HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը տուրօպերատորների միության անդամների հետ քննարկել է ներգնա տուրիզմի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում Ներգնա տուրօպերատորների միության անդամների և զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է տուրիզմի բնագավառի զարգացմանն ուղղված հարցեր ու խնդիրներ, տեղեկացնում է կառավարության կայքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի ճանաչելիության բարձրացմանը, արտերկրում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացմանը, զբոսաշրջության ապակենտրոնացմանը, միջազգային ավիաչվերթերի ավելացմանը: Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանը նշել է, որ հայկական զբոսաշրջային ընկերությունները մասնակցում են միջազգային տարբեր ցուցահանդեսների, որունց նպատակն է տարբեր շուկաներում լավագույնս ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու գրավչությունը: Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում մատուցվող զբոսաշրջային ծառայությունները՝ հյուրանոց, հանրային սնունդ, տրանսպորտ և այլն, մրցունակ են և անհրաժեշտ է աշխատանքներ տանել մատչելի սակագներով գործող ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ:

Նշվել է նաև, որ վերջին շրջանում նկատվում է ՌԴ-ից կորպորատիվ տուրիզմի լուրջ աճ:
Անդրադառնալով Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և ներգնա զբոսաշրջության ոլորտի զարգացմանը՝ վարչապետը տուրօպերատորներին հորդորել է ներկայացնել հստակ ծրագիր, որտեղ նշված կլինեն պետության և մասնավորի գործառույթները: «Ձևակերպեք իրագործելի, տրամաբանություն ունեցող, կառուցողական, խելացի և համակարգված ծրագիր: Հայաստանը պետք է ճանաչելի դարձնել արտաքին աշխարհին և այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել հնարավոր բոլոր հարթակները»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը կարևորել է տարածաշրջանային տուրփաթեթների մշակումը և ռեգիոնալ զբոսաշրջային շուկայի ձևավորումը՝ ավելացնելով, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության առջև ոլորտի հետևողական զարգացման խնդիր է դրվել, այժմ աշխատանքներ են տարվում Հայաստան միջազգային նոր, այդ թվում՝ բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ:
Հանդիպմանը տուրօպերատորները բարձրացրել են նաև ԱԱՀ-ի ներդրմանը, զբոսաշրջային գործակալությունների լիցենզավորմանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Քանի դեռ չի լուծվել միջազգային չափանիշներին համապատասխան կամ մոտ գտնվող սպասարկման ծառայություն ունենալու խնդիրը, անիմաստ է խոսել տուրիզմի զարգացման մասին։ Անկասկած Հայաստանը ունի տուրիզմի զարգացման ամենակարևոր նախադրյալներից մեկը՝ առանձնահատուկ , բազմազան բնական միջավայր և հարուստ պատմա֊ճարտարապետական ժառանգություն։ Սակայն վերջիններս նույնպես, եթե կարելի է ասել, մատնված են անտերության կամ անտարբերության։ Ինչ է նշանակում մի բուդկա դնել և սեփականացնել Սևանի ափերի մեծ մասը։ Չե֊որ Սևանը ազգային ունեցվածք է և պետք է պահպանվի սերունդների համար։ Այլ բան է եթե որևե ներդնող հյուրանոցային համալիր կառուցեր և երկարաժամկետ վարձակալությամբ տնօրիներ հյուրանոցին հարող լողափը։ Անհամեմատ ցածր, ոչ մի չափանիշների չհամապատասխանող վիճակում է գտնվում սննդի սպասարկման ոլորտը՝ խաշ խորովածով, անհայտ ծագման մսերով քյաբաբով ու շաբաթների վաղեմիություն ունեցող շաուրմայով տուրիստներ չես գրավի։ Նման սնունդը խիստ վտանգավոր է նորմալ սանիտարական պայմաններում սնված, ապրած մարդկանց համար։ Կարող՞ է որևե տուրօպերատոր նշել թեգուզ մեկ անվճար, սանիտարական պայմաններին համապատասխանող զուգարան։ Բոլոր տուրիստները ստիպված են իրենց բնական կարիքները բավարարել կամ բնության գրկում, կամ պատերի տակ, կամ էլ ստորգետնյա անցումներում։ նման պայմաններում խոսել տուրիզմի զարգացման մասին, այն էլ վարչապետի մակարդակոց, առնվազն տեղին չէ։ Հայաստան այցելած արտասահմանցի շատ ծանոթներ ու ընկերներ ցավով են նշում, որ այսպիսի անկրկնելի և չքնաղ երկիրը մատնված է նման ճակատագրի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter