HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Շվեդիայի ոստիկանությունում մահացած հայաստանցին արյան զեղում է ունեցել. դատաբժշկական փորձաքննություն

Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժնում մահացած Հայաստանի քաղաքացի Դավիթ Բարսեղյանի գլխում դատաբժիշկները արյան զեղում են հայտնաբերել, սակայն չի հաստատվել, որ դա է հանդիսացել մահվան պատճառ։ Չնայած դրան՝ շվեդ դատաբժիշկները եզրակացրել են, որ մարմինը ենթակա է հուղարկավորման, ինչն, ըստ փաստաբան Մարկ Սաֆարյանի, կխոչընդոտի մահվան իրական պատճառը բացահայտելուն։

Սաֆարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Դավիթ Բարսեղյանի մահը կարող էր կանխվել, եթե Օրեբրոյի ոստիկանությունում  համապատասխան բուժօգնություն ցուցաբերվեր բերման ենթարկվածին։

«Մեր փաստաբանական գրասենյակն այժմ քննարկում է քաղաքացիական հայցով գործ սկսել, որով փոխհատուցում կպահանջվի Շվեդիայի ոստիկանությունից, քանի որ Օրեբրոյի բաժնի աշխատակիցների գործողությունների անմիջական պատասխանատվությունը նրանք են կրում»,- հայտնում է Մարկ Սաֆարյանը։

Փաստաբանը Դավիթ Բարսեղյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործի հետ մեծ հույսեր չի կապում. նա նշեց, որ այդ մասին կմանրամասնի ավելի ուշ։   

Ըստ վերոնշյալ գործի նյութերի՝ Օրեբրոյի ոստիկանության աշխատակիցները Դավիթի խցում դիտարկում են անցկացրել 5 րոպեն մեկ հաճախականությամբ, այնինչ, ըստ կանոնակարգի, ոստիկանները պիտի դիտարկեն խուցը 15 րոպեն մեկ։ Մարկ Սաֆարյանը նշում է, որ ոստիկանության աշխատակիցները պետք է բացատրեն, թե եթե անձն իրեն վատ չէր զգում, ապա ինչու են նրա խուցը 5 րոպեն մեկ դիտարկել։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին՝ ժամը 22։23-ին, Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքի խցում մահացած վիճակում գտել են Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանին։ Վերջինս ոստիկանների կողմից բերման էր ենթարկվել մահվանից 1,5 ժամ առաջ։ Ըստ Դավիթի կողքին գտնվող վկաների՝ բերման ենթարկվելու պահին և դրանից հետո նա իրեն շատ վատ է զգացել, փսխել է, ինչին ոստիկանության աշխատակիցներն ուշադրություն չեն դարձրել։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter