HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Վարկային ծրագրի վտանգավոր «պաուզան». Ավագ դպրոցների հիմնանորոգման ծրագիրը կարող է կիսատ մնալ

Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության միջև կնքված «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը ճանապարհի կեսին արգելակել է: Այս ծրագրով մինչև 2019թ. պետք է հիմնանորոգվեր հանրապետության 17 ավագ դպրոց: Վարկային ծրագրի մեկնարկից շուրջ երեք տարի անց պարզվում է, որ ավագ դպրոցների հիմնանորոգման համար նախապես հաստատված բյուջեն կարող է չբավականացնել: Հարցականի տակ է, թե ծրագրով հաստատված դպրոցներից քանիսը կհիմնանորոգվեն:

«17 կլինի, թե 12, թե 10, թե 8, մենք կիմանանք, երբ որ վերահաշվարկը ամբողջական կլինի, և մենք կիմանանք, թե այդ գումարի հաշվին որքան դպրոց ի վիճակի կլինենք իսկապես բոլոր պահանջվող ստանդարտներով հիմնանորոգել»,- այժմ ասում է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը:

«Կրթության բարելավում». ավագ դպրոցների մի մասը կարող է հիմնանորոգվել միայն թղթերում

«Կրթության բարելավում» վարկային ծրագիրը (պայմանագրի համարը` P130182), ըստ Համաշխարհային բանկի պաշտոնական կայքէջի, հաստատվել է 2014թ. մարտի 13-ին: Ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է 37,5 միլիոն ԱՄՆ դոլար:

Համաձայն ՀԲ-ի փաստաթղթերի` նշված գումարից 15 միլիոն դոլարը հատկացրել է «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը», մյուս 15 միլիոնը` «Միջազգային զարգացման ասոցիացիան», 7 միլիոն 500 հազար դոլարը համաֆինանսավորել է վարկառուն` Հայաստանի Հանրապետությունը: Ծրագիրն իրականացնող կառույցը կրթության և գիտության նախարարությունն է` ի դեմս «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի:

Ծրագրի ամենաթանկ բաղադրիչը հանրապետության 17 ավագ դպրոցների հիմնանորգումն է: Շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլար արժեցող այս բաղադրիչը ենթադրում է Հայաստանում ավագ դպրոցների ցանցի հզորացում` հիմնանորոգելով գոյություն ունեցող հաստատությունները, բարելավելով դասավանադելու և սովորելու պայմանները, ներառյալ` դասարաններում թվային ուսուցման նյութերի և սարքավորումների ապահովումը:

«Ակնկալվում է, որ մինչև ծրագրի ավարտը նվազագույնը (at least) 17 ավագ դպրոցներ ամբողջապես կվերականգնվեն (rehabilitate) և կառաջարկեն կրթական ծառայություններ դասավանդման և ուսուցման բարելավված միջավայրերում»,- կարդում ենք Համաշխարհային բանկի վարկային ծրագրի վերաբերյալ ինֆորմացիոն առաջին փաստաթղթում: Ավելի ուշ ծրագրի գնահատման փաստաթղթում «նվազագույնը 17»-ը փոխարինվեց «մոտ (approximately) 17» ձևակերպմամբ:

«Հետք»-ը կրթության և գիտության նախարարությունից գրավոր հարցմամբ ստացավ այն ավագ դպրոցների ցանկը, որոնցում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել «հիմնանորոգման աշխատանքներ»:

ԿԳՆ-ն մեզ ներկայացրեց հանրապետության տարբեր մարզերի հետևյալ 17 դպրոցների ցանկը:

«Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց», «Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց», «Արարատի ավագ դպրոց», «Նոյեմբերյանի ավագ դպրոց», «Հրազդանի Խ.Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց», «Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց», «Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 դպրոց», «Գորիսի թիվ 1 ավագ դպրոց», «Արտաշատի ավագ դպրոց», «Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց», «Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց», «Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց»,  «Գյումրու թիվ 17 դպրոց», «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց», «Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց», «Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ները և «Խ.Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի հենակետային դպրոցը:

Նշված դպրոցներից հինգի հիմնանորոգման աշխատանքները, ըստ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի և Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների, սկսվել են, սակայն դեռ չեն ավարտվել:

Առաջին փուլով ընտրված դպրոցների հիմնանորոգման գումարը չէր գերազանցում 1 միլիոն ԱՄՆ դոլարը: Մասնավորապես Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոցի հիմնանորոգման պայմանագիրը կնքվել է 700 միլիոն, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցինը` 455 միլիոն, Հրազդան քաղաքի No1 դպրոցինը` 461 միլիոն դրամով (գինը ներառում է ԱԱՀ-ն, արժեքները մոտավոր են. դրանց ստույգ արժեքները տես այստեղ):

Երկրորդ փուլով ընտրված դպրոցների հիմնանորոգման համար ավելի շատ գումար է հատկացվել: Համաձայն Համաշխարհային բանկի հրապարակած փաստաթղթի և ԾԻԳ-ի ծանուցման` երկրորդ փուլով հիմնանորոգվում են Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի No 2 ավագ դպրոցը և Արարատի մարզի Արարատ քաղաքի ավագ դպրոցը, որոնց շինարարական աշխատանքների պայմանագրերը կնքվել են համապատասխանաբար շուրջ 1,9 միլիոն և 1,5 միլիոն ԱՄՆ դոլարով:

Հայտնի չէ, սակայն, թե երբ են մեկնարկելու մնացած 12 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները կամ արդյոք դրանց բոլորին հերթ կհասնի այս վարկային ծրագրով:

Այն, որ վարկային ծրագիրը կիսատ իրականացվելու վտանգի առաջ է, հուշում էր կրթության և գիտության նախարարության 2016թ.-ը ամփոփող հաշվետությունը:

Ըստ ԿԳՆ-ի` մնացած 12 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների արժեքը, նախագծանախահաշվային փաստաթղթերով, կազմել է 30.77 միլիոն ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ ծրագրի գնումների պլանով նախատեսված էր 11,6 մլն ԱՄՆ դոլար: «Նոր հաշվարկը գերազանցել է ծրագրի գնումների պլանը 19,17 միլիոն դոլարով»,- հայտնում է նախարարությունը:

Տես 1-2-րդ էջերը

Ի՞նչ է ստացվում: 17 ավագ դպրոցների հիմնանորոգման ընդհանուր բյուջեն, որը չէր գերազանցում 18 միլիոն դոլարը, այժմ ևս 19 միլիոն դոլարի կարի՞ք ունի ծրագրին համապատասխանելու համար: Ծրագրի նախնական և վերահաշվարկված բյուջեների միջև, ըստ նախարարության, կրկնակի տարբերություն է առաջացել:

«Անկեղծ ասած, միշտ սենց բան լինում է, որ զուտ տեխնիկական առումով գնահատում են, բայց մեկ էլ հանկարծ պարզվում է, որ ինքը ավելի գլոբալ պրոբլեմ է: Տարիների ընթացքում նման բաներ եղել են»,- մեզ հետ զրույցում ասում է Համաշխարհային բանկի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը:

Իսկ եղե՞լ է, որ վերահաշվարկը կրկնակի գերազանցի նախատեսած բյուջեն. պատասխանում է. «Հիմա կդժվարանամ հիշել, բայց նման բան եղել, է, որ գումարը աճել է: Դա նորմալ պրոցես է, ուղղակի տվյալ դեպքում ցավը նա է, որ խոսքը դպրոցների մասին է»:

Ո՞վ է բյուջեների կրկնակի տարբերության մեղավորը

«Կրթական ծրագրերի կենտրոն»-ի ծրագրերի ղեկավար, փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում պարզաբանում է, որ երբ բանակցում էին վարկի համար, հաշվարկվել է մոտ մեկ միլիոն դոլար՝ մեկ դպրոցի հիմնանորոգման համար, սակայն թե ստույգ որ դպրոցներն են վերանորոգվելու, կամ որքան տարածք է վերանորոգվելու, այդ պահին իրենց համար հստակ չի եղել:

«Որոշվել է մոտ 17 դպրոց վերանորոգել, և ոչ թե կոնկրետ նախահաշիվ է կազմվել, այլ կազմվել է ծրագրի բյուջե: Հիմքը վերցվել է «Լինսի» հիմնադրամով կատարված վերանորոգումները, մոտ մեկ միլիոն` յուրաքանչյուր դպրոցին: Իսկ թե դպրոցները ինչ ծավալի են և ինչ վիճակում են, ինչպիսի շինարարական աշխատանքներ է պետք է անել, պարզվում է ծրագրի ընթացքում: Եվ ծրագրերն էլ շատ հաճախ վերանայվում են` կապված ընթացքի իրականացումից»,- ասում է Հասմիկ Ղազարյանը:

Ճշգրտմանը, որ նույն տրամաբանությամբ այժմ կատարված հաշվարկը կարող էր եռակի կամ քառակի գերազանցել նախահաշիվը, ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավարը պատասխանեց. «Խնդրում եմ, շինարարության հարցով ինձ հետ մի քննարկեք»: Նշենք, որ Հ. Ղազարյանը վարկային ծրագրի հաստատման ժամանակ եղել է ԾԻԳ-ի տնօրենը և պաշտոնավարել է մինչև 2016թ.-ը:

Ինչպես է ծրագրի նախնական և վերահաշվարկված բյուջեների մեջ կրկնակի տարբերություն առաջացել, փորձեցինք պարզաբանում ստանալ «Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանից: Նա ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատարն է 2016թ. հունիսից, իսկ մինչ այդ պաշտոնավարել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում` որպես տնօրեն:

Զրույցի ընթացքում Գ.Հովհաննիսյանը խնդրեց հարցերը գրավոր ուղարկել, ճշտմանը` գրավոր տարբերակով կունենա՞նք հարցի հստակ պատասխանը, ասաց. «Դուք ասում եք` ինչո՞ւ է գերազանցել, բայց դեռ վերջնական չէ, ամփոփված չէ: Հիմա մասնագետները, նախագծողները և այլ մասնագետները նայում են: Ամփոփելուց հետո ի հայտ կգա դա` գերազանցել է, թե չի գերազանցել»:

Դիտարկմանը, որ ԿԳՆ-ն արդեն իսկ բարձրաձայնել է շուրջ 19 միլիոն դոլարի մասին, Գրիշա Հովհաննիսյանը պատասխանեց. «Բան չունեմ ասելու, ճիշտ եք ասում, հիմա գերազանցման հետ կապված նայում ենք` ինչու է գերազանցել: Հիմա Դուք ընթացքն եք ուզում, ես ասում եմ, որ չի ավարտվել դա: Քննարկման փուլին տարբեր մասնագիտական կառույցներ են մասնակցում, դա ընթացքի մեջ է»:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ. «Հնարավոր չէր կանխատեսել»

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանի խոսքով` ծրագրի սկզբում հնարավոր չի եղել կանխատեսել, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի` դպրոցների հիմնանորոգման համար նախատեսված բյուջեն չի բավականացնելու:    

Նախապես տարբեր մարզերում, ըստ Վ. Սարգսյանի, ճշտվել են նորոգման ենթակա դպրոցների հասցեները, կազմվել է 17 դպրոցների ցանկը, ու նախատեսվել շուրջ մեկ միլիոն դոլար՝ յուրաքանչյուր դպրոցի շինարարության համար: Սակայն երբ սկսել են պատրաստել դպրոցների շինարարության նախահաշվարկային փաստաթղթերը, իրենց համար պարզվել է, որ դպրոցները ոչ թե նորոգման, այլ հիմնանորոգման կարիք ունեն, որի համար նախատեսված գումարն արդեն չի բավականացրել:

«Մասնավորապես երբ արդեն շինարարական պրոցես սկսվեց, պարզ դարձավ, որ դպրոցները գտնվում են ծայրահեղ վթարային վիճակում: Եվ բնական է, որ մենք այնտեղ պաուզա տվեցինք, որ խոսքը նորոգման մասին չի կարող գնալ, խոսքը պիտի գնա հիմնանորոգման մասին: Իսկ հիմա սեյսմակայուն շինարարություն կոչվածը բավական թանկ հաճույք է», - շարունակում է Վիգեն Սարգսյանը:

Այստեղ ՀԲ ներկայացուցչի պարզաբանումը ընդհատենք կրթության և գիտության նախարարության պարզաբանմամբ, որովհետև դրանք միմյանց հակասում են:

Նախարարությունը ավելի վաղ, «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել էր ծրագրում ներառված ավագ դպրոցների ընտրության սկզբունքի մասին: Պատասխանում հստակ նշվում էր, որ դպրոցները ընտրվել են հիմնանորոգման և ոչ նորոգման համար:

Ըստ պատասխանի` «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցները կատարել են ՀՀ-ում գործող ավագ դպրոցների ենթակառուցվածքների կարիքների գնահատման և սեյսմիկ անվտանգության վերաբերյալ ուսումնասիրության աշխատանքներ, որի հիման վրա կատարվել է դպրոցների դասակարգում` համաձայն գնահատման արդյունքների (ձևաչափերը հաստատվել են ՀԲ-ի կողմից), և առավելագույն միավորներ ստացած դպրոցներն ընդգրկվել են հիմնանորոգման ցանկում»: 

Ի հակադրություն ԿԳՆ-ի այս պատասխանի` «սեյսմակայուն կոմպոնենտով» հիմնանորոգումը, ըստ ՀԲ ներկայացուցչի, նախատեսված է եղել ոչ բոլոր դպրոցների դեպքում: «Ինքը, ըստ էության, ներառված չի եղել, ինքը, կարող եմ ասել, մոտավորապես նախատեսված է եղել, որ եթե հանկարծ նման խնդիր ծագի, դպրոցներից մեկ-երկուսը, բնական է, պիտի ենթարկվեն այ էդ շինարարությանը, այդ որակի հիմնանորոգման, բայց որ խնդիրը կգնա ավելի մեծ թվի մասին, ոչ ոք ի սկզբանե չի էլ պատկերացրել»:

Հինգ դպրոցների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն իրականացրել է «Բաբայան-ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ն: Ընկերության հիմնադիր, մասնագիտությամբ կոնստրուկտոր Հուսիկ Բաբայանի հետ զրույցը կասկածի տակ է առնում ՀԲ ներկայացուցչի վերևում ներկայացրած այն պարզաբանումը, թե դպրոցների ցանկը ճշտելուց և նախագծահաշվարկային փաստաթղթերը կազմելուց հետո է պարզվել, որ որոշ դպրոցներ կարիք ունեն հիմնանորոգման՝ «սեյսմակայուն կոմպոնենտով»:

«Բոլոր տիպի դպրոցները բարձր կարգի օբյեկտներ են, և ունեն ռիսկայնության 4-րդ աստիճան: Երբ որ կատարվում է վերանորոգում, 4-րդ ռիսկայնության աստիճանի շինությունները, ըստ մեր նորմատիվ պահանջների (մենք ունենք շենքերի, շինությունների և կառուցվածքների վերականգնման, վերակառուցման և ուժեղացման շինարարական նորմեր, ըստ այդ նորմերի՝ մենք ունենում ենք դասը, և ըստ այդ դասի՝ գրված է՝ այ էս կատեգորիայի շինությունը որ տիպով պետք է վերակառուցվի կամ հիմնանորոգվի), հիմնանորոգվում են՝ սեյսմազինվածության մակարդակի բարձրացմամբ: Այդպես է կոչվում»,- ասում է Հ. Բաբայանը:

Ընկերության հիմնադիրը մանրամասնում է, որ երբ կառավարությունը հաստատում է ծրագիրը, և մրցույթով ընտրվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն իրականացնող ընկերությունը, առաջին հերթին կատարվում է շինության նախնական մանրամասն հետազննում: Այդ ժամանակ մասնագետները գնահատում են նաև շինության սեյսմիկ ռիսկայնության աստիճանը և որոշում, թե ինչ տեսակի շինարարական աշխատանքներ պետք է կատարվեն՝ սեյսմիկ վտանգները բացառելու նպատակով: Սեյսմիկ նորմերը, Հուսիկ Բաբայանի բացատրությամբ, ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանի` այժմ բալով չեն որոշվում, սահմանված են երեք գոտիներ:

Առաջին գոտու շինությունները պետք է դիմանան 7-8 բալ, երկրորդ գոտունը՝ 8-9 բալ, երրորդ գոտունը՝ 9 և բարձր բալ ուժգնության երկրաշարժի: Ամեն գոտու շինության համար նվազագույն մակարդակը, ըստ մասնագետի, պետք է ապահովված լինի՝ նախագծահաշվարկային փաստաթղթերով: Հ. Բաբայանի խոսքով՝ դպրոցների շինարարությունը, բնականաբար, ևս նախագծվել և հաշվարկվել է՝ ըստ այդ աշխատանքների:

Ավելի պարզ` մասնագետի բացատրությունը հուշում է, որ բոլոր դպրոցների հիմնանորոգումը, համաձայն նորմատիվ պահանջների, իրականացվում է սեյսմազինվածության մակարդակի բարձրացմամբ: Հետևաբար  նշված «սեյսմակայուն կոմպոնենտը» ծրագրի ղեկավար կազմի համար անկանխատեսելի, առավել ևս` բյուջեի կրկնակի աճի պատճառ չպետք է դառնար:

Մրցույթով ընտրված ընկերության պայմանագրի արժեքը կարող է բարձրացվել մրցույթից դուրս

Նշված 17 դպրոցներից հինգի հիմնանորոգման աշխատանքները, արդեն նշեցինք, մեկնարկել են: Հիմնանորոգում իրականացնող ընկերությունները (դրանց կանդրադառնանաք առաջիկայում) ընտրվել են մրցույթով: Այսինքն` նրանց գնային առաջարկները ցածր լինելու շնորհիվ են հաղթել այլ մասնակիցների գնային առաջարկներին: Վիգեն Սարգսյանի հետ զրույցի ընթացքում պարզվեց ուշագրավ մի դրվագ` այն, որ այժմ կնքված պայմանագրերի արժեքները ևս կարող են բարձրացվել:

Հինգ դպրոցները, ըստ Վ. Սարգսյանի, վթարային են եղել, և պետք է կապիտալ վերանորոգման ենթարկվեն բոլոր ստանդարտներով: «Եթե սկզբից գումարը եղել է նորոգման [համար], բնական է, որ դա պիտի նորից աճի: Ես հիմա այդ հինգ դպրոցներում կոկրետ չեմ ասի, թե գումարն ինչքան է աճում, որովհետև տարբեր է. դպրոց կա, կարող է մեկուկես միլիոն դոլար լինի, մեկը լինի` երկու միլիոն: Էնտեղ, ըստ էության, տարածքները մաքրել են, թողել են կարկասային վիճակ, որ արդեն ճշտում են՝ կտուրից են սկսում էդ ամրացումը, թե նկուղից են սկսում, դա զուտ շինարարական և այդ սեյսմակայուն շինարարության խնդիրն է, որ կտա վերջնական գումարը»,- պատասխանեց Վ. Սարգսյանը:

լուս.` www.cfep.am-ի

«Բաբայան-ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի հիմնադիր Հուսիկ Բաբայանի վերոնշյալ պարզաբանումը ցույց տվեց, որ նախագծահաշվարկային փաստաթղթերը կազմվել են հիմնանորոգման համար` սեյսմազինվածության մակարդակի բարձրացմամբ: Հետևաբար ընկերությունների հետ չէին կարող կնքված լինել նորոգման պայմանագրեր:

Բացի այդ, Հ. Բաբայանի հետ մեր զրույցը հերքում է ՀԲ արտաքին կապերի պատասխանատու Վ. Սարգսյանի այն խոսքը, որ նշված հինգ դպրոցները վթարային են եղել:

Հուսիկ Բաբայանի խոսքով` յուրաքանչյուր տասը տարին մեկ շինությունները, ըստ նորմատիվ պահանջների, ուսումնասիրվում են, և արդյունքների հիման վրա պատրաստվում է տվյալ կառույցի հետազննման անձնագիրը: Նշված փաստաթղթում արձանագրվում է նաև շինության մաշվածության աստիճանը: «Հինգ դպրոցների մաշվածությունը հիմնականում 35 տոկոս և բարձր են: Այսինքն՝ շենքի մաշվածությունն ինքն իր արժեքից մաշվել է 35 տոկոսի չափով», - մանրամասնում է Հ. Բաբայանը:

Այդ դեպքում կարո՞ղ ենք նշված դպրոցների վիճակը, մասնագիտական լեզվով, որակել ծայրահեղ վթարային կամ վթարային. Հ. Բաբայանը պատասխանեց. «Չէի ասի, որ վթարային են: Վթարային շենքերը նույնիսկ անզեն աչքով, ենթադրենք՝ Դուք լինեք, որ մասնագետ չեք, տանեն ու ցույց տան Ձեզ, Դուք էլ կհամոզվեք, որ դա վթարային է: Վթարային համարում են վթարայնության չորրորդ աստիճան ունեցող շենք-շինությունները: Եվ դրանք ամրագրված են մեր նորմատիվներում»:

Մարտունու հիմնանորոգվող ավագ դպրոցի նախկին և ակնկալվող կառուցվածքը, լուս.` դպրոցի FB էջ

Հուսիկ Բաբայանի որդին` ընկերության տնօրեն Արսեն Բաբայանը, կարծում է, որ ծրագրի բյուջեի գրեթե կրկնակի աճը կարող է հիմնականում պայմանավորված լինել հիմնանորոգվելիք ավագ դպրոցների զբաղեցրած տարածքի մեծությամբ: Նա ցույց տվեց Վաղարշապատի ավագ դպրոցի նախագիծը, որի տարածքը, իր խոսքով, մի քանի անգամ գերազանցում է նախկիններին: Եթե տնօրենի այս կարծիքը համարենք ծրագրի բյուջեի կրկնակի աճի հավանական պատճառ, ապա դա ավելի է «բարդացնում» հարցը: Նախնական հետազննում իրականացրած մասնագետները կարող էին «անզեն աչքով» նկատել դպրոցների տարածքների տարբերությունը, ինչից հետո պետք է որ կազմվեր աշխատանքներին համապատասխանող բյուջե:

Վարկային ծրագրին շուրջ 19 միլիոն դոլար ավելացնելու համաձայնությունը պետք է տա կառավարությունը: Կտա, թե ոչ, առայժմ, Վիգեն Սարգսյանի խոսքով, վաղ է ասելը: «Սա մի քիչ թեմայից դուրս եմ ասում, ներկայիս ֆիսկալ պայմաններում մի քիչ ռեալիստիկ չեմ համարում: Բյուջեն բանկը պիտի ավելացնի, բայց կառավարությունը հիմա այդ գումարների նկատմամբ փոքր-ինչ այլ մոտեցումներ է ցուցաբերում: Ես չգիտեմ` դա կմտնի ինչ-որ ծրագրի մեջ, որ բանկին ասեն գումար ավելացրեք, թե չի մտնի, դա այս պահին վաղ է դեռ ասել»:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter