HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որտեղի՞ց մեր երկրում այդքան «փափուկ բարձ»

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Օրեր առաջ ցմահների բաժնում իրարանցում էր`անկողնային պարագաներ էին բաժանում, այդ թվում՝ բարձեր: Դատապարտյալները հերթով գնում էին «բաժանման կետ», վերցնում էին ներքնակ, սավան, ծածկոց ու բարձ: Վերջինը փափուկ չէ, բայց ամեն դեպքում լավ է, որ ստանում ենք:

Փոխարենը նորից հեռուստացույցով են սկսել «փափուկ բարձեր» բաժանել: Հենց մոտենում են ընտրություններ, անմիջապես հայտնվում են պաշտոնյաներ, ովքեր խոստումներ են բաժանում, այն էլ՝ անվճար… տոներից առաջ համաներումների մասին են լինում այդ «բարձերը», իսկ հիմա՝ խոստումների, հույսերի, տարբեր օրինագծերի... Զարմանում եմ՝ որտեղից մեր երկրում այդքան «փափուկ բարձ»…

«Փափուկ բարձի» քաղաքականությունն արդեն հոգնեցուցիչ է, բայց, ցավոք, այդպիսի «բարձերի» մեխանիզմը լավ է աշխատում: Հայաստանում մարդկանց արդեն 25 տարի «փափուկ բարձեր» են բաժանում: Իսկ ով չի հավատում դրանց մեջ լցված խոստումներին՝ «Ձմեռ պապիկի» հույսերով լի, հայտնվում է բանտերում, որտեղ նույնիսկ փաստաբաններն այլևս մուտք չեն ունենա, կամ միայն ոտքից գլուխ խուզարկվելուց հետո:

Հերթական այդպիսի «բարձ» բաժանվեց նաև մեզ՝բանտարկյալներիս, հեռուստացույցով: Լսեցի, որ պայմանական-վաղաժամկետ ազատման հարցով փոփոխություններ են սպասվում, ինչը կվերաբերի նաև ցմահներին: Ապա ինքս կարդացի, ծանոթացա օրենքի նախագծին: Ասեմ, որ ներկա կարգավորումներով էլ կարելի է հասնել պայմանական ազատման, չէ՞ որ 10 տարի առաջ նույն մեխանիզմով դա հնարավոր էր: Ազատվում էին շատ-շատերը, հիմա՝ շատ քչերը:

Այն պաշտոնյաները, ովքեր հիմա խոսում են նոր փոփոխությունների մասին, հիշեցնեմ. 5-րդ տարին է արդեն՝ ԱԺ-ում է հենց ցմահների վերաբերյալ ռեժիմային փոփոխություններն ավելի շուտ`պատժի կրումից 15 տարի անց սկսելու վերաբերյալ փաթեթը (20 տարի անց-ի փոխարեն), որը իրավական տեսակետից շատ գրագետ հիմնավորված է: Հարց է առաջանում՝ ինչու՞ 5 տարի շարունակ չի ընդունվում այդ օրինագիծը: Պարզ է, որ եթե ցանկանային դրական փոփոխություններ, վաղուց կընդունեին ամենաչնչին, ամենապարզ և հիմնավորված փոփոխությունը:

Փոխարենը արդեն 5-րդ տարին՝ ԱԺ-ում «քնեցվել է» ցմահ դատապարտյալների ռեժիմների փոփոխության մասին օրինագիծը: Հիմա էլ, քանի որ դատական բողոքարկումներ կան պայմանական վաղաժամկետ ազատման մերժումների վերաբերյալ, այդ իսկ պատճառով ընտրություններից առաջ մի նոր «փափուկ բարձ» է հորինվել, որը էլի փափուկ «կքնեցնի» բողոքողներին: Եթե նույնիսկ ինչ-որ փոփոխություններ արվեն օրենքներում, միևնույնն է` մինչև նախագահականից հրահանգ չլինի, դրանք չեն կիրառվի, ավելին՝ ոչ մի ցմահ ազատազրկվածի պայմանական չեն ազատի:

«Փափուկ բարձ» բաժանողները երբևէ մտածե՞լ են, որ մի օր ցմահների հարցը հուժկու ձևով կարող է պայթել ու շատ անսպասելի…ո՛չ դատական սխալի հավանականություն է ընդունվում, ո՛չ օրենքներն են կիրառվում, ո՛չ.., ո՛չ.., ո՛չ… «փափուկ բարձերը» վերջացել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter