HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարտքով ալյուրը, կոշիկի հերթն ու եղանակի դեմ կռիվը՝ 8 անչափահաս ունեցող ընտանիքում

7-ամյա Նարինեն մուրճով խփում է վառարանի առաջ դրված ցանին (չորացրած գոմաղբը որպես վառելիք են օգտագործում), մանրացնում է, հետո լցնում վառարան: Ոտաբոբիկ է շրջում տանը: Մայրն ասում է՝ կոշիկ ու հողաթափ չունի, սպասում է քույրերն ու եղբայրները դպրոցից գան, որ նրանց կոշիկները հագնի:

Նարինեն

Այս տարի սարերում լինելու պատճառով ծնողները չեն հասցրել Նարինեին դպրոց տանել: Չնայած դրան, ասում են՝ շատ աշխատասեր է, արդեն գրել գտի: Ավագ եղբայրը՝ 16-ամյա Կարենն է օգնում նրան: Նարինեն տետրն է բերում, մեկնում ինձ: Երկուսով սկսում ենք նայել. ա, բ, գ տառերն այնքան մաքուր է գրել, որ զարմացած հարցնում եմ՝ «դո՞ւ ես գրել»: Այս հարցից ավելի լավ է զգում իրեն, ասում է՝ հա, բոլորը ես եմ գրել: Ոչ միայն գրել, այլև կարդալ է սովորել: «Այբբենարան» չունի, քույրերի ու եղբայրների գրքերով է սովորում:

48-ամյա Խաչիկ Բոզոյանը կնոջ և 8 երեխաների հետ ապրում է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում՝ 1963 թ. կառուցված հայրական տանը, որը միհարկանի շինություն է: Տան արտաքին պատերի մեջ շորեր են խցկել քամուց պաշտպանվելու համար, բայց միևնույնն է՝ ձյանը, անձրևաջրերին, սառույցներին չեն հաղթում:

Տան մուտքին չհասած՝ վարագույրներով առանձնացված տեղում խոհանոցն է: Այստեղ նաև լողանում են: Ջուրը բերում են տան բակի աղբյուրից՝ լողանալու, ճաշի, խմելու համար:

Խաչիկն ասում է՝ մեծ ծախսեր են պետք, որ ջրատար խողովակներ անցկացնի տուն:

Կապույտ տաշտակի մեջ 20 օրական Անիի շորերն են: Դրանք շատ չեն, ձմռանը դժվար է արագ չորացնելը: Անին մահճակալ չունի, քնում է Մարտունու հիվանդանոցի բժիշկներից մեկի նվիրած մանկասայլակում: Մյուս 7-ը քնում են մեկ սենյակում: Այստեղ 4 մահճակալ կա, երեխաների մայրը՝ 36-ամյա Հասմիկ Սահակյանը, ասում է՝ ամեն մահճակալին երկու երեխա է քնում: Պատուհանները սառույցի հաստ շերտերի պատճառով չեն փակվում: Երեխաները շորերով են քնում: «Էրեխեքը մրսուկ են, շորեր չեն խանել էրեխեքը, ամեն օր իրենք են ասում, կլինի՞ աստված ջան, որ մե օր նորմալ սենյակ ունենանք, տաք լինի, որ քնենք»,- նշում է Հասմիկը:

Հետո ասում է, որ երեխաներն աշխատող են, ամեն մեկը ձգտում է ինչ-որ բանով օգնել իրեն, եթե նույնիսկ տանը հաց չի լինում, չեն բողոքում: Ավելացնում է, որ հենց հիմա էլ տանը հաց չունեն, ձավարեղեն, ոչ մի բան չունեն, հույս ունեն, որ ալյուր բերող մեքենան կգա, կաղաչեն, մի պարկ ալյուր կվերցնեն պարտքով: 1 պարկ ալյուրը 50 կիլոգրամ է, այն հերիքում է 10 օր:

«Իմ ուրախությունն են իմ էրեխեքը»

Զառա, Կարեն, Մերի, Զարինե, Վաղինակ, Նարեկ, Նարինե, Հակոբ, Անի: Ավագը՝ Զառան, ամուսնացել է դպրոցն ավարտելուց հետո՝ անցած սեպտեմբերին, մյուսները ծնողների հետ են: Երեխաներից 4-ը դպրոցական են:

«Մեկ-մեկ գեղում կըսին՝ ո՜ւշ, 9 էրեխա՞, իմա՞լաք պախեք (ո՞նց եք պահում)»,- պատմում է Հասմիկը: Ինքն էլ պատասխանում է, թե ինչու եք զարմանում, իմ հարստությունն են, ոչ փող ունեմ, ոչ նյութական հարստություն, իմ էրեխեքն են ամենամեծ հարստությունը:

Խաչիկը հազվադեպ է մասնակցում զրույցին: Գլխահակ է լսում կնոջը: Հասմիկն ասում է, որ Խաչիկենք 10 երեխա են եղել ընտանիքում ու մինչև հիմա մոտ են իրար հետ՝ անկախ հեռավորությունից:

Դժվարությունները շատ են, գյուղում, Խաչիկի խոսքով, հեշտ բան չկա՝ կռիվ ես տալիս հողի, ջրի հետ: Ապրիլի վերջին, մայիսի սկզբին ամուսինները երեխաների հետ սար են գնում: Այնտեղից գյուղ են վերադառնում հոկտեմբերին: Սարում գյուղացիների անասուններն են պահում. ամբողջ սեզոնին մեկ անասունի համար ստանում են 20.000 դրամ, այնտեղ նաև հող են մշակում՝ հիմնականում կարտոֆիլ են աճեցնում:

Հասմիկն ասում է՝ էրեխեքն իրենց հավասար կռիվ են տալիս անձրևի, կարկտի հետ: 2 կով ու 10 ոչխար ունեն, կաթ ու մածուն ապահովում են: Երեխաների համար էլ ստանում են 82.000 դրամ նպաստ:

Որ լավ ուսում ստանան

Հասմիկն անգամ դժվարությունների մասին առանց դժգոհելու է խոսում: Ասում է՝ եթե բողոքի, ամեն օր տխուր նստի, ի՞նչ է փոխվելու:

9 երեխաների մայրը 10-րդ դասարանը չավարտած է ամուսնացել: Հարսանիքի, ամուսնության մասին մեր զրույցը մթնոլորտն ավելի աշխույժ է դարձնում: Լուսամուտի ապակիներին արված նկարներն արևի շողերի շնորհիվ ավելի հստակ են երևում: Հասմիկը նկատում է դա ու ասում, որ երեխաներն են նկարում պատուհաններին:

Հասմիկն ասում է, որ ամեն մեկն իր հետաքրքրությունն ունի: Զարինեն, օրինակ, լավ ձայն ունի, երգում է, Մերին լավ ասեղնագործում է, Վաղինակը նախորդ տարիներին ավելի լավ էր սովորում, այս տարի մի քիչ թուլացել է, Նարեկը հողագործություն է սիրում, Հակոբը մեխանիկ է ուզում դառնալ… «Լավ ուսում ստանան, գոնե լավ մարդիկ դառնան՝ թող մեկը պարուհի լինի, մյուսը՝ նկարչուհի, մյուսը՝ մեխանիկ, ամեն մեկն իր հացը ստեղծի, եթե էսօր ես էսքան բան տեսնում եմ, չուզեմ, որ իմ ըրեխեն տենա: Էն անձրևուն, կարկտին էրեխան կգնա կկանգնի սարում»,- այս անգամ առանց ժպիտի ասում է Հասմիկը:

Կարենն ու Խաչիկը

Մեր զրույցի ժամանակ ալյուրի մեքենա եկավ, հայրը մի պարկ ալյուր վերցրեց, Կարենի հետ միասին տուն բերեցին: Հասմիկն ավելի ուշ հաց թխեց: Մի օրվա հացի համար 4-5 կգ ալյուր է օգտագործում: Նոր թխված, ոսկեգույն հացը Հասմիկը թավայից հանում, դնում է սեղանին: 5-ամյա Հակոբը հա նայում է հացին, Հասմիկը մի կտոր պոկում է, տալիս նրան: Հացի հոտը տարածվել է սենյակում:

Հակոբն ու Նարինեն

Դպրոցից եկած Նարեկն արագ հանում է սապոգները, գուլպաներին տեղ-տեղ մեծ ծակեր կան: Տղան ոտքերը տաքացնում է վառարանի մոտ: Նարեկին լուսանկարելիս Խաչիկը նկատում է գուլպաների ծակերը, ասում է՝ սապոգներդ հագիր, որ չերևա:

Երեխաներին խնդրում ենք երգել: Զարինեն, իսկապես, գեղեցիկ ձայն ունի: Երգելուց շատ չանցած Հակոբը երկրորդ պատառ հացն է խնդրում մորից: Հասմիկը նորից մի պատառ պոկում է հացից: «Ես չեմ տրնտջա, իմ ուրախությունն, իմ առօրյան իմ երեխաներն են»,- ասում է մայրը:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (4)

Ashot
100 հատ անասուն են պահում 20հազարով էտ արեց 2միլիոն ամսեկան միջինը 160հազար գումարած 82 հազար նպաստ 240հազար գումարած կաթնամթերքը տանիցա կարտոֆիլը տանիցա կարան 30հատ հավ պահեն ձունել տնից կլինի վառելիք ել աթարի տեսքով էլի տանիցա։ Նորմալա։ Շատերը ուղղակի սիրում են մի քիչել ճոխացրած ներկայացնեն իրանց վիճակը ինչ որ օգնություն ստանալու համար։
Մարինե Մարտիրոսյան
Շնորհակալություն արձագանքի համար: Եթե ցանկանում եք օգնել այս ընտանիքին, խնդրում եմ նամակ գրել կա՛մ «Հետքի» էլեկտրոնային հասցեին, կա՛մ ֆեյսբուքյան էջին , մենք կտրամադրենք կոնտակտային տվյալներ (հեռախոսահամարը չենք կարող հրապարակել, այն անձնական տվյալ է):
Իրինա Ղուլինյան-Գերց
Եթե ընտանիքը դեմ չէ, խնդրում եմ հրապարակեք կոնտակտային տվյալներ, որպեսզի ընթերցողներից օգնել ցանկացողները նրանց հետ կապվեն: Շնորհակալություն:
Գայանե Գևորգյան
Ողջույն։ Խնդրում եմ հեղինակին կամ այս նյութի վրա աշխատած խմբի անդամներից մեկին կապվել ինձ, եթե հնարավոր է փոխանցել այս ընտանիքի կոնկրետ հասցեն, հեռախոսահամար, տվյալներ։ Ուզում եմ որոշ քանակութայն շոր ու կոշիկ ուղարկել երեխաներին։ Հարկավոր է կոնկրետ հասցե ու ճիշտ կոնտակտային տվյալներ։ Ապրեք։ Նյութը լավն էր։ Էլ-հասցես նշել եմ։ Շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter