HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կառավարությունը դադարեցրել է կոոպերատիվների փայատերերի փոխհատուցումը

Ալեքսեյ Մուսայելովը բռնագաղթել է Հայաստան Ադրբեջանի հանրապետության Բաքու քաղաքում տեղի ունեցած ջարդերի ժամանակ: 80-ամյա փախստական Ա. Մուսայելովը հայտնում է, որ Հայաստանում հաստատվելուց հետո, 1990թ. նոյեմբեր ամսին 6000 ԽՍՀՄ ռուբլի է վճարել «Գարդման» կոոպերատիվին՝ կառուցվելիք շենքում բնակարան ստանալու համար: Սակայն, բնակարանը չի կառուցվել, եւ իր 5 հոգանոց ընտանիքն առ այսօր անտուն է: Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել փոխհատուցել ԽՍՀՄ ռուբլով վճարված գումարի արժեզրկումից կոոպերատիվի փայատերերի կրած կորուստները: Սակայն, արդեն 4 տարի է, ինչ պետական բյուջեում գումարներ չեն նախատեսվում փոխհատուցումը շարունակելու համար:

Կառավարության 15 նոյեմբերի 2005 թվականի N 1999-Ն որոշմանը կից կազմված ժամանակացույցով «Գարդման» կոոպերատիվի անդամներին դրամական փոխահուցումը պետք է վճարվեր 2010թ.: ՀՀ վարչապետին ուղղված իր վերջին դիմումին ի պատասխան՝ 27.03.2012թ. ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ դեռեւս վճարվում են ժամանակացույցով սահմանված 2009թ. կոոպերատիվների անդամների գումարները, որից հետո կանդրադառնան «Գարդման»-ին: Վերջին գրությունից անցել է ավելի քան 5 տարի, սակայն փոխհատուցման մասին Կառավարությունը լռում է, մինչդեռ, ըստ ժամանակացույցի վճարում կատարելու դեպքում, 2010-ին պետք է վճարված լինեին Կառավարության որոշման ցանկում ընդգրկված բոլոր կոոպերատիվների փայատերերը:

«Հետք»-ի խմբագրությանը դիմած քաղաքացին խնդրել էր պարզաբանում ստանալ, թե ինչու է լռում Կառավարությունը:

«Դիմումում նշված «Գարդման» կոոպերատիվի փայատերերին դրամական օգնության տրամադրման գործընթացը նախատեսված էր իրականացնել 2010թ. ընթացքում, սակայն ՀՀ պետական բյուջեի միջոցների անբավարարության պատճառով դեռեւս չի ավարտվել 2009-ին նախատեսված անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների (ԲՇԿ) փայատերերին դրամական օգնության տրամադրման գործընթացը: Հաշվի առնելով վերոգրյալը եւ այն, որ ՀՀ 2017թ. պետական բյուջեում եւս այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն` տեղեկացնում ենք, որ դիմումում բարձրացված հարցին հնարավոր կլինի անդրադառնալ ՀՀ պետական բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսվելու եւ ժամանակացույցով «Գարդման» կոոպերատիվից առաջ նախատեսված կոոպերատիվների անդամներին վճարումներ կատարելուց հետո»,- «Հետք»-ին պատասխանել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Գեւորգյանը:

Կառավարության 2005թ. N 1999-Ն որոշման մեջ ընդգրկվել է 69 ԲՇԿ, իսկ որոշմանը կից կազմված փոխհատուցման ժամանակացույցով «Գարդման» կոոպերատիվը 43-րդ-ն է: Ըստ ժամանակացույցի՝ 2009թ. փոխհատուցման ենթակա էին 4 կոոպերատիվներ: Սակայն դեռեւս 2007-ին, Սերժ Սարգսյանի վարչապետության շրջանում, ժամանակացույցը խախտելու դեպք է արձանագրվել: Կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1583–Ն որոշումով Երեւան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շենքի կոնստրուկցիաների ուժեղացման եւ շինարարության ավարտման աշխատանքներն ընդգրկվել են պաշտպանության նախարարության 2008թ. բնակարանային շինարարության ծրագրում: Նույն որոշումով բազմաբնակարան շենքի 120 բնակարաններից 90-ը սեփականության իրավունքով տրամադրվել է Երեւան քաղաքի նախկին «Մասիս-3» ԲՇԿ-ի անդամներին, իսկ 30-ը հանձնվել է պաշտպանության նախարարության տնօրինմանը:

Սահմանվել է նաեւ, որ որոշման համապատասխան հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց բնակարանները շահագործման են հանձնվում բնակարանների մուտքի եւ արտաքին դռների, լուսամուտների ու ներքին միջնորմների տեղադրմամբ` առանց ներքին հարդարման աշխատանքների, ինժեներական ցանցերի մոնտաժման եւ սարքավորումների տեղադրման:

Քանի որ հարցը վերաբերում է հազարավոր քաղաքացիների, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրենը նույն խնդրանքով կենտրոնին դիմած քաղաքացի Ա. Մնացականյանին աջակցելու համար գրություն է ուղարկել կառավարություն: Կենտրոնին դիմած քաղաքացին եղել է «Մխիթար Հերացի» ԲՇԿ-ի փայատեր եւ 1991թ. կոոպերատիվում ներդրել է 19,000 ԽՄ ռուբլի՝ հետագայում քաղ. Երեւան, Գ-3 թաղ., N 53 նախագծ. շենքում բնակարան ստանալու նպատակով: «Մխիթար Հերացի» ԲՇԿ-ն ժամանակացույցում 39-րդ-ն է, իսկ 2009թ. փոխհատուցման ենթակա կոոպերատիվների ցանկում՝ վերջինը:

«Ժամանակացույցի համաձայն՝ «Մխիթար Հերացի» ԲՇԿ-ի անդամներին դրամական օգնության տրամադրման գործընթացը նախատեսված էր իրականացնել 2009թ. ընթացքում, սակայն բյուջեում միջոցները չբավարարելու հետեւանքով դեռեւս չի ավարտվել ժամանակացույցի համաձայն 2009-ին դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող կոոպերատիվների անդամներին վճարում կատարելու գործընթացը»,- կազմակերպության գործադիր տնօրեն Լեւոն Ներսիսյանի 18.0.2016թ. գրությանը պատասխանել են նախարարությունից:

2005-2015թթ. ընթացքում պետբյուջեով նախատեսված եւ փաստացի փոխհատուցված գումարները

Տարեթիվ

ՀՀ պետբյուջեով նախատեսված

Փաստացի ֆինանսավորում

2005

462,000,0

380,083,2

2006

462,000,0

461,253,0

2007

500,000,0

499,829,8

2008

500,000,0

499,97,5

2009

540,000,0

540,000,0

2010

200,000,0

200,000,0

2011

0,0

0,0

2012

200,000,0

200,000,0

2013

150,000,0

129,722,4

Լեւոն Ներսիսյանը դիմել է Ազգային ժողովի ղեկավարությանը եւ պատգամավորներին՝ հարցի վերաբերյալ կառավարությունից պարզաբանումներ պահանջելու եւ համատեղ լուծումներ գտնելու համար, քանի որ կառավարությունն այն իր նախաձեռնությամբ չի իրականացնում: «Կարծում ենք, որ կառավարությունը պետք է անհապաղ քննարկման առարկա դարձնի անավարտ ԲՇԿ-ի փայատերերի կողմից ԽՄ ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց 2009թ. ընթացքում եւ դրանից հետո դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներին գումարների վճարման գործընթացը ձգձգելու հարցը եւ փորձի լուծումներ գտնել կառավարության վերը նշված որոշումների պահանջները վերջնականապես կատարելու ուղղությամբ ···»,- ասվում է գրության մեջ:

Լ. Ներսիսյանը նախապես հորդորել է խորհրդարանականներին՝ պետության ֆինանսական միջոցների բացակայությունը որպես հիմնավորում չընդունել, «քանի որ մենք բոլորս շատ լավ տեղեկացված ենք, թե կառավարությունը հաճախ ինչպիսի անարդյունավետ ծախսեր է անում՝ սոցիալական ոլորտի առաջնային հիմնախնդիրների լուծման հաշվին»:

ՀԿ-ի գործադիր տնօրենի կոչին արձագանքել է 3 պատգմավոր՝ Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Թեւան Պողոսյանը: Նրանք էլ բավարարվել են կազմակերպության նամակը կառավարությանը վերահասցեագրելով: Ի պատասխան՝ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշոնակատար Պավել Սաֆարյանը հայտնել է. «2016-18թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով անավարտ շինարարության ԲՇԿ-ի փայատերերի կողմից ԽՄ ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման նպատակով միջոցներ նախատեսված չեն»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter