HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրեմն վարդ դարձիր, Այմարա

Մանե Գրիգորյան

Ասաց` ջերմություն ունե՞ս, ես հավատացրի, որ ունեմ, որովհետև թեթև մի շիկնանք ամենից շատ իջնում էր ներքև՝ դեպի ոտքերիս մատները: Երևի հոգնած էի:

«Հանվիր, ջերմությունդ չափեմ»,- ասում ու վրաս է պահում լուսանկարչական ապարատի նմանությամբ մի սարք, և վախեցնող դանդաղությամբ իջնում է ներքև: Ես ձեռքերս խաչել եմ, և որովայնիս հատվածում ջերմությունը պարզելը դժվարանում է, որովհետև ձեռքերս իրենց ոչ համասեռ տաքությամբ փակում են պորտս: Պետք չէ չափել, մորիցս բաժանման կետը ամենասառն է, որովհետև այնտեղ՝ խորը ներսում, ես չգիտեի՝ նա մայրս է: Հետո քամի փչեց, սուլեց, ինչպես սրընթաց տեղաշարժ ցավի: Նա սարքը իջեցրեց ներքև, ու հեշտոցումս տրոփեց անորոշ ցանկությունը՝ վախի, այն րոպե ուշ հաղթահարելու ցանկությունը:

Ամենատաքը հեշտոցն է, ասաց ու համբուրեց մազերս: Ասում է՝ տես, եթե գնաս ու մի քանի վայրկյան ուշ նկատեմ հեռացումդ, դուռը կպահի ձեռքիդ տաքությունը, այ էսպես, այն կարմիր կլինի՝ բացված բռունցքիդ չափ, իսկ այ էս հատվածում դռան եզրագծերն են, կապույտ է, ուրեմն սառը:

Մի ուրիշ անգամ կփոխեմ գույները և ամենասառը կետը կլինի սիրտդ, այդ ժամանակ չեմ թողնի՝ գնաս, որովհետև երբ եկար  միամիտ մոլորությունը ունեցա, որ իմ մեռած աշխարհը քո հայացքով, քո անմտությամբ, չձևավորված կանացիությամբ դանդաղ վերակենդանանում է: Ու ես ստացված տղամարդ եմ, ու կարգերի փլուզումից հետո դու իմ գտած առաջին և մեծ սերն ես:

Դա, իհարկե, նա չասաց, բայց ես հասկացա դա, թեպետ հավատացնում է՝ միակ սերն եմ,  բայց չի կարողանում մոռանալ Անեթին, որին դեղին շրջազգեստով տեսել էր հեծանիվ քշելիս. նա 16 տարեկան, նե շքեղ մազերով. հետո անտարբեր ասաց, որ մի երկու անգամ քնեցին միասին, ավելի ուշ  ինչ-որ տարբեր պահերի հիշեցին իրար: Մեկ նա էր հիշում, նեն արդեն մոռացել էր, մեկ հակառակը՝ նե էր հիշում, այն պահին, երբ նա արդեն հեռու էր:

Ասում  է, բայց այդպես էլ չկարողացավ մոռանալ նրան, իր բացած իտալական ռեստորանում, երբ մի օր տեսավ նրան, երկուսն էլ կարմրեցին շիկնանքի բոլոր գույներով, ինչ-որ պահի մոռացել էր նրան, հեռու վանել, հանդիպել ուրիշին, ում այդ ժամանակ մեծ սեր էր կոչել, բայց տարիների հետ Անեթը մարմնին մարմանդ վառվող խազ էր դարձել: Հաճելի, չպարտադրող տաքություն:

Ասեց, հայացքը ուղղեց բեռլինյան շենքին, իսկ ես հիշեցի Հայաստանը ու ասեցի՝ երկրաշարժից հետո, ինչպես նաև պատերազմից հետո տարիներ շարունակ դանդաղ, բայց ոչ վերջանական վերականգնվող շենքեր կան, ու այդ շենքերից մեկի առջևում գրկախառնության համար լայն բացված ձեռքերի նմանությամբ մի ծառ կա, ու քանի որ ձմեռ է,  ուրեմն նաև անթաքույց մերկություն կա, սեր իմ:

Ես գուցե բառացի այդպես չասացի, բայց այդպես եմ գրում, որովհետև խոսելիս միշտ ասածս ավելի հասարակ է ստացվում, գույնն է պակասում, քրտինքը, եղունգների տակ չորացած կեղտն է պակասում, որովհետև ինքնավստահ չեմ, թույլ եմ, սեր իմ:

Առավոտյան շուտ արթնացիր, փորձենք սարքը, տեսնենք, թե որտեղից է փչում քամին:

Ես կարծես չէի լսում, ու մտքումս կրկնում էի միևնույն միտքը բառերի տարբեր դասավորությամբԻսկ եթե համբուրեմ քեզ, շուրթերդ սովորականից ավելի կարմիր կլինե՞ն. իսկ եթե ձեռք տամ քեզ, իսկ եթե մոտ լինեմ քեզ… Իսկ եթե մոտ լինեմ քեզ ու շուրթերդ կարմիր լինեն, իսկ եթե ձեռք տամ քեզ...

Երեկոյան այցելեցինք Հ.-ին: Հ.-ն կորցրել է ամուսնուն, ասում է՝ ամեն անկյունում ու անգամ այնտեղ, որտեղ սուր եզրեր չկան, նրան է տեսնում: Պահարանին ու հատակին, մի կարճ պահ թվում է՝ շուրջբոլորդ փղեր են: Հ-ն ուզում է մյուս կյանքում փիղ դառնալ, առաջնորդ լինել ու վերջապես ձայնի իրավունք ունենալ, ինչպես էգ փղերը:

Ես էլ պահարանին մի փիղ դրեցի, գույների արագ վազքի մեջ կանգնեցի գազարագույնի վրա, լուսամփոփի լույսը անդրադարձավ պահարանի սև մակերեսին, ու  հենց այնտեղ, մայրամուտի կիզակետում կանգնեց փիղը: Իսկ դիմացը չորացած ծաղիկներ ու փայտի տաշեղներ էին լցված, և պակասում էր Գանգեսի թացությունը: Հետևում գործածությունից դուրս հեռախոսն էր, ավելի ուշ շուրջբոլորը տարբեր ժամանակներում գտած քարեր շարեցինք:

«Այս կառույցն էի ուզում վերցնել»,- իմիջիայլոց ասաց նա: Իսկ ես չհասկացա, թե նա ինչ  նկատի ուներ, ասիական տաղավարների ետևում բարձրացող անտանիք շենքը ո՞նց կարելի է վերցնել: Ուզում եմ փորձարկում անել էնտեղ, տերերին է պետք գտնել: Կարո՞ղ եմ այդ պահին կողքիդ լինել, չսպասելով պատասխանին` շարունակում եմ, բայց ինձ թվում էր փորձը կստացվի, եթե տանիքից բացի բացակայի նաև գետինը, սիրելիս: Դու ուզում ես չափել արևից եկող էներգիան, բայց չէ որ ստորգետնյա ջրեր կան, սեր իմ, ու քարանձավներ կան քարանձավներից էլ ցած, ու ջրային նայադներ կան, որոնք կարող են քո սիրած սև մազերն ունենալ, ու պատկերացնում ես՝ նրանք կարող են լռել ամբողջ մարմնով նույնքան տաք, որքան որովայնդ մերսող ձեռքերի պես ջերմ խոսում են իտալուհիները:

Մենք շրջանցեցինք դոն խուան ցուցանակը կրող ասիական շուկան, վրանային տաղավարների ներսում ամեն տասներորդ քայլին ասիացիները մի քանի եվրոյով հարդարում են հոնքերը, մազերը, եղունգները, եփում են քեզ համար. միանման կանանց ու տղամարդկանց առատությունը շփոթեցնում է, թվում  է՝ միևնույն մարդը քեզ և շամանական փետուրների պատրանքն  է վաճառում, և բլուզներ, և եղունգներդ է ներկում, և հարցնում՝ ի՞նչ կուտեք:

Մենք դուրս ենք գալիս շուկայից, ու թեպետ օրը մթնում է, ասիացիները շարունակում են ներս մտնել երեխաներով, սայլակներով, մեծ տոպրակներով, ասիացի կանայք, մանր, բայց ոչ թեթև քայլերով. չնայած երբ կինը կարճահասակ  է, թվում է՝ ոսկորներն էլ են մանր, հեշտ է շարժվում, ուրեմն նաև` հեշտ ապրում:

Երբ մենակ եմ գնում ասիական շուկա, որը ամենևին էլ վրանային չէ, չնայած նկարագրելու համար անընդհատ այդ բառն է գլխումս պտտվում,  սիրտս արագ է աշխատում, հիշում եմ կարդացածս հոդվածներից մեկը, տեքստի մանրամասները մոռացել եմ, բայց  նկարներից փչող անելանելիության խիտ զգացումը հիմա էլ եմ զգում: Հիշում եմ աղջկա պարանոցը գրկող թուխ տղամարդու ձեռքը, անկողնուն անփույթ փռված ջահել կնոջ պարտված մարմինը սպիերով, ու տղամարդուն եմ հիշում անհաղորդ նույնքան, որքան տիրող:

Աղքատ թաղամասերում իրար նայող ու իրար հաջորդող սենյակներում իրենց վաճառող կանայք զառեր են տղամարդկանց քրտնած ձեռքերում. նրանք հազվադեպ են ավազ դառնում և պլստում տղամարդկանց մատների արանքից, եթե անգամ սահում են, միևնույն է, տիրողների խոնավ ձեռքերին նրանցից մի բան մնում է, որը հետո ընդմիշտ ցեխ է դառնում, սիրելիս: Այդ շուկայում մի բան կա այդ կանանցից, մի ձախողում կա, սեր իմ:

Այցելեցինք պրոֆեսորին: Տունը վխտում էր դիմակներով, ասում է՝ դիմակները հսկում են, որ չար ոգիները ներս չմտնեն: Պատերին տարբեր երկրներից բերած 300 նկարներ են, պրոֆեսորի կինը թեթևությամբ  ծլվլում է, ասես ինքն իր համար անցյալի մասին, անցյալի համար, անցյալը հիշելով. մտածում եմ՝ վերցրու այս մարդկանցից ճամփորդությունները, այլ երկրները, ինքնաթիռներն ու գնացքները, ու ոչինչ չի մնա, կմնա աղոտ ապրած մի կյանք:

Սեղանի շուրջ խոսում են Այմարայի մասին, Հարավային Ամերիկայի բնիկ ժողովրդի անուն է, թոռնուհուն էլ են այդ անունը տվել, շեկ մազերով, թափանցիկ` ասես Դյուրերի ձեռքով նկարած աղջիկ լինի: Ասում են՝ կյանքը մի տեսակ չի ստացվում, փնտրտուքների մեջ է, մոտ 30 տարեկան կին, որ կարդացած ձանձրալի գրքի պես ժամանակից շուտ մի կողմ է շպրտել ուսումը, ձեռնոցի պես աշխատանքներ փոխել մի երկրում, որտեղ աշխատանք բառով որոշում են մարդու կայացած ու ստացված լինելը: Իսկ Այմարան ուղղակի չի ուզում, ուզեր` կաներ, մաթեմատիկայի օլիմպիադայում ընկերոջ հետ առաջին տեղերն են զբաղեցրել, գուցե երրորդ տեղը, պատմիր բարդ բաների մասին` հրթիռի արագությամբ կընկալի ասածդ, այ սա է Այմարան, որ չի ուզում իր ներսի եղածը օգտագործել էնպես, ինչպես  օգտագործում են բոլորը, որ չի արդարացնում սպասելիքները, որ չի մտածում փողի մասին, որ ճամփորդում է ոտքով: Խեղճ Այմարա, զավակ ցամաքուտների:

Գնում ենք խոհանոցի փայտե պահարան գնելու. ծեր ու մեռած գերմանուհու իրերն են վաճառում, հրեշտակների մի խումբ կառչել ու բաց չեն թողնում սյունը, եթե գործածես իր նպատակին համաձայն, ուրեմն նրանց գլուխներին տաք մոմ պետք է թափվի: Նա նայում է ջրաղացների պատկերներով ամաններին և մտածում, որ համեմունքների համար վատ տարբերակ չէ: Կինը մինչև վերջ չի հասցրել օգտագործել աղն ու քեմոնը. ինքը գնացել է, իսկ համեմունքները մնացել են: Ու որքան էլ լվանաս, միևնույնն է, հոտը չի անցնում, ինչպես չբուժվող հիվանդություն, գուցե ավելի թունդ...ուրեմն  հոտին կարելի է հաղթել մեկ այլ` ավելի անհավանական հոտով, որ իր կարմիրով կվառի ջերմություն չափող սարքը ու այն չի լինի բռնցքաչափ, այլ կլինի ավելի ընդարձակ, քան մահը: Ի՞նչ արժե, հարցնում է նա, իսկ տղամարդը թոթվում է ուսերը, ասում՝ ուղղակի վերցրեք:

Մենք ուղղակի վերցնում ենք, ես անընդհատ մտածում եմ  հոտերի ու մահվան մասին, քանի որ մի երկրից եմ, որտեղ ամենօրյա կենցաղի ծանրությունը կա, որտեղ հոտավետ մոմերը ընթրիքների համար չեն, և վառվում են միայն մի կարճ պահ Նոր տարվա կարճ  գիշերվա ընթացքում, որտեղ հազարումի հորինված բաներով կապում են ոտքդ, որտեղ ազատությունը վայելել չհանդգնողները ժամեր շարունակ խոսում են հարսանեկան առաջին գիշերվա սարսափների մասին, որովհետև իրականում նրանց միայն խոսելն է մնացել, խոսելը՝ որպես հոգու սպեղանի, երբ զառանցում է մարմինը, ու մահը գետի երկարությամբ չչորացող արցունք է:

Բնությունը կորուտներ չի ունենում, հանգստացի, ասում է նա, ոչ մի էներգիա տիեզերքում չի կորչում. ուրեմն չկա նաև մահ: Ֆիզիկայի բոլոր օրինաչափությունների համաձայն` մժեղը չի կարող թռչել, բայց տեսնում ես, քանի որ նա տեղյակ չէ ֆիզիկայից, ուրեմն թռչում է, և ուրեմն ապրում:

Նա ծիծաղում է, ես զգում եմ նրա ծիծաղի տաքությունը, գույնը, հոտը...տարածությունը...

Քրոջս ութամյա աղջիկը շնորհավորում է ծնունդս, մաղթում, որ փուշ բռնեմ վարդ դառնամ, ուղղում եմ, ասում՝ երևի նկատի ունես փուշ բռնեմ վարդ դառնա, չէ, շարունակում է գայլուկս, ասում եմ` չէ, փուշ բռնես թող ծակի մատդ, իսկ արյունը վարդ դառնա, հասկանո՞ւմ ես:

Հասկանո՞ւմ ես, Այմարա, իսկ դու թղթախաղի ժամանակ տարերքի պահին սեղանին նետվող խաղաքարտերի արագությամբ ես հասկանում, ուրեմն վերցրու փուշն այս, խնդրում եմ, ուրեմն վարդ դարձիր, Այմարա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter