HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու մանկահասակ աղջիկների քաղաքացիության փոփոխության հետքերով

«Հետքը» շարունակում է հետևել ոչ վաղ անցյալում Լիբանանի, իսկ մի քանի օրում՝ առանց հոր համաձայնության ու գիտության, Հայաստանի քաղաքացիներ դարձած երկու մանկահասակ աղջիկների ճակատագրին (երեխաների լուսանկարներն ու անունները մենք չենք հրապարակում՝ նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով):

Հիշեցնենք, որ լիբանանահայ Ժակ Բաքարեջյանի և նրա կնոջ՝ Նաիրա Մկրտչյանի՝ Լիբանանի քաղաքացի հանդիսացող երեխաները հաշված օրերի ընթացքում փաստաթղթավորվել են Հայաստանի քաղաքացու անձնագրերով, դարձել ՀՀ քաղաքացիներ՝ առանց հոր գիտության ու համաձայնության:

Լիբանանի քաղաքացի Ժակը պնդում է, որ խախտվել են իր և իր երեխաների իրավունքները, սակայն որևէ մեկը պատասխանատվություն չի կրել ու չի կրում: Երեխաների ու կնոջ հետ 2015-ի մարտին նա եկել է Հայաստան՝ որպես զբոսաշրջիկ, բայց ամիսներ անց պարզել է՝ երեխաների քաղաքացիությունը փոխվել է, կինը՝ նրանց հետ դուրս եկել Հայաստանի սահմաններից դեպի Ռուսաստան (Ժակի պատմելով՝ ամիսներ անց նրանք վերադարձել են Երևան երեխաների հիվանդության պատճառով):

«Հետքը» ձեռք է բերել ապացույց, որը ներկայացվեց դատարանում

Այս գործի հետքերով «Հետքը» եղավ «Փարվանա Թրանսլեյշնս» ՍՊԸ-ում, որտեղ և կատարվել էին երեխաների փաստաթղթերի արաբերենից հայերեն առաջին թարգմանությունները, բայց առանց նոտարական վավերացման: Տնօրեն Կարեն Նավասարդյանը չցանկացավ հարցազրույց տալ, սակայն պարզաբանեց, թե ինչու նոտարական վավերացում չի հետևել իր թարգմանությանը: Նա որոշեց գրավոր պարզաբանել` ինչ պատճառով է 2015-ի սեպտեմբերի 15-ին կատարել սոսկ թարգմանություն:

Պարզվում է թարգմանչական գրասենյակի տնօրենը, ով և թարգմանել է երեխաների մասին քաղաքացիական գրանցման վկայագրերը, նկատել է, որ դրանք չունեն Լեգալիզացիա, այսինքն՝ Լիբանանի հանրապետության Արդարադատության, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության և կամ Լիբանանում ՀՀ հյուպատոսական բաժնի համապատասխան վավերացումները: Լիբանանը 1961թ.-ի հոկտեմբերի 5-ին կնքված Հաագայի Կոնվենցիայի մասնակիցների ցանկում ընդգրված չէ, ուստի այդ երկրից դուրս եկող փաստաթղթերը չունեն Ապոստիլ, բայց պետք է ունենան Լեգալիզացիա, ինչը և բացակայել է երեխաների՝ արաբերեն փաստաթղթերում:

Սակայն 15 օր անց՝ 2015-ի սեպտեմբերի 30-ին նույն փաստաթղթերը ևս մեկ անգամ թարգմանվել են այլ գրասենյակում, այլ թարգմանչի կողմից: Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյանն էլ վավերացրել է դրանք: Բացի այդ, այս թարգմանության մեջ երեխաների անվան, ազգանվան ու հայրանվան մեջ շուրջ 8 տառի փոփոխություն է կատարվել:

Ժակը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել այն իրավական ակտի պատճեն, որի հիման վրա իր երեխաներին տրվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և Հայաստանի Հանրապետության անձնագրեր: Ոստիկանության ԱՎ վարչության պետի տեղակալ Մ.Բիչախչյանի պատասխանում նշված է՝ ելնելով երեխաների լավագույն շահերից, որոշում է կայացվել երեխաներին փաստաթղթավորել ՀՀ քաղաքացու անձնագրով: Միաժամանակ, Մ.Բիչախչյանը հայտնել է, որ երեխաներին անձնագրավորելու համար անհրաժեշտ փաստաթուղթ է հանդիսացել երեխաների ծննդյան վկայականները: Այս անգամ Ժակ Բաքարեջյանի փաստաբանն է դիմել նույն պաշտոնյային վերը նշված որոշումը ստանալու խնդրանքով: 22.02.2016թ.-ին փաստաբանական հարցմանը Մ.Բիչախչյանը պատասխանել է, որ որոշում չի կայացվել, այլ երեխաներին փաստաթղթավորել են ՀՀ քաղաքացու անձնագրերով տեղեկանքի հիման վրա, որը կազմել և ստորագրել է հենց ինքը՝ Մ.Բիչախչյանը:

Սակայն Ժակ Բաքարեջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեխաների ծննդականները մշտապես իր մոտ են եղել, ավելին՝ Վարչական դատարանում ներկայացրել է դրանք:  

«Ծննդականներ»՝ երեխաների լուսանկարներո՞վ

Ժակ Բաքարեջյանի ներկայացուցիչներից Տիգրան Ղազարյանը, խոսելով Նաիրա Մկրտչյանի կողմից ներկայացված, նոտարական վավերացմամբ փաստաթղթերի օրինականության մասին, նշեց, որ դրանցում առկա են երեխաների լուսանկարները. «Մի պահ պատկերացնենք, որ ծննդականները Լիբանանում տրվում են լուսանկարներով, բայց ոչ 2 տարեկան ժամանակվա պատկերով»:

Թեպետ այդ անձնագրերն արդեն անվավեր են ճանաչվել Վարչական դատարանի կողմից, այնուամենայնիվ պատասխանատվություն չի հետևել դրան: Հատուկ քննչական ծառայությունում մերժվել է քրեական գործի հարուցումը. ոստիկանության գործողությունները դիտվել են իրավաչափ:

Հետագայում քննչական մարմինները հանցակազմ չեն տեսել նաև Ժակ Բաքարեջյանի կնոջ՝ Նաիրա Մկրտչյանի գործողություններում: Հետաքննիչը մերժել է քրեական գործ հարուցել երեխաների մոր նկատմամբ: Երևանի դատախազ Ր.Ասլանյանը հետքննիչի մերժումը իրավաչափ է համարել: Այժմ Ժակ Բաքարեջյանի երկու ներկայացուցիչները՝ Սամվել Դիլբանդյանն ու Տիգրան Ղազարյանն հետքննիչի ու Երևանի դատախազի մերժումերը վիճարկվում են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Բողոքաբերները պնդում են, որ երեխաների քաղաքացիության փոփոխության համար մայրը տվել է կեղծ տեղեկություններ, թե Լիբանանից Հայաստան է եկել միայնակ՝ առանց երեխաների հոր, ապա ներկայացրել է կեղծ փաստաթղթեր երեխաների համար ՀՀ քաղաքացու անձնագրեր ձեռքբերելու համար, հետևաբար, ըստ Ժակի ներկայացուցիչների, մանկահասակ աղջիկների մոր գործողություններում կան հանցագործության հատկանիշներ (ՔՕ հոդված 325 1-ին մաս, հոդված 326):

«Կեղծ տեղեկություններ ներկայացնելու հետևանքով երեխաների անձնագրերում բացակայում է նաև հայրանունը: Մինչդեռ երեխաներն ունեն հայր, որի մասին անպայման պետք է նշվեր անձնագրի 5-րդ էջում, իսկ ձեռքբերված կեղծ անձնագրի պայմաններում ստացվում է, որ երեխաների հայրը մահացած է կամ անհայտ կորած»,-նշված է երեխաների հոր ներկայացուցիչների բողոքում:

Դատավոր Մեսրոպ Մակյանն այս անգամ դատարան էր հրավիրել նաև երեխաների մորը՝ Նաիրա Մկրտչյանին: Նա չցանկացավ, որպեսզի կատարեմ լուսանկարահանում, լուսանկարվելուց հրաժարվեց նաև դատախազը: Նա նշեց, որ բողոքն անհիմն է ու խնդրեց դատարանին մերժել այն՝ վկայակոչելով, որ օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննության կոչված չէ հետաքննիչը: Իր խոսքը նա հիմնավորեց Վճռաբեկ դատարանի նախադեպերով: Փոխարենը բողոքաբերները պնդեցին, որ օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննությունը պարտադիր պետք է լիներ: Ժակի ներկայացուցիչները դատարանում ներկայացրեցին թարգմանական գրասենյակի տնօրեն Կարեն Նավասարդյանի վերը բերված պարզաբանումը՝ որպես ապացույց:

«Հենց թեկուզ հետաքննիչը պիտի ձեռք բերեր այս ապացույցը, որը չի արել»,-ասաց Սամվել Դիլբանդյանը:  

Նաիրա Մկրտչյանը ցանկացավ ծանոթանալ բողոքին, ուստի նիստը հետաձգվեց մինչև մարտի 1-ը:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter