HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Գագիկ Մելիքյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ի հետքերով

Տավուշի մարզի Բերդ քաղաքի սկզբնամասում՝ Մաշտոցի փողոցում գործող գազալցակայանը տեղացիների շրջանում հայտնի է որպես հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանի գազալցակայան: 

ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը ծնունդով Բերդից է: 

Բերդի Մաշտոցի փողոցում գործող գազալցակայանը շահագործում է «Վիցի գրուպ» ՍՊԸ-ն: 

«Վիցի գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին: Գործունեության հասցեն՝ Տավուշի մարզի Պառավաքար գյուղ, 12 փող, 1-ին փակուղի 2: 

Ընկերության հիմնադիրներից մեկը Գագիկ Մելիքյանի կինն է՝ Սերինա Առաքելյանը, երկրորդը՝ Երեւանի բնակիչ Անահիտ Քալանթարյանը: 

2006 թվականին ընկերության բաժնետերերը փոխվել են: «Վիցի գրուպ» ՍՊԸ բաժնեմասերի ամբողջ փաթեթն անցել է ընկերության տնօրեն Վարդան Առաքելյանին՝ գրանցված Բերդի Այգեստան 78 հասցեում: 

Վարդան Առաքելյանը Գագիկ Մելիքյանի աներորդին է: 

Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2012 թվականին բացահայտել է, որ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Վիցի գրուպ» ՍՊԸ-ի ավտոգազալցավորման ճնշակայաններում բացակայում են բնական գազի կոմպրեսացված վառելիքի լցավորման բաշխիչ աշտարակները: 

Ընկերությունը 2013 թվականին էլ ունեցել է ապառքներ: «Վիցի գրուպ»-ը սահմանված ժամկետում չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ 2 մլն 68 հազար դրամի չափով: 

«Վիցի գրուպ» ընկերությունը նաեւ ՀԷԿ է շահագործում: ՀԷԿ-ը գործում է Տավուշի մարզի Պառավաքար համայնքի տարածքում: Կառուցված է Հախում գետի Հախում ջրամբարի եւ Պառավաքարի ջրանցքի վրա: 

«Վիցի գրուպ» ՍՊԸ-ն «Հախում» փոքր ՀԷԿ-ում էլեկտրաէնէրգիա արտադրելու մասին լիցենզիա է ստացել 2010 թվականին, 15 տարի գործողության ժամկետով, այսինքն՝ մինչեւ 2025 թվականը: ՀԷԿ-ի հզորությունը 640 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 0,82 մլն կվտ/ժ: 

Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանի հետ «Հետքը» հեռախոսազրույց  ունեցավ: Գյուղապետը խոսակցության սկզբում ասաց, որ ՀԷԿ-ը Գագիկ Մելիքյանինն է, հետո հրաժարվեց խոսքից՝ ասելով՝ չեմ ճանաչում ումն է:

Հարցին՝ ընկերությունը համայնքի հետ որեւէ պայմանագիր ունի՞, գործունեության օրից մինչ օրս որեւէ վճարում կատարե՞լ է համայնքային բյուջե, գյուղապետը պատասխանեց. «Տարվա մեջ մի երկու ամիս ա աշխատում, մի զատ էլ ա չի վճարել»:

-Իսկ որեւէ պարտավորություն ունի՞:

-Չէ, չէ, պարտավորություն չունի:

-ՀԷԿ-ը Պառավաքարի տարածքում է գործում: Համայնքի հետ կնքած որեւէ պայմանագիր չունի՞:

-Դե առայժմ ոչ մի բան չի մուծել: Բայց հաշվեհամար են ուզել, որպեսզի հողի վարձակալության վճար մուծեն: Չգիտեմ՝ մուծե՞լ են, թե՞ չէ:

-Ե՞րբ են ուզել:

-Մի տարի առաջ:

-Որքա՞ն հողամաս է վարձակալել:

-Փոքր-մոքր կտորներ է:

-Բայց ընկերությունը ջրօգտագործման թույլտվություն ունի մոտ 8 տարի: Ինչպե՞ս է, որ հողը վարձակալել են ընդամենը 1 տարի առաջ:

-Դե չգիտեմ:

Չնայած Պառավաքարի համայնքապետի պնդումներին, թե «Հախում» ՀԷԿ-ը տարեկան ընդամենը 2 ամիս է աշխատում, ընկերության փոխտնօրեն Արմեն Մելքոնյանը ժամանակին ասել է, որ այն աշխատելու է սեզոնային բնույթով` տարվա 7 ամիսը:

Նախագծի իրականացման համար, ըստ Մելքոնյանի, ներդրվել է մոտ 352 հազար ամերիկյան դոլար:

Նշենք, որ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ընգրկված է ՀՀԿ նախընտրական համամասնական նոր ցուցակում եւ 29-րդ համարն է: 

Մեկնաբանություններ (2)

Մինաս
ռայոնի տղա ա, երեխեքի հացն ա վաստակում, հհկ, բհկ, ճհկ ինչ կարեւեր են
Նվարդ
Անահիտ Քալանթարյանն էլ Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի կինն է, մասնագիտությամբ բժշկուհի և երկուսն էլ ծնունդով Բերդից են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter