HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը՝ «Հաց բերող»-ից ուշադրությունը չշեղելու համար

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը ժամեր առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դադարեցրել է հացադուլը։

«Ես դադարեցնում եմ հացադուլը՝ չցանկանալով ուշադրություն շեղել և խոչընդոտել «Հաց բերող»-ի՝ Արթուրի, արդարացի պահանջին: Մնում եմ պահանջատեր և պայքարի շարունակությունը փոխանցում եմ իմ ընկերներին»,-փաստաբանի միջոցով ՔԿՀ-ից այսպիսի հայտարարություն է տարածել նա։

«Հետք»-ի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ցանկացել, որ իր կամ մյուս հացադուլավորների պատճառով ուշադրությունը Արթուր Սարգսյանից  շեղվի ու նրա պահանջի նկատմամբ անտարբերություն ցուցաբերվի:

«Աշոտ Պետրոսյանը նաև նշեց, որ պահանջը՝ Արթուրին կալանքից ազատելու մասին մնում է շատ կարևոր և հրատապ»,-ասում է փաստաբանը։

Անդրադառնալով Պետրոսյանի այն կոչին, որ պայքարի շարունակությունը փոխանցում է իր ընկերներին, փաստաբանը պարզաբանում է, որ իր պաշտպանյալը ի նկատի է ունեցել այն հանգամանքը, որ խմբի անդամներից ոմանք քրեկատարողական հիմնարկում ևս հացադուլ են հայտարարել՝ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով։ Թե ովքեր են «Սասնա ծռեր»-ի մյուս հացադուլավոր անդամները, փաստաբանը դեռևս հստակ չգիտի։ Ինչպես արդեն հայտնել էինք՝ նրանցից մեկը Արայիկ Խանդոյանն է, ով փետրվարի 17-ին «Նուբարաշեն» քրեակատարողական  հիմնարկում, ի աջակցություն Արթուր Սարգսյանի, իր եղբորը՝ Արարատ Խանդոյանի, Ներսես Պողոսյանի ու ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում բախումների առթիվ հարուցված քրեական գործերով ձերբակալված բոլոր անձանց հացադուլ է հայտարարել։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Արթուր Սարգսյանին կալանքից ազատելու պահանջով «Դատապարտյալների հիվանդանոց»-ում հացադուլ էր հայտարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը։ l

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter