Աղբալյանների տունը փլուզման վտանգի տակ է
Գայանե Սարգսյան
Այսօր՝ փետրվարի 20-ին Լոռու մարզի Շահումյան համայնքում ձյան ծանրությունից փլուզվել է Աղբալյանների ընտանիքին պատկանող սեփական տան տանիքը: Հիմնովին փլվել է հյուրասենյակի 100քմ և ննջասենյակի 60 քմ տարածքով տանիքը:
Բարեբախտաբար, տանիքի փլուզման պահին տանը միայն ընտանիքի մայրն է եղել՝ 62-ամյա Օֆելյա Աղբալյանը:
«Ես էի մենակ տանը, թմփոցը լսեցի, դուրս եկանք, տեսանք՝ կռիշը նստած ա:Մյուս կողմից էլ հարևանի հարսը կանչեց, թե՝ Օֆիկ տոտա, ձեր տան կռիշը նստեց, տունը փլվում ա»,- պատմում է Օ. Աղբալյանը:
Վերջինս կատարվածի մասին անմիջապես տեղյակ է պահել գյուղապետարանում, Լոռու մարզպետարանում, ահազանգել է նաև 911 ծառայություն: Տեղում ուսումնասիրություն է կատարվել, կազմվել արձանագրություն: Գյուղապետարանի առաջատար մասնագետ Կարեն Սարգսյանի խոսքով կատարվածի մասին տեղեկացվել է Լոռու մարզպետին, խնդրելով աջակցել ընտանիքի բնակապահովման խնդրի լուծման գործընթացն արագացնելու հարցում:
«Տեղեկացրել ենք, որ տանիքը փլվել է, հիմա էլ ամեն պահի կարող է փլվել ծածկը, որի դեպքում ելքը կարող է ողբերգական լինի»,- նշում է Կ․ Սարգսյանը:
1920-30-ական թվականերին կառուցված տունը դեռևս տարիներ առաջ է գնահատվել 4-րդ կարգի վթարայնության:
Սեյսմակայության հետ կապված վերջին ուսումնասիրությունը տանտիրուհու պատվերով կատարվել է օրեր առաջ: 2017թ.-ի հունվարի 31-ին տրված եզրակացության համաձայն «տունը գտնվում է սեյսմիկ երրորդ գոտում, կոնստրուկցաների տեխնիկական վիճակն, ընդհանուր առմամբ գնահատվում է վթարավտանգ և տան վնասվածության մակարդակը դասվում է 4-րդ աստիճանի»:
Նման եզրակացություն ունենալով հանդերձ, Աղբալյանները շարունակել են բնակվել այդ տանը:
«Մենք շատ լավ հասկանում ենք, գիտակցում ենք, որ վտանգավոր է էստեղ մնալը, բայց մենք ուրիշ տեղ չունենք մնալու: Ես ուրիշի տանը մի օր մնամ, երկու օր մնամ, ինչքա՞ն կարամ մնամ»,- ասում է տիկին Օֆելյայի հարսը՝ Մարիամ Հակոբյանը, ում ամուսինը 1993թ.-ին որպես ժամկետային զինծառայող մասնակցել է Ղարաբաղյան մարտերին ու զոհվել։ Ամիսներ անց ծնվել է նրանց դուստրը։
Մարիամի խոսքով բազմիցս դիմել են ՀՀ պաշտպանության նախարարությանը, խնդրելով որպես զոհված զինվորի ընտանիքի ապահովել բնակարանով:
2007թ.-ից ընտանիքը հաշվառվել է Լոռու մարզպետարանում կազմվող հերթացուցակում:
2011թ.-ին բնակարանի խնդրի հետ կապված Օ. Աղբալյանը գրավոր դիմում է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նույն թվականի հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ-ից ստացված պատասխանում Օ. Աղբալյանին տեղեկացվել է, որ վերջինս հաշվառված է անօթաևների հերթացուցակում՝թիվ 755 հերթական համարով:
«ՀՀ ՊՆ բնակհանձնաժողովը Ձեր բնակարանային հարցին կանդրադառնա 2003-2006թթ. բնակարանային հաշվառման մեջ գտնվող զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելուց հետո»,- ասված է պատասխանում:
Բնակարանի խնդրով հաջորդ դիմումը Օ. Աղբալյանը ներկայացրել է 2016թ.-ին, այս անգամ ՀՀ վարչապետին: Այս դեպքում էլ ՊՆ-ից տեղեկացրել են՝ հերթացուցակում Ձեր հերթական համարն է՝ 467:
Ապա կրկին հիշեցրել են, որ ընտանիքին կանդրադառնան 2003-2006թթ. բնակարանային հաշվառման մեջ գտնվողների խնդիրը լուծելուց հետո:
Այս պատասխանները, սակայն, ընտանիքին չեն բավարարում:
«2007 թվից հերթի մեջ ենք, սելը տեղից չի շարժվում: 10 տարում մեր հերթը 755-ից դարձավ 467: Էս տեմպով որ գնա, մեր հերթը չի հասնի: Դեպքը ըլնելուց մի հետ ա ըլնում: Նախարարություն որ գնացել էի, ասի՝ խնդրում եմ տեղերով տեղափոխվենք, երկու օր մենք գանք ձեր տանն ապրենք, դուք՝ մեր տանը: Եթե կապրեք, ուրեմն ես էլ բան չեմ ասի»,- պատմում է Մարիամը:
Մինչ որևէ պաշտոնական պատասխան կստացվի, ընտանիքը մտածում է գիշերն անվտանգ ու ապահով անցկացնելու մասին:
«Չենք քնելու, նստած որոշում ենք, թե ինչ անենք: Համ ուրախացել ենք, որ սենց ենք պրծել, համ մտածու՝, լավ, ո՞ւր գնանք, ես քանի՞ օր ուրիշի դռներին մնամ»,- ասում է Մարիամը:
Մեկնաբանել