HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեթ Բեյքեր. Ջազի պոետը

Նաիրա Հայրապետյան

1988թ. մայիսի 13-ին, գիշերվա ժամը 3-ի սահմանում Ամստերդամի հյուրանոցներից մեկի պատուհանի տակ հայտնաբերվեց տղամարդու դի: Գլխին մի քանի լուրջ կոտրվածքներ ուներ, նա ընկել էր հյուրանոցի 2-րդ հարկից՝ համարներից մեկի պատուհանից: Նույն օրը, դեպքի հետքերով, սենյակում հայտնաբերվեցին թմրադեղերի մնացորդներ, հիմնականում հերոյին և կոկային: Փոքր ավելի ուշ՝ դիակի զննումը հաստատեց, որ նույն թմրադեղերից հայտնաբերվել էր նաև մահացածի արյան մեջ, ուստի որոշվեց, որ նա ցած էր նետվել պատուհանից հենց թմրադեղերի ազդեցության տակ: Մահվան դեպքն արձանագրվեց որպես դժբախտ պատահար, ինչպես աշխարհում հազարավոր նման դեպքեր: Բայց ի տարբերություն հազարավոր դեպքերի, որոնք այդքան տարածված ախտի րոպեական հաճույքի նման անհետ մոռաության են մատնում կիսատ կյանքերը, այս մեկը չմոռացվեց: Ոչ միայն այս օրը, ամիսը, տարին, այլև ժամը  հստակ հիշատակվեց: Հոլանդական անշուք ու մռայլ մի թաղամասում գտնվող «Prins Hendrik Hotel»-ի իր պատին նրա անունով հուշատախտակ ամրացվեց, հետո՝ քանդակ,  որովհետև այդ օրը մահացել էր ջազի ամենագեղադեմ, ամենաթախծոտ ու մեծագույն անուններից մեկը՝ ջազի արքայազնը:

Նա Չեթ Բեյքերն էր՝ շեփորի սպիտակադեմ վարպետը, ում հավատում և ում տաղանդով հիանում էին այս երաժշտության հսկաները: Եվ այդ տխրահռչակ օրը նրա մահով աշխարհում պակասել էր ևս մեկ լուսավոր ձայն:

Չեսնի Հենրի Բեյքեր կրտսեր՝ Չեթ Բեյքեր. ամերիկացի հայտնի ջազային շեփորահար, վոկալիստ և դաշնակահար:  13 տարեկան էր, երբ հայրը նրա համար շեփոր գնեց, որից հետո ապագա նշանավոր անուններից մեկը սկսեց երաժշտական դպրոց հաճախել: Բայց, ասում են, որ այդպես էլ չսովորեց հարմարվել նոտաների «շարադասությանը», քանի որ նրա մոտ միշտ ստացվում էր նվագել այնպես, ինչպես լսում էր և զգում երաժշտությունը: 16 տարեկանում Բեյքերը թողեց դպրոցը և անցավ զինվորական ծառայության: Բեյքերի երաժշտական հիմքի ձևավորման մեջ լուրջ նշանակություն են ունենում բանակային ծառայության տարիները: Նա ծառայում էր Բեռլինում, որտեղ ընդգրկվում է զինվորական նվագախմբում: Այս տարիներին և այս միջավայրում դեռ պատանի Բեյքերը սկսում է լրջորեն հետաքրքրվել ջազով, քանի որ գնդի ձայնադարանում մի օր գտավ ջազի՝ այն տարիների ամենահայտնի անուններից մի քանիսի ձայնագրությունները: «Դիզի Գիլեսպի, Սթեն Քենթոն… կարծում եմ՝ հենց նրանք են դարձել իմ սկզբնական ներշնչանքը, հատկապես Դիզին- ասել է Բեյքերը մի առիթով,- մինչ այդ՝ ես միայն լիրիկական տեքստերով երգեր էի լսում, ասենք՝ «դու սիրում էիր ինձ, բայց…», ու նման բաներ»: Նվագախմբում երկարատև ծառայությունն ու աշխատանքը, ինչ խոսք, մեծ ազդեցություն ունեցան նրա կատարողական վարպետության վրա՝ տեխնիկապես, ինչպես նաև բենդի հետ աշխատելու իմաստով: Սակայն ամեն ինչ դեռ առջևում էր:

  

Դեռևս 50-ականների սկզբին ջազի լեգենդներից մեկը՝ սաքսոֆոնահար Չարլի Փարքերը մեկ այլ լեգենդի՝ շեփորահար Մայլս Դևիսին կատակով զգուշացնում է. «Այնտեղ՝ արևմտյան ափին, մի փոքրիկ սպիտակ կատվիկ կա (ջազմեններին այսպես են անվանում իրենք՝ երաժիշտները. Cat), որը քեզ հում-հում կուտի»:

Բեյքերի երաժշտական վերելքը մեծ իմաստով սկսվեց և թափ առավ այն պահից, երբ նա, այսպես ասած, վաստակեց Փարքերի բենդում նվագելու հնարավորությունը: Նա 22 տարեկան էր: Այդ օրը հերթագրվել էր՝ մասնակցելու Փարքերի բենդի համար հայտարարված լսումներին: Փարքերը երիտասարդ շեփորահարին լսելուց անմիջապես հետո որոշեց ընդգրկել նրան իր կվինտետի կազմում: Արդյունքում նրանք մի քանի տեղական շրջագայություն ունեցան, իսկ հետո՝ մեկը մեկից փայլուն համերգներով հանդես եկան Կանադայում: Բեյքերը այդ տարիների մասին խոսելիս պատմել է, որ Չ. Փարքերը ոչ միայն հավանում էր նրա կատարումը, այլև շատ հոգատար էր իր հանդեպ և ուշադիր: Վճարում էր բոլորի համեմատ ավելի շատ և դեռ մի բան է՝լ հետևում, որ նա հեռու մնար ալկոհոլային և թմրադեղերի գայթակղությունից: Թեև Փարքերը սիրում էր ոգելից խմիչքներ և հաճախ էր օգտագործում, բայց հատկապես թմրանյութերի հանդեպ երիտասարդ շեփորահարի համար ամուր պատ էր սարքել իր շուրջբոլորը՝ չթողնելով այդ թուլությունն ունեցողներին Բեյքերին անգամ մոտ կանգնել: Բեյքերի բնորոշմամբ՝ այս երաժիշտը մեծ տպավորություն է թողել ոչ միայն իր ստեղծագործական էությամբ, այլև մարդկային այս կեցվածքով:

Լուսանկարներում հաջորդաբար՝  Չեթ Բեյքերը Չարլի Փարքերի, Մայլս Դևիսի և Ջերի  Մալիգենի հետ

 Փարքերի հետ կարճատև, բայց փայլուն այս համագործակցությունից հետո Բեյքերը նույն տարում որոշեց միանալ Ջերի Մալիգենին: Այս երաժշտի կվարտետում արդեն սկսվեց Բեյքերի աստեղնային ուղին: Շուտով պիտի ստեղծեր սեփական բենդն ու ձայնագրեր իր լավագույն կատարումները, իսկ դրանց պիտի հաջորդեին համերգային շրջագայությունները ԱՄՆ-ի տարբեր նահանգներում և երկրից դուրս:  Քառյակը բաց թողեց այնպիսի գործեր, որպիսիք էին՝ «Walkin՚ Shoes»-ը, «Bernie՚s Tune»-ը և «My Funny Valentine»-ը. վերջինս մնաց Բեյքերի ամենահայտնի և ստորագրության վերածված գործը: Այդ մեկնաբանությունը, որտեղ Բեյքերը փայլում է իր սոլոյով, վերածվեց հիթի՝ ընդմիշտ իր հետ ասոցացնելով շեփորահարի անունը

Մեկ տարի անց, երբ Մալիգենին կալանավորեցին և հետո բանտ նստեցրին, Բեյքերը ստանձնեց քառյակը ղեկավարելու գործը և շարունակեց համերգներով շրջել լոսանջելեսյան ակումբներում: Շուտով խումբը  Ամերիկայի տարբեր նահանգներում ելույթի առաջարկ ստացավ: Այս շրջագայությունը նպաստեց Բեյքերի ճանաչմանը ու նա շատ արագ հայտնվեց ջազային հանրության ուշադրության կենտրոնում: Մամուլում անդրադարձեր, երաժշտական հեղինակավոր ամսագրերում լուրջ վերլուծություններ, ձայնագրող ընկերությունների կողմից խոստումնալից առաջարկներ… հաջողությունն ու ճանաչումն այլևս գտել էին նրան:

1953 և 1954թթ. հաջորդաբար նա ընթերցողների կողմից ճանաչվեց որպես տարվա լավագույն ջազմեն և վոկալիստ՝ այդպիսով խախտելով դարի երկու նշանավոր շեփորահարների՝ Մ. Դևիսի և Ք. Բրաունի հաստատուն իշխանությունը: 1954թ. թողարկվեց նրա վոկալ դեբյուտային ալբոմը՝ «Chet Baker Sings»-ը, որը նոր ճանապարհ հարթեց նրա համար ջազի լսարանում: Բեյքերը քուլ ջազի, այսպես կոչված, «արևմտյան ափի» խորհրդանիշը դարձավ (West Coast Jazz)

Բեյքերի առանձնահատկությունը ոչ միայն նվագելու մեջ էր. ասում են, որ ունկնդիրներին գրավելու հարցում մեծ նշանակություն ունեին նրա ձայնը՝ մինչ այդ ջազում հնչած տարբերվող, գայթակղիչ տեսակով, ապա՝ արտաքինը: Ասես սև-սպիտակ ֆիլմերից հայտնված, հանրությանը շատ սիրելի հերոսներից մեկն էր,  «կինոյի տղան», ում հասցրել էր սիրահարվել հերթական կինոդիտումից տուն հասած կանանց մեծ մասը: Սպիտակադեմ, թախծոտ աչքերով, չափազանց արիստոկրատ պահվածքով, կոկիկ, բայց միևնույն ժամանակ ոճային   հագուկապով (փողկապ,դասական պիջակ կամ ջինս և կաշվե սանդալներ) երիտասարդը տպավորում էր իր գեղեցկությամբ, որն առավել ընդգծվում էր բեմում: Այստեղ նուրբ ու համեստ կերպարը շեփորի ամեն մի հնչյունի հետ խենթացնող համաձուլման էր հասնում: Եվ նա սկսեց նորաձևության կերպար դառնալ շատերի համար, քանի որ երկրպագուների շրջանում նրա հագուստի որոշ էլեմենտներ կրելը մոդայիկ դարձան: Բացի այդ, ջազում, ընդհանրապես, երգող շեփորահարներ հազվադեպ են հանդիպում: Իսկ Բեյքերը երգում էր: Խաղաղ, հանգիստ ու ռոմանտիկ հին բալլադներ էր երգում նա, որոնք երբեմն ասես ջազի օրորոցայիններ լինեն: Բեյքերը նաև ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստացավ: Ժամանակն ամեն դուռ բացել էր նրա առջև, և թվում էր, թե ամեն ինչ այլևս հաղթահարված էր՝ աստղային բարձունքներին հասնելու համար: Գեղեցկադեմ երաժշտությունը շողշողացող ու գեղեցիկ թռիչքներով կարող էր սլանալ բաց դռնից դուրս, վերև ճախրել ու այնտեղից հաստատել իր անգերազանցելի փայլը թուխ մաշկով հայտնի ջազի աստղաբույլում:

Բայց հանկարծ ամեն ինչ փոխվեց ու բոլորովին այլ ընթացք ստացավ: Բեյքերի կյանքում այսուհետ հաջորդելու էին ողբերգական իրադարձություններն ու քայքայիչ հոգեվիճակները…

Շարունակելի

Գլխավոր լուսանկարը՝ jazzinphoto.wordpress.com-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter