HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փետրվարի 20-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի

Փետրվարի 19-ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հրավիրեց մամուլի ասուլիս՝ միջազգային դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։  

Ողջունելով ներկաներին՝ ԼՂՀ ՀԿՀ նախագահը երախտագիտություն հայտնեց նրանց՝ Արցախի Հանրապետության ընտրական և հանրաքվեների գործընթացների նկատմամբ հետաքրքրվածության և մշտական ուշադրության համար։ Ըստ Ս. Արզումանյանի՝ դիտորդներից և լրագրողներից շատերն Արցախում ընթացող ընտրական պրոցեսներին մասնակցում են ոչ առաջին անգամ: Եվ փաստ է այն, որ այդ գործընթացների վերաբերյալ նախկինում արտահայտած նրանց կարծիքները, իրավամբ, նպաստում են ժողովրդավարության ամրապնդման հստակ ուղիով ընթացող Արցախի Հանրապետության միջազգային վարկանիշի բարձրացմանը:

ԼՂՀ ՀԿՀ նախագահը պատասխանեց դիտորդներին և լրագրողներին հուզող հարցերին։

Այն հարցին, թե որքանով է հնարավոր լինելու ապահովել Թալիշի բնակչության մասնակցությունը հանրաքվեին՝ Ս. Արզումանյանն ասաց. «Ընտրական հանձնաժողովների թիդ 1 խնդիրը Թալիշի բնակչության մասնակցությունն ապահովելն է և նրանց ընտրական իրավունքի իրացումը։ Թալիշ գյուղի բնակչության մեծ մասը կենտրոնացված է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում, որտեղ էլ կկազմակերպվի նրանց քվեարկության գործընթացը։ Բացի այդ, Երևան քաղաքում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ևս կապահովվի Հայաստանի տարածքում գտնվող թալիշցիների մասնակցությունը հանրաքվեին»։

Նախորդ ընտրությունների ժամանակ եղե՞լ են թերություններ ու բողոքներ և որքանո՞վ են հաշվի առնվել դրանք՝ հարցին պատասխանելով Ս. Արզումանյանն ասաց. «Նախորդ ընտրությունների ժամանակ պաշտոնական բողոքներ չեն եղել՝ բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի մեկ ընտրատարածքում արձանագրված վերահաշվարկի պահանջից։ Վստահված անձանց ներկայությամբ կատարված վերահաշվարկից հետո քվեարկության արդյունքները մնացել են անփոփոխ»։

ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

Արցախի Հանրապետության հարգարժան հյուրեր, դիտորդներ, ԶԼՄ-րի ներկայացուցիչներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անունից ողջունում և մեր  երախտագիտությունն ենք հայտնում ձեզ՝ Արցախի Հանրապետության ընտրական և հանրաքվեների  գործընթացների նկատմամբ ձեր հետաքրքրվածության և մշտական ուշադրության համար: Ձեզնից շատերը Արցախում ընթացող ընտրական պրոցեսներին մասնակցում են ոչ առաջին անգամ: Եվ փաստ է այն, որ այդ գործընթացների վերաբերյալ նախկինում արտահայտած ձեր կարծիքները, իրավամբ, նպաստում են ժողովրդավարության ամրապնդման հստակ ուղիով ընթացող մեր Հանրապետության միջազգային վարկանիշի բարձրացմանը:

Հաշվի առնելով մեր հանրապետության ընտրական համակարգում 1991 թվականից կուտակված փորձը, համապետական նշանակության ընտրություններ և հանրաքվեներ կազմակերպելու գործում միջազգային դիտորդների կողմից ներկայացրած առաջարկություններն ու եզրակացությունները, ընտրական օրենսդրության կատարելագործմանը զուգընթաց վերջին տարիների բարեփոխումները՝ արդի տեխնոլոգիաներ ներդնելու, ընտրական վարչարարության մարմինների որակավորման բարձրացման ուղղությամբ, կարելի է փաստել, որ Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետությունում անցկացվող յուրաքանչյուր հանրաքվե և ընտրություն նախորդի համեմատ առավել դրական տեսք է ունենում: Դրան են ձգտում և ընտրական հանձնաժողովները, և պետական իշխանության այլ մարմինները, իսկ ամենակարևորը՝  Արցախի Հանրապետության ընտրողները: 

Հարգելի ներկաներ

2017թ. փետրվարի 20-ը ԼՂՀ Նախագահի 2017թ. հունվարի 19-ի հրամանագրով սահմանվել է որպես Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի օր: Սա 26 տարվա անկախություն ձեռք բերած մեր երկրի թվով 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և այն անց է կացվում «Հանրաքվեի մասին» ԼՂՀ օրենքի  ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքի  հիման վրա:

Հանրաքվեների և ընտրությունների կազմակերպման տեսանկյունից մեզ համար կարևորվում է ինչպես ձգտումը՝ մեր երկրում անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխանող հանրաքվեներ և ընտրություններ, այնպես էլ դրա համար հիմք հանդիսացող իրավական դաշտի անընդհատ կատարելագործումը: Դա մեր իրականության մեջ իր արտացոլում է ստացել թե «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների տեսքով  և թե նոր ընտրական օրենսգրքում:

Օրենսդրության կատարելագործումը մշտապես մեր օրակարգում է և պատասխանատուներիս առջև միշտ խնդիր ենք դնում առավել կատարելագործված օրենսդրական դաշտ ապահովել ընտրողների ընտրական իրավունքի լիարժեք իրականացման համար, միևնույն ժամանակ առավել հստակ ու մատչելի աշխատանքային պայմաններ ստեղծելով ընտրական հանձնաժողովների համար: Ի դեպ, օրենսդրական այդ բարելավումների հիմքում  նաև ԼՂՀ ընտրական գործընթացին հետևելու նպատակով Արցախ այցելած անկախ միջազգային դիտորդների կարծիքներն ու առաջարկություններն են:

Բարելավումների մեջ կառանձնացնեի համակարգի թափանցիկությանն ու գործունեության հրապարակայնությանը վերաբերող նորույթները, որոնք, ի դեպ, մենք կիրառել ենք նաև 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Այսպես.

  • Ø Հստակ սահմանվել է, որ ամբողջ հանրաքվեի գործընթացը կարելի է լուսանկարել և տեսանկարել՝ չխոչընդոտելով հանձնաժողովի աշխատանքներին:
  • Ø Հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների բողոքարկման իրավունքի, մեխանիզմների, ատյանների լայն շրջանակ է սահմանվել. հանրաքվեի արդյունքների մինչդատական բողոքարկման համար նախատեսված ժամկետը երկարաձգվել է ևս 4 ժամով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի, յուրաքանչյուր դիտորդի կամ զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի լայն իրավասություն է տրվում հանրաքվեի տեղամասերում վերահսկողություն, ստուգում իրականացնելու համար, ամրագրվել  է վերահաշվարկի դիմումի ինստիտուտ:

Մամլո ասուլիսի հարգելի մասնակիցներ

Այժմ այն մասին, թե ինչ կազմակերպական աշխատանքներ են տարվել և ինչ նախահանրաքվեի  պատկեր ունենք:

Փետրվարի 20-ի հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի, այսինքն՝ 711-ով ավելի, քան նախորդ` 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա նշանակում է, որ Սահմանադրության հանրաքվեի մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը:

Հանրաքվեն անցկացվելու է հանրապետության ողջ տարածքում, որն ընդգրկում է 11 ընտրատարածք` յուրաքանչյուրում 8000-9000 ընտրողներով: Կազմավորվել  են  թվով 280  հանրաքվեի տեղամասային  հանձնաժողովներ, որից 1-ը`Երևան քաղաքում՝ քվեարկության օրը ՀՀ-ում գտնվող ԼՂՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքն ապահովելու նպատակով, 1-ը` քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորվածների համար:

Ուշադրություն է  դարձվել և հնարավորինս որպես տեղամասային կենտրոններ առանձնացվել  են հիմնականում  նորակառույց կամ վերանորոգված շենքերը: Այստեղ դեռ անելիքներ ունենք, ռազմական գործողություններից հետո ոչ բոլոր տեղամասերում է հնարավոր լինում ժամանակակից պայմանների ստեղծումը, բայց արվել է ամեն հնարավորը, հանրաքվեի պրոցեսը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Մենք մեծապես կարևորում ենք քաղաքացիների հետ անմիջականորեն շփվող հանրաքվեի հանձնաժողովների դերը, և դասընթացներ կազմակերպելու միջոցով հետևողական աշխատանքներ ենք տարել նրանց անդամների մասնագիտական պատրաստվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ: 2222 հանձնաժողովականներ պատրաստ են գործող օրենսդրության շրջանակներում տեղամասերում անցկացնել Սահմանադրության հանրաքվեն: Նրանց մեծ մասը՝գրեթե 68 տոկոսը, անկուսակցական է, 66 տոկոսը` կանայք, իսկ 30-40 տոկոսն էլ երիտասարդ քաղաքացիներ են, ովքեր առաջին անգամ են մասնակցում համապետական նշանակության հանրաքվեի:

Արդեն ավարտվել է հանրաքվեի քարոզարշավի ժամկետը, որը մեկնարկել էր հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրից անմիջապես հետո և տևել մինչև փետրվարի 18-ը: Այս ժամանակահատվածը սովորաբար աչքի է ընկնում բավական ակտիվ մթնոլորտով և այդ ընթացքում քարոզչության բոլոր սուբյեկտների համար անկողմնակալ վերաբերմունք ապահովելը միշտ էլ հանրաքվեի հանձնաժողովների օրակարգում էր գտնվում: Գործել են Սահմանադրության նախագծի ընդունմանը կողմ  և դեմ քարոզող 32 քարոզչական շտաբեր: Քարոզարշավի ընթացքում որևէ միջադեպ, առավել ևս` խախտում չի արձանագրվել: Հանրության շրջանում բացատրական աշխատանքներ է ծավալել այդ նպատակով հասարակական կազմակերպությունների կողմից ձևավորված իրազեկման կենտրոնը:

Մեր ուշադրության հիմնական առանցքում տեղեկատվական աշխատանքների առավել աշխուժացումն էր, գործում է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնը, ԿԸՀ կայքը: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը նաև մշակել է դիտորդների և հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների համար ուղեցույցեր, ընդ որում` նաև անհատական ուղեցույցեր, տեղեկատվական զանազան պաստառներ ու ցուցանակներ:

Տարիների հետ միջազգային հետաքրքրվածությունը մեր երկրի հանդեպ ավելանում է: օրինակ, 1991թ. անկախության հանրաքվեին մասնակցում էր ընդամենը 40 դիտորդ: Այսօր` Սահմանադրության հանրաքվեին հրավիրված ու մասնակցում են 30-ից ավելի երկրներից  104 միջազգային դիտորդներ,  103 տեղական դիտորդներ, ԶԼՄ-րի 80-ից ավելի  ներկայացուցիչներ: Այս հանգամանքը մեզ համար և ուրախալի է և միաժամանակ պարտավորեցնող:

Հարգելի ներկաներ

Ավարտելով խոսքս, հավատացած եմ, որ փետրվարի 20-ի` մեր երկրի համար այս խորհրդանշական օրը` Արցախի վերածննդի օրը, Սահմանադրության հանրաքվեն անցկացվելու է պատշաճ մակարդակով: Հանրաքվեն պետք է ավելի արդարացի, կազմակերպված և օբյեկտիվ լինի: Համոզված եմ, որ դա գիտակցում են թե ընտրական համակարգի պատասխանատուները և թե իրենց իրավունքն իրացնող ԼՂՀ քաղաքացիների  մեծ մասը:

Ընդհանուր առմամբ, Արցախի հանրապետության քառորդդարյա պատմության ընթացքում կազմակերպվել են համապետական նշանակության 2 հանրաքվեներ, Հանրապետության Նախագահի` 5 և Խորհրդարանական 6 ընտրություններ, տեղական հանրաքվեներ ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Արցախի Հանրապետությունում հանրաքվեներն ու ընտրությունները, որպես կանոն, միշտ էլ աչքի են ընկնում քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Օրինակ, 1991թ. ԼՂՀ անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրողների 82,2 տոկոսը, իսկ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեին` 87,2 տոկոսը: Իսկ ընտրություններին ընտրողների մասնակցության միջին ցուցանիշը 65-70 տոկոս է: Հուսով եմ` փետրվարի 20-ի Սահմանադրական հանրաքվեին մեր քաղաքացիների մասնակցությունը ևս ակտիվ կլինի:

Շնորհակալություն ուշադրության համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter