HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սեյրան Սարոյանի Ուկրաինայի առանձնատունն ու «մոռացված» շինությունները

Բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն մոռանում են, թե ինչ են հայտարարագրել տարիներ առաջ և հրաժարվում են իրենց իսկ գույքից: Այդպես եղավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գալիք ընտրություններին պատգամավորության թեկնածու Սեդրակ (Սեյրան) Սարոյանի դեպքում:

Նվեր ստացած հողամաս և չհայտարարագրած առանձնատուն

2010թ. Գաննա (Աննա) Օնիշչենկոն ՀՀ Աժ պատգամավոր Սեդրակ Սարոյանին անհատույց նվիրել է Օդեսայի նահանգի Օվիդեոպոլսկի շրջանի Միզիկևիչ գյուղում գտնվող իրար հարևանությամբ երկու հողատարածք, որի ընդհանուր մակերեսը 0.200 հեկտար է: Հողամասը նախատեսված է կառուցապատման համար, ինչն էլ իրականացվել է, սակայն շինարարությունը մնացել է անավարտ:

Օնիշչենկոն նշված տարածքի սեփականատեր է դարձել 2005թ.: Թեև հայաստանցի պատգամավորին է նվիրել նշված անշարժ գույքը, սակայն կոմունալ վճարները կատարվում են դեռ Օնիշչենկոյի անունով:

ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը իր սկզբնական հայտարարագրում նշել է նաև Միզիկևիչում գտնվող գույքի մասին, սակայն այժմ չի «հիշում», որ նման գույք ունի:

Բանն այն է, որ Ս. Սարոյանը Ուկրաինայում, մասնավոարապես՝ Օդեսայի նահանգում մի քանի անուն գույք ունի, որից միայն մեկն է հայտարարագրել: Քանի որ գույքը մեկից ավելին է, պատգամավորը շփոթվել և հայտարարագրել է Միզիկևիչ գյուղում գտնվող այն գույքը, որի մասին այժմ չի հիշում և իր անունով չէ: Փոխարենը չի հայտարարագրել այն գույքը, որի մասին խոսում է, թեև մեծ դժվարությամբ:

Մենք եղել ենք այդ հասցեում: Իրար հարևանությամբ գտնվող երկու հողամասերից մեկի վրա վեր էր խոյանում երկհարկանի մի շինություն: Թաղամասում բնակվում էին մեծամասամբ մեծահարուստներ, կային բավականին շքեղ առանձնատներ:

Հարևանները գիտեին, որ նշված տունը պատկանում է հայաստանցի գեներալի: Նրանք պատմում էին, որ գեներալը հաճախ է լինում Օդեսայում, սակայն իր շքեղ առանձնատանն է ապրում, որը գտնվում է այդ շինությունից քիչ հեռու՝ ծովին մոտ: Նշված թաղամասում ևս մեծահարուստներ են ապրում: Իսկ կիսատ մնացած շինությունն էլ պատգամավորը նպատակ է ունեցել դարձնել հյուրանոց, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարությունը կիսատ է մնացել:

Թաղամասը, որտեղ ամռան ամիսներին ապրում են Սեդրակ Սարոյանն ու իր ընտանիքի անդամները, հսկվում էր անվտանգության աշխատակիցների կողմից և այնտեղ կողմնակի  մարդկանց մուտքն արգելված էր: Դա էր պատճառը, որ չկարողացանք տեսնել այն: Միայն տան տերերի համաձայնությամբ կարող էինք մուտք գործել, իսկ այդ ժամանակ Սարոյաններն Ուկրաինայում չէին:

Կիսակառույցում պահվող խունացած ու տեղ-տեղ դեղնած հատակագծից, որի պատվիրատուն եղել է Սեդրակ Սարոյանը, պարզ դարձավ, որ կիսակառույց շենքն ունի նկուղային հարկ, որի մակերեսը մոտ 265քմ է, ևս երկու հարկ և ձեղնահարկ: Նկուղային հարկում կա մոտ 68քմ մակերեսով ընդհանուր հյուրասենյակ, գինու համար նախատեսված առանձին սենյակ, համտեսի սենյակ, մարզասրահ, որի մակերեսը մոտ 49քմ է, տնային կինոթատրոն և այլն: Մնացած հարկերը և ձեղնահարկը բնակելի հատվածն են:

Շինությունն ընդհանուր առմամբ ունի 58 սենյակ, որից 11-ը՝ ննջասենյակ, 17-ը՝ սանհանգույց, 3-ը՝ մեծ սրահ և այլն: Շինությանը պահակություն էին անում ուկրաինացի ամուսիններ, որոնք բնակվում էին տարածքում կառուցված տնակում:

Ուկրաինայի Օդեսայի նահանգում Սեյրան Սարոյանը վաղուց է բիզնես կապեր հաստատել: Նա ծովափին ունի վարձակալած լողափ, ժամանակին աշխատեցնում էր նաև «Դուդուկ» հայկական ռեստորանը, սակայն արդեն 3-4 տարի է հրաժարվել է «Դուդուկից» և այն «Արտ-Շար» անվանումով շահագործում են դարձյալ հայեր՝ Արտաշատ քաղաքից: «Տեսանք մեր բիզնեսը չի, մեր խելքի բանը չի, հետ տվեցինք»,-ասում է Սեդրակ Սարոյանը:

Հայտարարագրված, բայց իրականության հետ կապ չունեցող գույք

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 

«Հիշատակված ողջ անշարժ գույքը նույնական է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում արտացոլված անշարժ գույքի հետ: Ս. Սարոյանի կողմից ներկայացված 2012-2016թթ. տարեկան հայտարարագրերում արտացոլված տվյալների համաձայն՝ համապատասխան ժամանակահատվածում անշարժ գույք չի օտարվել»:

Այնուհանդերձ, պատգամավորը հրաժարվում է իր իսկ հայտարարագրած գույքից:

2011-2015թթ. էթիկայի հանձնաժողով ներկայացրած Սեդրակ Սարոյանի հայտարարագրերով նրա եկամուտները և դրամական միջոցները նվազել են: Իսկ Կինը՝ Լիանա Սարոյանը, առհասարակ եկամուտ չի ստանում:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանցից հայտարարագիր են ներկայացնում միայն ամուսինը, նրա հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը:

Սեդրակ Սարոյանի չափահաս երկու որդիները՝ Զարզանդ և Աշոտ Սարոյանները, միայն 2011թ. են հայտարարագիր ներկայացրել են: Նրանք ամուսնացել են և այլևս հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ չեն: Նշված տարում եկամուտ ցույց է տվել միայն ավագ որդին:

«Ես կսթրվե՞մ կվարտիրի մեջ»

Մինչ Սեդրակ Սարոյանից պարզաբանում ստանալը վերջինիս օգնական Գևորգ Ստեփանյանն ասաց, որ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, թե Սարոյանը Ուկրաինայում գույք ունի:

«Ուկրաինայում ոչ մի բան չունի, ես ձեզ կարամ ասեմ հստակ»,-ասաց պատգամավորի օգնականը:

Օրեր անց մեզ հաջողվեց պարզաբանում ստանալ նաև Սեյրան Սարոյանից: Նա էլ դժվարությամբ հիշեց, որ գույք ունի: Սկզբում ասաց, որ «էն վախտերին» է ունեցել, սակայն մոր անունով:

«Դաժե մորս անունով էլ չի եղել, վայթե մեր Օդեսայի Վանիկի անունով է եղել, մենք ընդեղի գրաժդանստվա չունենք: Իրա անունով ա եղել, ծախել ա»,-ասաց Սեդրակ Սարոյանը: Հարցին, թե այս պահին գույք չունի՞, նեղսրտեց. «Հո երեխա չեմ»:

Երբ հերթական անգամ հիշեցրինք, որ ինքն է իր հայտարարագրում նշել ուկրաինական տան ու հողամասի մասին, «հիշեց», որ ունի և ամեն տարի գնում այնտեղ ապրում են՝ ապրիլից մինչև սեպտեմբեր:

Ասաց, որ ընդամենը մեկ հողամաս ունի, որի վրա էլ գտնվում է սեփական առանձնատունը: «10 հատ առնում եմ ինչ անեմ, հլա ասա: Որ գնում ժամանակավոր մնում ենք, երեխեքի կեսն էլ չեն գալիս, 10 հատ տուն առնենք ի՞նչ անենք, մի տունը հերիք չի՞: Սեփական տուն ա, բա տունը հողի վրա ա սարքած, կվարտիրա հո չէ, ես կսթրվե՞մ կվարտիրի մեջ, շունչս կկտրվի»,-չհայտարարագրած գույքի մասին պարզաբանում տվեց Ս. Սարոյանը: Իսկ թե ինչու էր օգնականի բերանով պատասխանում, որ Ուկրաինայում ընդհանրապես անշարժ գույք չունի՝ չհստակեցրեց:

Պատգամավորը նաև հերքեց, որ հանգստյան գոտի ունի Օդեսայում. «Սաղ Օդեսան էլ մերն ա, Օդեսան սաղ հանգստի գոտի ա, որ ունենամ ումի՞ց եմ վախում, հլա ասա: Ես ումից կարամ վախենամ, գողցե՞լ եմ այս երկրից, փողային պաշտոնի՞ եմ եղել, որ վախենամ: Որ ունենամ, կասեմ, էլի»:

Սեդրակ Սարոյանը, ակնարկելով Արցախյան ազատամարտի տարիները, նշեց, որ 20 տարի օձ ու կարիճների մեջ է եղել և չէր կարող բիզնեսով զբաղվել: «Ես որտե՞ղ էի, որ մի հատ էլ բիզնես անեի: Ես ի՞նչ եմ հասկանում բիզնեսից, որ գնամ բիզնես անեմ: Կարա՞մ, իմ խելքի բանը չի: Զահլա ունե՞մ, թող տղերքս զբաղվեն»,-ավելացրեց Սեդրակ Սարոյանը:

Սարոյանը հրաժարվում է իր ունեցվածքից

Օդեսայում գտնվող գույքը Սարոյանի ու նրա ընտանիքի անդամների միակ ունեցվածքը չէ: Նրանք Հայաստանում էլ ունեն տներ, հողամասեր, գործարաններ: Սակայն Սեդրակ Սարոյանը դրանից էլ է հրաժարվում: Ասում է՝ կամ հորն է պատկանել, կամ՝ մորը, իսկ ինքը բիզնեսի հետ կապ չունի: Նշենք, որ Սեդրակ Սարոյանի հայրը՝ Ֆիրդուս Սարոյանը, մահացել է 2012թ. մայիսին:

Էջմիածին քաղաքի սկզբնամասում գտնվող երկհարկանի շքեղ առանձնատունը, որն ունի նաև մեծ լողավազան, խորհրդային տարիներին եղել է պետական շենք: Սարոյաններն այժմ այդ տանն են ապրում: Պատգամավորը հաստատեց այդ տեղեկությունները: Ասաց, որ ներկայիս առանձնատունը եղել է գյուղվարչության շենքը, իսկ հայրը եղել է գյուղվարչութան պետը:

«Դաժե ես չեմ էլ ուզել վերցնեմ, ասին՝ ամոթ ա, որ քո հոր աշխատատեղը ուրիշ մարդ վերցնի: Դրա խաթր վերցրինք, ընկանք ձեռը կրակ: Վերջում մտածեցի, որ կարելի է տուն սարքել ըտեղ»,-ասաց Ս. Սարոյանը՝ հավելելով, որ շենքը հին է եղել, փայտյա տանիքով: Նշենք, որ Սեդրակ Սարոյանն այդ առանձնատունը տարիներ առաջ հայտարարագրել է որպես սեփական գույք, սակայն մեզ հետ զրույցում հրաժարվեց և նշեց, որ դա իր հոր տունն է, նրա անունով է եղել:

Մեր տեղեկություններով՝ նման շքեղ առանձնատուն ունի Ազատություն պողոտայում, որը կառուցել է իրեն պատկանող հողատարածքի վրա: Սակայն պատգամավորը հրաժարվեց նաև դրանից: Փորձեցինք այդ տարածքում գտնել Սարոյանի տունը, սակայն մեզ չհաջողվեց առաջ գնալ՝ մեծահարուստ օլիգարխներին պատկանող առանձնատների անվտանգության աշխատակիցները պարզապես թույլ չտվեցին:

«Ա՜, ստից խոսում են: Այդ տունը ցույց տուր, գամ տամ քեզ նվեր: Երևու՞մ ա, որ ես վախեցող մարդ եմ: Հենց այդ տունը գտնես, պրյամոյ վերցրա քեզի»,-ասաց Սեդրակ Սարոյանը:

Սեդրակ Սարոյանին է պատկանում նաև Էջմիածնի «Սարկոպ» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը, որը զբաղվել է գինու, օղու, կոնյակի, հյութերի արտադրությամբ:

«Սարկոպ»-ը Էջմիածնի «Վաղարշապատ» գինու գործարան ՍՊԸ-ի իրավահաջորդն է: Հիմնադրվել է 2007-ին: Հիմնադիրներից մեկը եղել է Սեդրակ Սարոյանի մայրը՝ Օֆիկ Սարոյանը: Վերջինս ընկերությունից դուրս է եկել 2009թ. և նույն թվականին ընկերության 50% սեփականատեր է դարձել Սեդրակ Սարոյանը: Մյուս 50%-ի սեփականատերը ռուս գործարար է՝ Յուրի Կոպտևը: Սեդրակ Սարոյանն ասաց, որ այս ընկերությամբ էլ է հայրը զբաղվել, իսկ այժմ որդիներն են զբաղվում, քանի որ «զահլա չունի»:

Նշենք, որ «Սարկոպ» ՍՊԸ-ի դեմ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016թ. մարտ ամսին հարկադիր սնանկացման գործընթաց է սկսել, և գործն այժմ դատարանում է:

2003թ. Օֆիկ Սարոյանի կողմից հիմնադրվել է «Նիկ ընդ Վազգ» ՍՊԸ-ն: Ընկերությունը զբաղվել է օգտակար հանածոների արդյունահանմամբ: Մասնավորապես՝ արդյունահանել է Լուկաշինի տուֆը: Սակայն, ըստ պետռեգիստրի տվյալների՝ Օ. Սարոյանը ընկերությունից դուրս է եկել 2009թ. և այժմ սեփականատերն այլ մարդ է:

Պատգամավորի մորն է պատկանում նաև Երևանի Կենտրոնում գտնվող «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ն:

Սարոյաններին է պատկանում նաև 2005թ. ստեղծված «Ֆիրդուս Սարոյան» ՍՊԸ-ն: Ըստ պետական ռեգիստրի՝ ընկերության միակ սեփականատերը շարունակում է մնալ պատգամավորի հանգուցյալ հայրը՝ Ֆիրդուս Սարոյանը:

Ընկերությունը զբաղվում է գազալցակայաններում ավտոմեքենաների համար հեղուկ գազի մանրածախ վաճառքով, գազալցակայան ունի Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: Խարբերդցիները գիտեն, որ ընկերության իրական սեփականատերը Սեդրակ Սարոյանն է: Նշեք, որ «Ֆիրդուս Սարոյան» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն պատգամավոր Սարոյանի հաշվառման հասցեն է՝ Էջմիածնի Չարենցի փողոցը:

100%-ով Սեդրակ Սարոյանին է պատկանում 2013թ. հիմնադրված «Ս. Սարոյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Ընկերությունը հաշվառված է Էջմիածնում: Այժմ գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, սակայն հարկային մարմնից տեղեկանում ենք, որ ընկերությունը զբաղվում է մանրածախ առևտրով: «Ս. Սարոյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրենը պատգամավորի ավագ որդին է՝ Զարզանդ Սարոյանը:

2010թ. հենց նա է հիմնադրել ու տնօրինում իր անունով ընկերությունը՝ «Զարզանդ Սարոյան» ՍՊԸ-ն: Այս ընկերությունն էլ զբաղվում է գովազդային վահանակների տեղադրմամբ:

Սեդրակ Սարոյանի որդիներն իրենց անուններով ունեն նաև ԱՁ-ներ, որոնց միջոցով զբաղվում են մանրածախ առևտրով:

Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում Սարոյաններն ունեն նաև հողամասեր, սակայն դրանք վերջիններիս անունով չեն:

Մեկնաբանություններ (2)

Աշոտ Հովսեփյան
Սա որ «էս բարեհամբույր ու ժողովրդական գենեռալի» ունեցվածքն է՞, հապա ավելի «օդիոզներինը» որչափ շատ է: Տեսնես երբևէ դրանց աչքը կկշտանա՞... Թերևս մի բուռ հողով: Անշուշտ և անտարակույս: Հին ճշմարտություն է: Իսկ թե պատմական անցյալից տեղյակ լինեին (ոչ թե հերոսական, այլ իրենցից զորեղ նախարարական տների անհետացման)՝ գուցե թե այդքան աչքածակ չլինեին:
Աշոտ Հովսեփյան
Սա որ «էս բարեհամբույր ու ժողովրդական գենեռալի» ունեցվածքն է՞, հապա ավելի «օդիոզներինը» որչափ շատ է: Տեսնես երբևէ դրանց աչքը կկշտանա՞... Թերևս մի բուռ հողով: Անշուշտ և անտարակույս: Հին ճշմարտություն է: Իսկ թե պատմական անցյալից տեղյակ լինեին (ոչ թե հերոսական, այլ իրենցից զորեղ նախարարական տների անհետացման)՝ գուցե թե այդքան աչքածակ չլինեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter