HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ընտրական շախմա՞տ, թե՞ ըմբշամարտ. ի՞նչ դիրքերից են սկսում խաղացողները

Երեկ հայտնի դարձավ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վերջնական շրջանակը: Պահանջվող փաստաթղթերը, թեկնածուների համապետական և տարածքային ցուցակները ԿԸՀ է ներկայացրել 9 քաղաքական ուժ: Դրանցից 5-ը՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Հայկական վերածնունդ»-ը (ՀՎԿ), «Ազատ դեմոկրատներ»-ը և ՀԿԿ-ն, հանդես են գալու կուսակցական ցուցակներով: Մնացած 4-ը նախընտարական դաշինքներ են. «ՀԱԿ-ՀԺԿ»-ն, «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից բաղկացած «Ելք»-ը, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «ժառանգություն», Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» և առանց սեփական քաղաքական թիմի հանդես եկող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ձևավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»-ը, ԲՀԿ, «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցություններից ստեղծված «Ծառուկյան»-ը:

Քաղաքական մարաթոնի դուրս եկող ուժերը ամբողջապես կամ մասնակիորեն հրապարակել են իրենց ցուցակները, որոնց կառուցվածքային նկարագրերը, ձևավորման սկզբունքները թույլ են տալիս որոշ հետևություններ անել նրանց հավակնությունների, ռազմավարական և մարտավարական յուրահատկությունների, նպատակների, քաղաքական դաշտում դիրքավորման մեկնարկային վիճակի մասին: 

ՀՅԴ

Ցուցակի ձևավորման հարցում ցուցաբերել է ավանդական և կանխատեսելի մոտեցում: Առաջին պլանում լիդերներն են, սակայն «ծանր հրետանին» կազմելու են կառավարությունում նրա անդամները, ինչպես նաև՝ ցուցակի երկրորդ տասնյակում հանգրվանած համեմատաբար նոր, երիտասարդ և վերջին շրջանում որոշ ակտիվություն ցուցաբերած անհատները: Հանդես է գալիս «հնաբնակների» և թարմ ուժերի սինթեզային քաղաքական թիմով: Հիմնական ուժեղ կողմը կայուն, թեև ոչ մեծ ընտրազանգվածն է: Հիմնական խնդիրը ՀՀԿ-ի ստվերից դուրս գալն է, ինչում կուսակցությանը կարող է օգնել ունեցած ազգային, գաղափարական և ծրագրային ուրույն պլատֆորմը: Դատելով «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսից՝ քարոզարշավի ընթացքում շեշտադրումը կկատարի այսպես կոչված «ներսից բարեփոխումների» գծի շարունակման վրա:

ՀՎԿ

Հանդես է գալիս իբրև հարյուրավոր մանր ուժերի միաձուլման արդյունքում ծնված կուսակցություն, սակայն իրականում անվանափոխված ՕԵԿ-ն է: Ցուցակի առաջին տասնյակը բացառապես նախկին ՕԵԿ-ականներն են: Այդ հատվածում նախկին մանր ուժերի ներկայացուցիչների բացակայությունը վկայում է, որ կուսակության անվանափոխությունը հետապնդում էր հեղինակազրկված ՕԵԿ անվանումից ձերբազատվելու նպատակ: Ընտրել է «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի» կարգախոսը, որի «գործողության դիապազոնը», փաստորեն, սահմանափակվում է ընտրություններով: Ներկուսակցական կուռքի վերածված առաջնորդի՝ Արթուր Բաղդասարյանի վերջին օրերի հայտարարությունները վկայում են, որ, ինչպես միշտ, գործադրվելու է լայն թափով սոցիալական պոպուլիզմի քարոզչական մարտավարությունը, որը կարող է ազդել ցածր իրավագիտակցություն ունեցող և սոցիալապես անապահով ընտրազանգվածի վրա: 

«Ազատ Դեմոկրատներ»

Ցուցակի առաջին տասնյակը փորձագիտական ներուժ ունի և կարող է խորհրդարանական դեբատներում արժանապատիվ պաշտպանել լիբերալ գաղափարախոսությունը: Ընտրություններում հանդես է գալիս փաստացի որպես դաշինք՝ հիմնականում ԱԴ և «Ժառանգություն» կուսակցությունների մասերի, ինչպես նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի միավորման արդյունքում: Սակայն, ցուցակը ձևավորվել է կուսակցական ձևաչափով,  ինչը մատնում է, որ նպատակը խորհրդարան անցնելու նվազագույն 7 տոկոսանոց շեմի հաղթահարման խնդրին բախվելուց խուսափելն է: Այսինքն, իրատեսորեն գնահատելով հնարավորությունները՝ առավելագույն նպատակը համարում է ԱԺ-ում ներկայություն ապահովելը: Թիմը էությամբ քաղաքական է: Ունի հիմնական 2 խնդիր՝ հանրային ընկալումներում լիբերալ գաղափարախոսության հանդեպ առկա որոշակի անվստահությունը և դաշինքի ընդգծված և անթաքույց արևմտամետ արտաքին կողմնորոշումը: ԱԺ անցնելու դեպքում հանդես կգա որպես Արևմուտքի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի շահերի «խոսափող»՝ մասնակիորեն հակակշռելով անխուսափելիորեն մեծամասնություն ձևավորելու հավակնություն ունեցող պրոռուսական կողմնորոշմանը: 

ՀՀԿ

Քաղաքական մեծամասնություն ունեցող ուժը ստիպված հանդես է գալու պաշտպանվողի դերում: Ընտրական օրենսգրքով ընտրատարածքներում կեղծարարության մեխանիզմների զգալի չեզոքացումը ստիպել է իր զինանոցում ավելացնել քաղաքական գործիքակազմը: Որպես այդպիսին՝ առաջին պլանում լինելու է նոր, բարեփոխիչ կերպարով հանդես գալը: Ցուցակի առաջին տասնյակում համեմատաբար թարմ, դեռևս կոռուպցիոն սկանդալներում, օլիգարխիայի հետ չասոցացվող կերպարներ են: Կառավարման համակարգի բոլոր արատներն իրենցով մարմնավորող անձինք մղվել են ցուցակի երկրորդ-չորրորդ և ավելի հետին տասնյակներ, որոնք ՀՀԿ-ում համարում են անցողիկ: Գործադրվել է մանիպուլյացիոն հնարք. նոր դեմքերին առաջ քաշելով ու հանրային ուշադրությունը ցուցակի այդ հատվածի վրա սևեռելով՝ իշխանությունը փորձում է ապահովագրել հեղինակազրկված կոնյունկտուրային էլիտայի գրեթե լիակատար վերարտադրումը:

Ցուցակն ինտրիգային է ապագա իշխանության կառուցվածքի սերժսարգսյանական տեսլականի անորոշության առումով: Չնայած համակարգային փոփոխությունների ճարտարապետի և իշխանության պոտենցիալ ժառանգորդի դերում վերջին 5 ամիսներին հետևողականորեն տիրաժավորվում էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր նորարար, բարեփոխիչ կերպարով, սակայն ՀՀԿ ցուցակում նրա թիմը համարժեք ներկայացված չէ: Տպավորություն է, թե միտումնավոր ցուցակում վարչապետի դիրքերը թուլացված են: Փոխարենը Վիգեն Սագսյանի կողմից ցուցակը ղեկավարելու Սերժ Սարգսյանի որոշումը հուշում է, որ ի դեմս նրա՝ ասպարեզ է բերվում նոր խաղացող, որի վրա պաշտոնավարման ժամկետն ավարտող նախագահը կարող է խաղադրույք կատարել: Սա Կարեն Կարապետյանի հավակնությունները չափավորելու նախաձեռնության է նման:

Թիմը քաղաքական է կիսով չափ: Ռեյտինգային ընտրակարգով կրկին առաջադրվել են հիմնականում նախկինում իշխանության հաղթանակն ապահովող օլիգարխիկ դեմքեր, թաղային հեղինակություններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Այսինքն, անկախ ստեղծած դիմափոխության պատրանքից՝ ՀՀԿ-ն լիարժեք գործի է դնելու ընտրատեղամասից դուրս ընտրողների մոբիլիզացման  բոլոր հնարավոր մեխանիզմները: Մեծամասնություն ձևավորելու դեպքում ԱԺ-ում կրկին զգալի կլինի օդիոզ, հանրային հակակրանք հարուցող անձանց տեսակարար կշիռը:

ՀԿԿ

Բացահայտ աութսայդեր է, ընտրություններին մասնակցում է ձևականորեն: Փորձում է լուծել միայն մեկ՝ կոմունիստական փշուր-փշուր եղած ու առանձնացած քաղաքական միավորներին կրկին մեկ դրոշի տակ համախմբելու խնդիրը:          

«ԵԼՔ» դաշինք

Արժեհամակարգային շատ նման կոդեր կրող ուժերից կազմված դաշինքը ներկայանում է երիտասարդ, նախաձեռնող, սկզբունքային, առաջադիմական և կրեատիվ մտածողությամբ, ինտելեկտուալ հզոր ներուժ ունեցող քաղաքական թիմով: Ներքին կառավարման, ցուցակների ձևավորման թափանցիկ գործիքակազմի կիրառումը, մասնավոր ամբիցիաների երկրորդայնացումը ամրապնդում է ժողովրդավարական նոր մշակույթ ներդնելու նրա կարողությունը՝ որպես իրենց առաջարկած իշխանավարման մոդել: Կփորձի զարգացնել իրական այլընտրանք լինելու գաղափարը: Ունի հիմնական երկու խնդիր. առաջինը ֆինասավորումն է, որի պատճառը ինքնուրույնությունը պահելու ձգտումն է և այսպես կոչված արևմտամետության հետ կապված հանրային ընկալումները, որոնք բխում են հասարակության ստվար մասի ռուսակենտրոն հետգաղութային դոգմատիկ մտածողությունից:  Թեև մրցակից ուժերի կողմից փորձ կարվի այս գործոնն օգտագործել դաշինքի դեմ, բայց դա վերջինիս նաև հնարավորություն կտա հիմնավորել «հայաստանակենտրոնության» անչափ կարևոր գաղափարը: Հիմնական պոտենցիալ ռեսուրսը լիբերալ, ազատամիտ հայացքներով, սակայն քաղաքականապես պասիվ և «քնած» ընտրազանգվածն է, իսկ մարտահրավերը՝ վերջինիս արթնացնելը: 

«ՀԱԿ-ՀԺԿ»

Հանդես է եկել ամենաներկայանալի ցուցակներից մեկով: Առաջնային պլանում ընդգծվում է այլախոհական մտավորականության և ազատամարտիկների շրջանակի ներկայացուցիչների առկայությունը: Հանուն նման կերպարով հանդես գալու և ՀԺԿ-ի հետ դաշինքը պահպանելու՝ ՀԱԿ-ը գնացել է իր հիմնական «ակտիվին» ցուցակի երկրորդ-երրորդ տասնյակներ ուղարկելու զոհողության: Ցուցակը գլխավորում է 2007-ից  անբաժան Լևոն Տեր-Պետրոսյան-Ստեփան Դեմիրճյան տանդեմը: Տեր-Պետրոսյանը դեռ մի քանի տարի առաջ էր հայտարարել տարիքի պատճառով ակտիվ ընտրական պրոցեսներից հրաժարվելու մասին: Դաշինքի ցուցակը ղեկավարելու որոշումը հուշում է, որ ցածր է համարել առանց իր անձնական գործոնի ԱԺ անցնելու՝ այդ ուժի հնարավորությունները: Դրան, սակայն, մղել է մեկ այլ՝ իր տեսանկյունից կարևոր գործոն ևս: Ինչպես նա, այնպես էլ դաշինքը չեն թաքցրել ընտրություններին ղարաբաղյան կարգավորման հարցում փոխզիջումային հռետորաբանությամբ մասնակցելու նպատակը: Դրա վկայությունն է անցած տարեվերջին Տեր-Պետրոսյանի կողմից «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»-ը որպես նախընտրական կարգախոս ընտրելը: Տեր-Պետրոսյանը իր խարիզման և հռետորաբանությունը ամբողջ ծավալով կծառայեցնի փոխզիջման քարոզարշավին: Ցուցակում մտավորականների և ազատամարտիկների ներգրավումը ևս մեծամասամբ այդ կոնտեքստում է՝ փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը որպես հանրային պահանջարկ ունեցող գաղափար տարածելու տակտիկական նկատառումներով: 

«Ծառուկյան» դաշինք

Բովանդակային առումով գրեթե լիովին նախկին ԲՀԿ-ն է: Քաղաքական ուժի միակ մոտիվացիոն գործոնը Ծառուկյան-անձն է, ընդ որում՝ հիմա շատ ավելի ապաքաղաքական, անդեմ և ամորֆ կերպարով, քան մինչև 2015թ. քաղաքականությունից նրա դուրս գալը: Ծառուկյանի և նրա թիմակիցների վերջին օրերի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ որդեգրվել է իշխանությանը չգրգռելու կուրսը՝ հնարավոր ռեպրեսիաներից և, թերևս, նաև քաղաքականությունից Ծառուկյանի հեռացման երկրորդ «արարից» խուսափելու համար: Ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որը համառորեն խուսափում է մատնանշել քաղաքական դաշտում իր դիրքավորումը: Չնայած դրան՝ համալրվել է իշխանական կոնյունկտուրայից բնականորեն կամ «խռովածության» մոտիվներով դուրս մնացած օլիգարխներով, թաղային կամ տարածքային հեղինակություններով: Դրանով հստակ ցույց է տալիս, որ չնայած արտաքուստ լոյալությանը՝ ներքուստ, հատկապես ռեյտինգային ընտրակարգի շրջանակում կատաղի պայքար է մղելու իշխանության դեմ՝ խտրություն չդնելով ընտրողներին ընտրատեղամասեր «բերման ենթարկելու» միջոցների առջև: Սրանից հետևում է, որ թիմը քաղաքական է մասնակիորեն: Բովանդակային առումով գործող տնտեսաքաղաքական ախտահարված համակարգի բոլոր հիվանդությունների կրողն է և գենետիկ շարունակության ապահովման «այլընտրանքային» երաշխավորը: Ի դեմս այդ համակարգն ուղնուծուծով իրենով մարմնավորող Հովիկ Աբրահամյանի՝ ունի ստվերային հսկայական ազդեցություն ունեցող «գորշ կարդինալ», որը կկոորդինացնի աշխատանքները հատկապես իշխանության հաղթանակն ապահովող՝ իրեն ծանոթ մեթոդների չեզոքացման ուղղությամբ: Այս իմաստով դե-ֆակտո սա կարելի է անվանել ոչ թե «Ծառուկյան», այլ «Ծառուկյան-Աբրահամյան» խնամիական դաշինք: 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

Եթե մնացած բոլոր ուժերի ձևավորման հիմքում կա որոշակի սկզբունք, ապա նախկին երեք նախարարների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի ֆիգուրների վրա կառուցված դաշինքի պարագայում այն գրեթե բացակայում է: Պարադոքս է. առանձին-առանձին այս գործիչներն ունեն անհատական խարիզմա, հանրային լոյալ ընկալում, սակայն իրար հետ որևէ կերպ չեն համատեղվում: Առաջնորդվում են տարբեր մոտիվացիաներով, չունեն ծրագրային, գաղափարական ընդհանուր հենք,  հատկապես ազգային-քաղաքական որոշ առաջնահերթություններում, օրինակ՝ ԼՂ հարցում, ունեն միանգամայն տարբեր մոտեցումներ: Ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ընդամենը 7 ամիս առաջ փորձում էր առաջնորդել Սեյրան Օհանյանի ներկայացրած իշխանությունը համաժողովրդական ապստամբությամբ տապալելու հեղափոխական շարժումը՝ որպես հիմնավորում բերելով հենց Օհանյանի պաշտոնավարման ընթացքում ապրիլյան պատերազմին ունեցած տարածքային փոքր կորուստների անթույլատրելիությունն ու այդ պատերազմին բանակի ղեկավարության անպատրաստությունը:

Թեև գործող իշխանության կարկառուն ներկայացուցիչը հանդիսացող Սեյրան Օհանյանը գլխավորում է ցուցակը, սակայն սեփական քաղաքական հենարան չունի: Ցուցակային հիերարխիան հուշում է, որ նրա քաղաքական ռեսուրսը Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում»-ն է: «ժառանգությունն» ավելի շատ կցորդի կարգավիճակ ունի: Հատկանշական է, որ այն արմատական ընդդիմադիր է եղել թե՛ Օսկանյանի և թե՛ Օհանյանի ներկայացրած իշխանական համակարգերին: «Ժառանգության» պատառիկների ու հատկապես կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությունը փաստացի օգտագործվում է որպես դաշինքն ընդդիմադիր մատուցելու միջոց, ծխածածկույթ: Քաղաքական ընդհանրական գաղափարախոսական հենք չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter