվականներին, մինչ նոր պաշտոնին անցնելը, աշխատել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության ներկայիս պետ Արազ Բաղդասարյանը։

Ժամատախտակների տեղադրումը կշարունակվի այլ «ֆորմատով»

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանի դիտարկմամբ՝ ներդրումային այս ծրագիրը մասնավոր-համայնք համագործակցության արդյունք է, որն իրականացվել է ամբողջ ծավալով։
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Սարգիս Մանուկյանը, երևանյան այլ կանգառներում էլեկտրոնային ժամատախտակների տեղադրման ծրագիրը կշարունակվի քաղաքապետարանի՝ տրանսպորտային համակարգի բարելավման համալիր ծրագրի շրջանակներում։ Այդ ծրագրով նախատեսվում է էլեկտրոնային ժամատախտակների համակարգի զարգացում, որի ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցները կկահավորվեն GPS սարքերով, և կանգառներում կավելացվեն էլեկտրոնային ժամատախտակներ, որոնք հնարավոր է նաև հարմարեցվեն սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց:

Բացի այդ, դրա շրջանակներում մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի բոլոր միջոցները՝ տրոլեյբուսները, միկրոավտոբուսները և այլ տրամասպորտային միջոցներ կկահավորվեն GPS համակարգով:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Աննա
Պարոն տարոնը իսկապես հայերենից թույլ է, բայց լրագրողները հո՞ գիտեն, որ ՉՎԵԼ, նշանակում է թռչել, և ՉՎԱՑՈՒՑԱԿը օգտագործվում ա օդանավակայաններում որպես ԹՌԻՉՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ։ Լավ, խի՞ եք անգրագետների լեզուն կրկնօրինակում․․․ փոխեք ու ստիպեք, որ նրանք ձեզ չտգիտացնենք․․․ ժամանակացույց բառը շա՞տ դժվար բառ է։ կամ «ժամատախտակ»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter