HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Միայնակ գայլն» ի աջակցություն «Հաց բերողի», Արարատ Խանդոյանի, Ներսես Պողոսյանի և «Սարի թաղի» գործով անցնողների հացադուլ է սկսել

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլ մականունով, արդեն մեկ օր է հացադուլի մեջ է: Վերջինս այսպիսով ցանկանում է իր աջակցությունը հայտնել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, իր եղբորը՝ Արարատ Խանդոյանին, Ներսես Պողոսյանին ու ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում բախումների առթիվ հարուցված քրեական գործերով անցնող բոլոր այն անձանց, որոնց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում: Այս մասին «Հետք»-ին ասաց Սարգսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանն այսօր այցելել է իր պաշտպանյալին: Վերջինս հացադուլավորների համար նախատեսված խուց չի տեղափոխվել, այլ նրա հետ սենյակում եղած կալանավորին են տեղափոխել մեկ այլ սենյակ:

«Արայիկ Խանդոյանը սենյակում մենակ է, և ապահովված են հացադուլ հայտարարած անձի համար նվազագույն պայմանները»,- ասաց Պապիկյանը:

Փաստաբանի խոսքով՝ Արայիկ Խանդոյանին հատկապես հուզում է Արթուր Սարգսյանին կալանավորելու հանգամանքը:

«Նա կարծում է, որ Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահելը ոչ միայն իրավաբանորեն է սխալ, այլ նաև հակասում է  մարդկային, բարոյական բոլոր կանոններին »,- Խանդոյանի խոսքը փոխանցեց Արայիկ Պապիկյանը: Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալն այս պահին առողջական որևէ խնդիր չունի, գանգատ չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին ՊՊԾ գնդում «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը առաջին անգամ ձերբակալվել էր հուլիսի 31-ին, ապա կալանավորվել: 6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին, դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը. կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Փետրվարի 9-ին նրա նկատմամբ դարձյալ որպես խափանման միջոց է ընտրվել կանանավորումը: Փետրվարի 10-ին նա կալանավայրում հացադուլ է սկսել: Ի աջակցություն Սարգսյանի` երեկ հացադուլ է սկսել նաև «Սասնա ծռեր»-ի գործով անցնող մեկ այլ անձ՝ Աշոտ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter