HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության փոխգնդապետը ներողություն խնդրեց «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ տուժած լրագրողներից

Ամալյա Մարգարյան

Ավարտվեց «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների գործով դատաքննությունը 

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց  2015թ. «Էլեկտրիկ Երևան» շարժման ժամանակ ոստիկանության բռնի գործողություններից տուժած լրագրողներն ընդդեմ ոստիկանության աշխատակիցների գործով դատակաքննությունը։ Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանն ամբաստանյալներ՝  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ծառայության ավագ տեսուչ, կապիտան Կոստան Բուդաղյանի, նրա ծառայակիցներ Տաճատ Նորատունկյանի և Արթուր Այվազյանի նկատմամբ կիրառեց պատիժ՝ 500 հազար դրամի  չափով, միևնույն ժամնակ չզրկեց նրանց նաև իրավապահ մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի նկատմամբ դատարանը կիրառեց 600 հազար դրամ տուգանք, իսկ «Ուտոպիան․ամ» ՀԿ-ի վնասվածք տեսախցիկի համար, որպես փոխհատուցում նշանակեց 485 հազար դրամ վնասվածքային արժեք։

Դատկան նիստի ընթացքում մեղադրող կողմը հանդես եկավ ճառով։  «Ուտոպիանա.ամ» ՀԿ-ի լրագրող Աշոտ Բոյաջյանի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը դատարանին խնդրեց փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ՝ նշելով, որ այն արարքները, որոնց մեջ վերջինս մեղադրվում է, Փերիխանյանը չի կատարել, և այդ արարքները դատարանում չեն հիմնավորվել:

«Մեր կարծիքով, նրան առաջադրված դրվագներով  մեղադրանքը դատարանում չի հիմնավորվել։ Նույն հանցագործությունը կատարվել է պաշտպանական լիազորությունների կատարման ժամանակ»,-ասաց նա։

Ըստ մեղադրական եզրակացության ՝ Տ. Նորատունկյանին, Ա. Այվազյանին, Կ. Բուդաղյանին մեղադրանք էր առաջադրվել՝

  • ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ կետով

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա): 

Դ. Փերիխանյանին մեղադրանք էր առաջադրվել՝

  • ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝

լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով,

  • 185-րդ հոդվածի 1-ին մասով՝ 
    Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 

Դավիթ Գյուրջյանը նշեց, որ Դ․Փերիխանյանը հանցագործությունները կատարելու պահին իր ձեռքում ունեցել է առնվազն վահան և «Ոստիկանություն» գրառմամբ ժապավեն, այսինքն՝  եղել է ծառայություն իրականացնելու ընթացքում։ Ըստ ամբաստանյալի նախաքննական ցուցմունիքի, ամբաստանյալը գործողություններին չի մասնակցել, կողքից հետևել է․ «Մոտ հինգ րոպե հետո նկատեցի, որ ցուցարարներից մեկի ձեռքին ոստիկանական թափանցիկ վահան է և հասկացա, որ այն վերցվել է ինչ-որ ոստիկանից, մոտեցա ցուցարարին, նա առանց դիմադրության ինձ տվեց վահանը և հեռացավ: Քանի որ չգիտեի՝ ում էր պատկանում վահանը, թողեցի ինձ մոտ»,- գրել է Փերիխանյանը։

Դավիթ Փերիխանյանի վահան կրելու մասին հայտնել է նաև տուժող Աշոտ Բոյաջյանը, իսկ նրա ներկայացուցիչը նշում է, որ դատաքննության ընթացքում այդպես էլ պարզ չի եղել՝ ովքեր են եղել Փերիխանյանի ընկերները, որոնց աջակցելու համար նա գնացել է Բաղրամյան պողոտա։

«Դատարանում մենք չկարողացանք պարզել, թե ովքեր են եղել Փերիխանյանի նշված ընկերները, որոնց աջակցելու կամ սատարելու  համար վերջինս իջել է Բաղրամյան պողոտա»,-հավելեց Գյուրջյանը։

Փաստաբանը նշեց նաև, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ կրկնակի փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ և նշեց, որ «Ուտոպիանա.ամ» ՀԿ-ին հասցված վնասն ավելին է, քան մեղադրական եզրակցության մեջ նշված 485 հազար դրամը։

«Մենք ներկայացված մեղադրանքի ծավալի հետ համաձայն չենք, և գտնում ենք, որ երկու մասով էլ առաջադրված մեղադրանքն իրականում չի համապատասխանում իրական արարքին և ավելի մեղմ էր, քան պետք էր լինել: Գտնում ենք, որ դատարանին այլ բան չի մնում, քան արդարացնել Դավիթ Փերիխանյանին, քանի որ նա չի կատարել այն արարքները, որոնց մեջ մեղարվում է» ,-եզրափակելով իր խոսքը՝ նշեց փաստաբան Գյուրջյանը։

Հիշեցնենք, որ ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ի «ACTV» առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի, «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանի, «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։

Ամբաստանյալներն ընունել էին իրենց մեղքը և այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանից խնդրեցին մեղմ պատիժ նշանակել։ Փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը նիստի ավարտին տուժող լրագրողներից ներողություն խնդրեց իր և իր ընկերների անունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter