Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Օձունում հողին հանձնեցին շարքային Լեռնիկ Օսյանին



Լեռնիկ Օսյանն ընտանիքի միակ զավակն էր: Փետրվարի 18-ին 19-ամյա Լեռնիկ Օսյանի մահվան բոթից Օձունը պապանձված էր. «Ուրիշի համար հող փորելով, մոշ քաղելով է մայրը երեխին մեծացրել: Էս է իրենց տունը: Էս է Սուսաննայի ապրելակերպը: Փայտ չունի, անապահով ընտանիք է, նպաստ չի ստանում, աշխատանք չունի: Անառողջ է: Օպերացիայի ենթակա է:  Մի օր հաց է կերել, մի օր` կերել չի: Էդ մի երեխան ուներ: Սրա-նրա տունը մաքրում է, որ 1000 դրամ տան, հացի փող անի»,-պատմեց Սուսաննայի տարեց մորաքույրը՝ Արաքսյան:

Կիսաքանդ տունը ժառանգություն է մնացել Սուսաննայի ծնողներից: Սուսաննան տարիներ շարունակ այդպես էլ չէր կարողացել վերանորոգել տունը: Տան փայտե աստիճանները փտած են: Ներսում նույնպես ամեն ինչ կիսաքանդ է,  աչքին են զարնում երկաթե մի քանի հնամաշ մահճակալները: Սուսաննան տան նկուղում էր ապրում: Իմ այցելության պահին նրա կողքին նստած էին մի քանի բարեկամ ու հարևան կանայք: Ասաց՝ միայնակ մայր է, տղային  իր հայրական ազգանունն է տվել:  Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի առաջարկով  Լեռնիկի հոգեհանգիստը երեկ երեկոյան անցկացրին Օձունի եկեղեցում: Այդտեղ էլ  իր երկրային կյանքի վերջին օրը պետք է անցկացներ սպանված զինվորը:

«Սոցիալապես ծայրահեղ անապահով ընտանիքից էր Լեռնիկը: Բոլոր դեպքերում գյուղի հոգսերով ապրող, չարչարանքով իրենց օրվա հացը վաստակող, աշխատող մարդիկ են: Երևի իրենց ճակատագիրն էր, դժբախտության մեջ ընկան: Սուսաննան շատ աշխատասեր ու խելքահաս կին է:  Գյուղում հարգված կին է՝ իր ընտանիքին նվիրված: Լեռնիկի հայրը  նույնպես աշխատող տղա է, բայց  հակում ունի դեպի խմիչքը: Լեռնիկը խելացի, համեստ և աշխատող երեխա էր: Չէ, իրենք լավ մարդիկ են»,- ասաց գյուղապետ Արսեն Տիտանյանը:

Լեռնիկը զինվորական ծառայության էր մեկնել 7 ամիս առաջ: Փետրվարի 2-ին նա 19 տարեկան էր դարձել: Փետրվարի 4-ին զորամասից 5 օրով արձակուրդ էին ուղարկել Լեռնիկին: Մորը չէր հայտնել արձակուրդ գալու մասին, անակնկալ էր մատուցել։ «Ոնց որ ինքը չլիներ, էդ ինչքան էր փոխվել էս 7 ամսում: Համ չաղացել էր, համ բոյովացել էր: Բնավորությունը ամեն ձևով փոխված էր իմ սիրուն զինվորի: Լրիվ ուրիշ մարդ էր դարձել Լեռնիկը: Արձակուրդ եկած ժամանակ տունն էր ավլում, որ ինձ մի բանով օգնած լինի: Մենակ ուզում եմ տղայիս ձայնը լսեմ, որ ասում էր՝ մամ, ի՞նչ ես կերել, ո՞նց ես»,- ասաց Սուսաննան:

«Մեղք էր այդ երեխան, իրեն հացի կոպեկը աշխատում էր ուրիշների համար չարչարվելով: Մինուճարին ինչու են տանում դիրքեր: Մինուճար երեխան պոկեցին մորից: Ում տեղն են մինուճար երեխեքին բանակ տանում: Ինչ անի էս անճար կինը»,-ասաց Սուսաննայի հարևանուհին՝ Անահիտը:

Սուսաննան շշնջաց. «Էս ոնց եղավ: Ես էդ մի երեխի հույսով էի ապրում»:

Զորամասի հրամանատարի արտագծով տեղակալ Ֆելիքս Ենգիբարյանի խոսքով Լեռնիկ Օսյանը  ծառայել էր հարավային ուղղությամբ տեղակայված  զորամասերից մեկի դիրքային ստորաբաժանումում, եղել է դիրքապահ զինվոր. «Լեռնիկ Օսյանը ծառայության ոչ շատ ստաժ ուներ, վերջին ժամանակներում առաջին արձակուրդն էր մեկնել, բնութագրվում է նորմալ  զինվոր, դրական կողմերով: Իր պարտականությունները բարեխիղճ է կատարել՝ առանց որևէ խախտումների: Զինվորը սպանվել է անմիջական մարտական դիրքում»,- պատմեց զորամասի հրամանատարի տեղակալը:

Նրա խոսքով, Լեռնիկի մահվան հանգամանքները կպարզի նախաքննությունը:

Մորը Թումանյանի զինկոմիսարիատի աշխատողներից են հայտնել, որ մաքրելու ժամանակ է Լեռնիկի զենքը կրակել: Մայրը դրան չէր հավատում. «Ամենքը մի բան են ասում, ես չեմ իմանում ոնց է եղել: Երեխես լավ ծառայող է եղել: Իրա  հրամանատարն էլ ինձ հեռախոսով ասել է՝ իմ լավ զինվորներից մեկը քո տղան է: Հրամանատարը շնորհավորել է իմ Նոր տարին: Ջահել տղա էր: Ասաց. «Մորքուր ջան, ամեն ինչ լավ ա, Լեռնիկը լավ երեխա է: Տեսավ, Լեռնիկը ինձ հետ խոսում է, հեռախոսը վերցրեց, ինքն էլ ինձ հետ խոսեց»,- պատմեց Սուսաննան:

Հիշեց, որ տղան շատ լավ տրամադրությամբ էր եկել արձակուրդ: «Էստեղ ինչ ուզել է, առել եմ, ուտացրել եմ, հետն եմ դրել: Ես առաջին անգամ եմ զինվոր տեսնում, որ ծառայում է՝ ու շատ ուրախ, գոհ  էր բանակից; Երեք օր առաջ էլ զանգեց բանակից, ասավ՝ մամ, նորմալ եմ, լավ եմ: Բողոք չի ունեցել, որ ասենք մի բանից նեղվել է: Սպասում էր, որ  մյուս ամիս նոր բատինկա տան,  իրեն բատինկի տակը մաշված էր: Ոտքերը կարմրած էր, փուչիկներ կար ձեռքերին, դեղ եմ քսել, հետո հետն եմ դրել, որ բանակում քսի:  Չգիտեմ, Լեռնիկը շատ  լավ էր տրամադրված: Ոչ մի խնդիր չուներ: Շորերն էլ լվացել եմ, հագցրել: Ասեցի՝ ուզում ես քեզ մոտիկացնեմ մեր գյուղից, ես միայնակ մայր եմ, Լեռնիկը իմ ազգանունով է գրված: Մեկ ասեց՝ հա, հետո ասաց ՝չէ, մամ, արդեն հարմարվել եմ այդ զորամասում»,-պատմեց մայրը:  

Հրամանատարի տեղակալ  Ֆելիքս Ենգիբարյանը «Հետքին» բացատրեց, որ  օրենքով սահմանաված կարգով բանակում զինվորին 8 ամիսը մեկ անգամ են զինվորական կոշիկներ տալիս:

Վերջին անգամ Լեռնիկը փետրվարի  15-ի երեկոյան՝ ժամը 8:30-ից 9:00-ի սահմաններում է մոր  հետ խոսել։ «Ասեցի՝ ոնց ես, ասավ՝ նորմալ ա, մամ ջան, լավ ենք»,-հիշեց Սուսաննան:

Այսօր Օձունում հողին հանձնեցին շարքային Լեռնիկ Օսյանին: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Ռուբեն18:47 - 20 փետրվարի, 2017
Խելոքնե՛ր,մարտական դիրքում զենք չեն քանդում-մաքրում,ուրիշ բան հորինեք...
2. Ռուբեն08:46 - 21 փետրվարի, 2017
Ցարիզմի ժամանակ միամորիկ տղաներին նույնիսկ պատերազմի դեպքում չէին զորակոչում...
3. Վարազ Սյունի 19:35 - 21 փետրվարի, 2017
Ախր այսպես մինչև ե՞րբ: Հայկական բանակ = սոցիալապես անապահով ընտանիքների զավակների մսաղաց: Արդեն ամեն աստծո օր է բանակից մի վատ-ցավալի լուր գալիս: Այս կառույցում փաստորեն դեռ վատ կառավարում ու անպատասխանատվություն է (ու գողական բարքեր): Հաստավիզ-ռուսահոտ գեներալների «նվերը» հայ ազգին: Վաղու՛ց ժամանակն է,որ Հայաստանում անկախ ու առանձին ԲԱՆԱԿԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ (army ombudsman) կառույց ստեղծվի՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված հետաքննող-վերահսկողական իրավունքներով ու պատժիչ ֆունկցիաներով:
4. Վարազ Սյունի 19:38 - 21 փետրվարի, 2017
Նախ՝ բանակը ազատագրել հայ առաքելական եկեղեցուց: ՀՀ-ԼՂՀ բանակի (ռուսահոտ) հրամանատարությունը ոտից գլուխ պիտի փոխել: Մի անգամ չտեսանք,որ բանակում որևէ մի «պատահարի» ժամանակ բարձրաստիճան մի հրամանատարի պատժեն: Ձուկը գլխից է հոտում: ՀՀ բանակի հրամանատարությունը (թաղման բյուրոյի նման) միայն «ցավակցություններ» է հայտնում ու երբեմն թաղումների մասնակցում: ՀԳ.Ընտանիքի միակ զավակներին առաջնագիծ չպիտի՛ տանեն:
5. Գևորգ Ասլանյան21:13 - 4 հոկտեմբերի, 2017
Ափսոս Լեռնիկ ջան, ափսոս վոր մեր կողքին չես հիմա ենքան բան ունեմ քեզ ասելու
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ