HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մի վարկի պատմություն. Բաղդասարովը, չեխերը, Հրազդանի ցեմենտի գործարանն ու նախագահները

2014-ի հունվարի 15-ին չեխական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները մտան Պրահայի կենտրոնում գտնվող այն շենքը, որտեղ գործում են Արտահանման երաշխավորման եւ ապահովագրման ընկերությունն (Exportní garanční a pojišťovací společnost, EGAP, պետական հիմնարկ է) ու Չեխիայի արտահանման բանկը (Česká exportní banka, ČEB, նույնպես պետական է):

Լուսանկարները՝ «ČTK»-ի եւ «MAFRA»-ի. մեծացնելու համար սեղմեք լուսանկարի վրա, ավելին՝ այստեղ

Տեղական lidovky.cz կայքը գրեց, որ իրավապահներին հետաքրքրել է այս ընկերությունների մասնակցությամբ 16 գործ, որոնք առնչվում են տրամադրված վարկերին (ընդհանուր գումարը՝ մի քանի միլիարդ կրոն) եւ դրանց ապահովագրմանը: Դրանք հատկացվել էին, մասնավորապես, Սլովակիայում, Վիետնամում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ մի շարք այլ երկրներում ներդրումներ կատարելու համար: Սակայն հարցը վարկային գործարքների անարդյունավետությունն էր, ինչի պատճառով «EGAP»-ը պիտի փոխհատուցեր վարկ տված բանկերի վնասները: Նշվածների մեջ էր նաեւ Միխայիլ Բաղդասարովի ու մեկ այլ տեղական բանկի՝ «PPF banka»-ի գործարքը, որը նույնպես ապահովագրվել էր «EGAP»-ի կողմից: 

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես Միխայիլ Բաղդասարովը «քաշեց» չեխական բանկին՝ չվճարելով նրան ունեցած պարտքը, եւ հայաստանյան դատական ատյաններում դռնեդուռ ընկած բանկի տերերը դիմեցին իրենց երկրի նախագահին, որ միջնորդի Սերժ Սարգսյանին՝ խնդրին լուծում տալու համար: Չնայած վերջինիս խոստմանը՝ հարցը մնում է առկախված, ինչն սպառնում է հայ-չեխական տնտեսական հարաբերությունների կայուն ընթացքին:

Օդանավերի գործարքը

Պրահայում գրանցված «PPF banka» բաժնետիրական ընկերությունը 2011-ի հուլիսի 21-ին պայմանագիր է կնքել Միացյալ Թագավորության օֆշորային Ջերսի կղզում գրանցված եւ Մ. Բաղդասարովին պատկանող «Mika Limited» ընկերության հետ՝ վերջինիս տրամադրելով 23.439.500 դոլար վարկ, որը պետք է մարվեր մինչեւ 2016-ի օգոստոսի 31-ը: Այն նախատեսված էր 3 օդանավ ձեռք բերելու գործարքը ֆինանսավորելու համար: 2011-ի օգոստոսի 8-ին չեխական բանկը երաշխավորության պայմանագիր է կնքել Բաղդասարովի «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ի հետ, որը Հրազդանում զբաղվում էր ցեմենտի արտադրությամբ:

«Mika Limited»-ի կողմից գնվող 3 օդանավերը նախատեսված էին Բաղդասարովի «Արմավիայի» համար, որը Հայաստանի ազգային ավիափոխադրողն էր: Դրանց նախկին շահագործողը «Չեխական ավիաուղիներն» էր:   

Ըստ Չեխիայի վիճակագրական գրասենյակի՝ 2011-ի սեպտեմբերին Հայաստան է արտահանվել 2 ինքնաթիռ (ապրանքի 88024000 կոդը նշանակում է «օդանավեր եւ այլ թռչող ապարատներ՝ ավելի քան 15 տ քաշով դատարկ վիճակում»): Ինչպես երեւում է չեխական պաշտոնական տվյալներից, արտահանված ինքնաթիռների ընդհանուր քաշը եղել է մոտ 93 տոննա, իսկ արժեքը՝ 53,5 մլն դոլար:

Սակայն ՀՀ ազգային վիճծառայության տվյալները տարբերվում են այս թվերից: Ըստ այդմ՝ 2011-ին Հայաստան է ներկրվել 2 օդանավ (խոսքը 88024000 կոդի տակ հաշվառվող ինքնաթիռների մասին է)՝ 67 տ ընդհանուր քաշով եւ 25 մլն դոլար արժեքով:     


Եթե նկատի ունենանք, որ Հայաստան առաքված օդանավերը եղել են «Boeing 737-500» տեսակի, ապա այս ինքնաթիռների դատարկ քաշը որպես կանոն մոտ 32 տոննա է, ինչը համապատասխանում է հայկական վիճծառայության տվյալներին: Ավելին՝ մեր ձեռքի տակ ունենք Հայաստան արտահանված օդանավերից երկուսի թռիչքային պիտանիության եւ գրանցման սերտիֆիկատները, որոնց կանդրադառնանք ստորեւ:

Երրորդ օդանավը, ըստ չեխական վիճակագրության, Հայաստան է արտահանվել 2012-ի հուլիսին: Արտահանող կողմի համաձայն՝ այն եղել է 73,5 տոննա, արժեքը՝ 5,3 մլն: Օդանավի քաշը միանշանակ հարցեր է առաջացնում, քանի որ նույնիսկ «Boeing 737-500»-ի առավելագույն թռիչքային քաշը (վառելիքով լիցքավորված, մարդկանցով ու բեռով ծանրաբեռնված) 60,5 տոննա է:   

Հետաքրքիր է, սակայն, որ 2012-ին, ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով, մեր երկիր օդանավ չի ներմուծվել: Ստացվում է, որ 2011-2012 թթ., ըստ չեխ վիճակագիրների, Հայաստան է արտահանվել 3 օդանավ՝ 58,8 մլն դոլար արժեքով, իսկ ՀՀ ԱՎԾ-ն նշում է միայն 2011-ին ներմուծված 2 ինքնաթիռի մասին, որոնց ընդհանուր արժեքը եղել է 25 մլն դոլար: Հասկանալու համար, թե ինչու են թվերը տարբեր, հարցում ենք ուղարկել ՀՀ պետեկամուտների կոմիտե, որի մաքսային ծառայությունն է ԱՎԾ-ին տրամադրել տվյալները:

ՊԵԿ-ից պատասխանել են. «Նմանատիպ համադրություններ կատարելիս (եթե վերլուծության առարկա են հանդիսանում տարբեր երկրների կողմից հրապարակված կամ անհայտ աղբյուրներից ստացված տվյալները) անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել համադրվող երկրների վիճակագրության վարման եւ տվյալների համադրության մեթոդաբանությունները: Մեթոդաբանության տարբերությամբ պայմանավորված՝ կարող են էական (օբյեկտիվ) շեղումներ առաջանալ համադրվող տվյալների մեջ, (մասնավորապես, ներմուծման վիճակագրությունը վարվում է ըստ ծագման երկրի, իսկ արտահանման վիճակագրությունը վարվում է ըստ նշանակման երկրի), հետեւաբար հրապարակված տվյալները համադրելիս անհրաժեշտ է վերցնել համադրելի տվյալներ»:

Իր հերթին ԱՎԾ-ն հստակեցնում է, որ գործընկեր-երկրների ցուցանիշները կարող են տարբերվել մեթոդաբանական, տեխնիկական պատճառներով կամ տվյալների դիտավորյալ աղավաղման հետեւանքով (մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ): Քանի որ կոնկրետ այս դեպքում արտահանող Չեխիայի ցույց տված արժեքն ավելի մեծ է, քան ներկրող Հայաստանինը (սովորաբար հակառակն է լինում), արժե մեջբերել ԱՎԾ-ի դիտարկումներից մեկը. «Ներմուծողները կարող են հայտարարագրել ապրանքներ կեղծ ապրանքային ծածկագրերով, ինչպես նաեւ միտումնավոր նվազեցնել ներմուծվող ապրանքի արժեքը՝ մաքսատուրքերը նվազագույնի հասցնելու նպատակով: Արտահանողները կարող են միտումնավոր գերագնահատել արտահանվող ապրանքների քանակը եւ արժեքը՝ վերադարձվող ԱԱՀ-ի ավելացման նպատակով»: Սա վիճակագրական տվյալների միտումնավոր աղավաղում է տնտեսվարողների կողմից:

3 «Boeing»-ները

«Արմավիայի» մասին պատմող հոդվածաշարում անդրադարձել ենք Չեխիայից բերված այս երեք ինքնաթիռներին, որոնք ընկերության վերջին օդանավերն էին: Հիշեցնենք, որ արդեն 2013-ի գարնանն «Արմավիան» դադարեցրեց չվերթներն ու բռնեց սնանկացման ուղին: Առաջ անցնելով՝ ներկայացնենք, թե ինչ ճակատագիր են ունեցել այս պատմության հերոսները Հայաստան գալուց հետո:

EK-73771

Ավիացիոն տեղեկատուներից planespotters.net-ի փոխանցմամբ՝ 3 օդանավերից առաջինը 2011-ի սեպտեմբերին Հայաստան է բերվել այն ինքնաթիռը, որը ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է որպես EK-73771: Նույն ամսում, սակայն, ինքնաթիռը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, որտեղ Մ. Բաղդասարովը այդ տարվա փետրվարին տեղացի գործարարի հետ հիմնել էր «Bratavia» անունով ավիաընկերություն, որը հետագայում վերանվանվեց «Slovakian Airlines»: Բաղդասարովը նպատակ ուներ այսկերպ իր ավիացիոն բիզնեսը տարածել Եվրոպայում: Հայկական օդանավը, որն այս ընկերության առաջին ու վերջին ինքնաթիռն էր, Բրատիսլավա էր հասել անգլիական Նորվիչից, որտեղ նախորդ շահագործող «Չեխական ավիաուղիների» գույները փոխվել էին նոր օպերատորի գույներով:

«Slovakian Airlines»-ի օդանավը ժամանել է Բրատիսլավա (20.09.2011) Վերջին թռիչքներից. Թել Ավիվի երկնքում (13.01.2013)

1997-ին արտադրված, բիզնես դասի 24 եւ էկոնոմ դասի 84 նստատեղերով կահավորված օդանավը Սլովիակայում գրանցվել էր որպես OM-BTS ու սպասում էր թռիչքներ կատարելու թույլտվության, սակայն այդպես էլ օդ չբարձրացավ: Հայ-սլովակյան ձախողված նախագծի մասին Բաղդասարովը հետագայում ասել էր. «Դա չի հաջողվել, քանի որ մեծ ներդրումներ էր պահանջում, իսկ այժմյան հնարավորությունները դա թույլ չեն տալիս»: 

Ըստ planespotters.net-ի՝ 2011-ի դեկտեմբերին օդանավը վերադարձվեց «Արմավիային», չնայած համացանցում առկա նկարներում կարող ենք տեսնել, որ 2012-ի հունվարին այն դեռ կանգնած էր Բրատիսլավայի օդանավակայանում: Հայաստանում ինքնաթիռին ավելի լավ ճակատագիր էր սպասվում. EK-73771-ը սկսեց շահագործվել, սակայն «Արմավիան» այն չներկեց իր գույներով՝ բավարարվելով «Slovakian Airlines»-ի բրենդի որոշ ատրիբուտներ սպիտակ ներկով ջնջելով:

EK-73771-ը՝ Կատովիցեի օդանավակայանում (26.01.2015)

Բայց 2013-ի սկզբներին ինքնաթիռը տեղափոխվեց լեհական Կատովիցե քաղաքի օդանավակայան՝ մատնվելով հարկադիր պարապուրդի: Չնայած այս «Boeing 737-500»-ը դեռ հայկական գրանցում է կրում, եթե հավատալու լինենք ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությանը (ՔԱԳՎ), այն վաղուց ՀՀ օդանավերի ռեգիստրում չէ:  

EK-73775

Եթե Չեխիայի վիճակագրողների տվյալներով՝ 3 օդանավերից առաջին երկուսը Հայաստան են առաքվել 2011-ի սեպտեմբերին, ապա ավիացիոն տեղեկատուների ինֆորմացիան այլ է: Նույն planespotters.net-ի համաձայն՝ Հայաստանում EK-73775 համարը ստացած «Boeing 737-500»-ը Պրահայից Երեւան է եկել նոյեմբերի 23-ին: Օդանավն արտադրվել էր 1999-ին: Հայաստանում այն մի քանի ամիս շահագործվեց հին տեսքով: Ավելի ճիշտ՝ դրա վրայից մաքրվել էին «Չեխական ավիաուղիների» բրենդային դետալները, սակայն որոշ բաներ էլ մնացել էին:

EK-73775-ը՝ Դուբայում (04.12.2011) Կատովիցեում (21.01.2013)

Արդեն 2012-ին ինքնաթիռը ներկվեց «Արմավիայի» գույներով ու ստացավ «Հովհաննես Այվազովսկի» անունը: Սակայն մյուս երկու օդանավերի պես սա էլ երկար չծառայեց հայկական փոխադրողին: 2013-ի հունվարին ինքնաթիռը նույն Կատովիցեում էր, հետո տեղափոխվեց Հայաստան, որտեղ կարճ ժամանակ անց «Արմավիայի» թռիչքների դադարեցման պատճառով մնաց կանգնած:

Իբրեւ «Արմավիայի» օդանավ՝ վերջին լուսանկարներից (Մոսկվա, 28.03.2013)

2013-2015 թթ. EK-73775-ը կայանված էր «Զվարթնոցում»: 2015-ի ապրիլի 30-ին այն թռավ Հորդանանի մայրաքաղաք Ամման: Դրա շահագործողն արդեն Գառնիկ Պապիկյանի «Տարոն-Ավիա» ընկերությունն էր: Ավիափոխադրողի հիմնադիրը «Հետքի» հետ զրույցում պատմել էր, որ ինքնաթիռները Հորդանան է տեղափոխում տեխսպասարկման (այսպես կոչված «C-check») նպատակով, որտեղ հայկական օպերատորը համապատասխան պայմանագրեր էր կնքել տեղական «Jordan Aeronautical-systems Company (JAC)» եւ «JAV (Jordan Aviation) Technic» ընկերությունների հետ: EK-73775-ի նոր սեփականատեր էր դարձել Շարժայի օդանավակայանի ազատ տնտեսական գոտում գրանցված «Ala International» ընկերությունը, որը նույնպես պատկանում է Գ. Պապիկյանին:

2015-ի օգոստոսին «Տարոն-Ավիան» թաց լիզինգի պայմաններով վարձակալման հանձնեց EK-73775-ը սուդանական «Badr Airlines» ավիաընկերությանը: Դա նշանակում էր, որ ինքնաթիռը, անձնակազմը, տեխսպասարկումը, ապահովագրությունը Պապիկյանի ընկերության պատասխանատվության ներքո են, սակայն օդանավը շահագործելու էր սուդանական կողմի չվերթները՝ հանդես գալով նրա կոդի տակ:

Խարթումի օդանավակայանում (19.11.2015)

Չնայած Գ. Պապիկյանը մեզ հայտնել էր, որ օդանավերը Հայաստան կբերի, եթե ստանա թռիչքներ կատարելու իրավունք, ինչն ի վերջո ստացել է 2016-ի մայիսին, մինչ օրս օդանավը «Badr Airlines»-ի տրամադրության տակ է:    

EK-73772

1998-ին արտադրված այս օդանավի ճակատագիրը շատ նման է EK-73775-ին: Ըստ planespotters.net-ի՝ այն Հայաստան է եկել 2011-ի դեկտեմբերի 27-ին: Ի տարբերություն իր «երկվորյակի»՝ EK-73772-ն այդպես էլ մնաց նախորդ օպերատոր «Չեխական ավիաուղիների» կիսաջնջված գույներով: «Արմավիայի» անկումից հետո սա էլ կանգնած էր «Զվարթնոցում», մինչեւ նոր տեր ձեռք բերեց՝ հանձին «Ala International»-ի: 2015-ի հունիսին ինքնաթիռը դուրս բերվեց Հայաստանից, իսկ հոկտեմբերին «Տարոն-Ավիան» վարձակալմամբ հանձնեց նույն «Badr Ailrines»-ին, որի կազմում շահագործվում է մինչ օրս:  

Սանկտ Պետերբուրգում (31.03.2012)

Ստորեւ ներկայացվող փաստաթղթերում երեւում է, որ EK-73775-ի եւ EK-73772-ի քաշը չի գերազանցում 32 տոննան: Մյուս կողմից՝ դրանք եւ EK-73771-ը Հայաստան ներկրվելիս եղել են 12-14 տարեկան եւ նույնքան տարի շահագործված, ինչը կասկածելի է դարձնում, որ երկու օդանավերի գինը կարող էր հասնել 53,5 մլն դոլարի, ինչպես հայտնում է չեխական վիճակագրությունը (1994-ին արտադրված «Boeing 737-500»-ի գինն առանց հարկերի, որոշ տվյալներով, շուրջ 12 մլն դոլար է, իսկ օգտագործվածներինը՝ շատ ավելի էժան):

Նկարները մեծացնելու համար սեղմեք դրանց վրա

«PPF banka»-ն փորձում էր սնանկ ճանաչել երաշխավորին

23,4 մլն դոլար վարկի երաշխավորը, ինչպես վերը նշեցինք, «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ն էր, որի հետ չեխական բանկը համապատասխան պայմանագիր էր կնքել 2011-ի օգոստոսի 8-ին:

«Mika Limited»-ը վարկը մարել է մինչեւ 2013-ի մարտի 29-ը, դրանից հետո վճարումներ չի կատարել: Չեխական բանկը մի քանի անգամ ծանուցումներ է ուղարկել սրա վերաբերյալ, սակայն մնացել է անարձագանք: 2014-ի մարտի 19-ին բանկը «Mika Limited»-ին ներկայացրել է այդ օրվա դրությամբ 18,5 մլն դոլարի պարտավորության վաղաժամկետ վճարման պահանջ՝ «արագացման ծանուցում»: 18,5 մլն դոլարից 17 մլն-ը մայր գումարն էր, վճարման ենթակա էին նաեւ տոկոսները (531 հազ. դոլար), տույժերը (360 հազ. դոլար), բանկի ծախսերը (իրավաբանական վճար, օդանավերի տեխսպասարկում, ընդհանուր՝ 345 հազ. դոլար):

5 աշխատանքային օրում վաղաժամկետ վճարում կատարելու այս պահանջը եւս Բաղդասարովի օֆշորային ընկերությունը չի կատարել, ինչից հետո՝ ապրիլի 16-ին, չեխական կողմը նույն պահանջով դիմել է վարկի երաշխավոր «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ին: Վերջինս նույնպես չի բավարարել բանկի պահանջը, եւ «PPF banka»-ն 2015-ի օգոստոսի 28-ին դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով սնանկ ճանաչել երաշխավորին, որն արդեն կոչվում էր «Հրազդան-Ցեմենտ»: Սրանից օրեր անց՝ սեպտեմբերի 15-ին, «Հրազդան-Ցեմենտի» նոր եւ միակ բաժնետեր «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն առանձին հայցով մտել է նույն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել երաշխավորության պայմանագիրը (datalex.am հարթակի համաձայն՝ բանկը գործարանի բաժնետերն է, սակայն, օրինակ, երբ 2016-ին ԱԺ-ն հարկային արտոնություն տվեց գործարանին, օրենքի նախագծում նշվել է, որ «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ի գույքն ու բաժնետոմսերը գրավադրված են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ընկերությունում վարկի դիմաց):

2015-ի նոյեմբերի 19-ին սնանկության գործով դատավոր Էդգար Սահակյանը որոշել է մերժել «PPF banka»-ի դիմումը՝ նշելով, որ սնանկ ճանաչելու հիմքը ոչ թե ընդհանրապես վճարային պարտավորության առկայությունն է, այլ դրա անվիճելի լինելը, իսկ տվյալ դեպքում «Հրազդան-Ցեմենտի» պարտավորությունն անվիճելի չէ, քանի որ մեկ այլ գործով (պայմանագիրն անվավեր ճանաչելու) այն վիճարկվում է դատարանում:

Դեկտեմբերի 4-ին չեխական բանկի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել: «Սնանկության մասին» ՀՀ օրենքով՝ «վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանն առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, եւ պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի»: «PPF banka»-ի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը վերաքննիչ բողոքում նշել է, որ առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել օրենքը, քանի որ ոչ թե «Հրազդան-Ցեմենտն» է վիճարկում երաշխավորության պայմանագիրը, այլ ուրիշ իրավաբանական անձ (բանկը), եւ պարտապանը չի ապացուցել, որ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ինչպես օրենքն է պահանջում), ինչը նշանակում է, որ պարտավորությունն անվիճելի է:

2016-ի փետրվարի 25-ին վերաքննիչ դատարանը (նախագահող՝ Ամրահի Պետրոսյան) մերժել է բողոքը: Հիմքում չի դրվել երաշխավորության պայմանագիրը. դատարանը նշել է, որ պայմանագրի համաձայն՝ եթե դրա շուրջ վեճ է ծագում, այն լուծվում է Չեխիայի Հանրապետության տնտեսական եւ գյուղատնտեսության պալատներին կից արբիտրաժային դատարանում՝ Պրահայում, այդ երկրի Առեւտրային օրենսգրքի համաձայն: Իսկ մերժման հիմքում վերաքննիչ ատյանը դրել է այն, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում երաշխավորին սնանկ ճանաչելու դրույթ չկա: «Պարտատերը դիմել է դատարան ոչ թե հիմնական պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով, այլ երաշխավորին: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ երաշխավորը թեեւ համապարտ պատասխանատվություն է կրում պարտավորությունների կատարման համար, սակայն «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի կարգավորման առումով սնանկ ճանաչվել չի կարող, առավել եւս, քանի դեռ հիմնական պարտապանի կամ երաշխավորի կողմից պարտավորությունները լրիվ կամ մասնակի չեն կատարվել: Եվ եթե անգամ կարող է սնանկ ճանաչվել, ապա միայն հիմնական պարտապանի սնանկության վարույթի ավարտից հետո չբավարարված պահանջի մասով»,- նշված է դատարանի որոշման մեջ: 

Այսինքն՝ ըստ այս տրամաբանության՝ չեխական բանկը նախ կարող էր որպես առաջին քայլ վաճառել գրավադրված օդանավերը, ինչի մասին դատարանում նշել է նաեւ «Հրազդան-Ցեմենտի» ներկայացուցիչը (հետաքրքիր է, որ չեխական կողմի հայցում խոսք չի եղել 3 օդանավերի գրավադրված լինելու մասին, բացի դրանից՝ դատարան դիմելիս դրանցից երկուսն արդեն վաճառվել էին Գ. Պապիկյանի «Ala International»-ին): Իսկ եթե չեխերը պիտի ինչ-որ մեկի դեմ սնանկության դիմում ներկայացնեին, առաջինը պետք է լիներ պարտապանը՝ «Mika Limited»-ը: Սնանկության վարույթի ընթացքում կիրացվեր գրավադրված գույքը (3 ինքնաթիռները), ու եթե ստացված գումարը չհերիքեր բանկի հանդեպ պարտքը փակելու համար, նոր միայն վերջինս չմարված պարտքի մասով կարող էր սնանկության դիմում ներկայացնել «Հրազդան-Ցեմենտի» դեմ:

Վերաքննիչն արձանագրել է. «ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դրույթի բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ երաշխավորին սնանկ ճանաչել: Ինչը սակայն չի նշանակում, որ երաշխավորը կհայտնվի արտոնյալ վիճակում եւ հնարավորություն կունենա խուսափել երաշխավորության պայմանագրով ստանձնած իր պարտականությունների կատարումից: Ճիշտ հակառակը, թե ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը, եւ թե «Սնանկության մասին» ՀՀ օրենքը պարունակում են այդ խնդիրը կարգավորող ուղղակի եւ անմիջական դրույթներ՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների այլ ոլորտում, պարտավորության կատարման այլ եղանակով (երաշխավորի նկատմամբ պահանջ ներկայացնելով) իրավական հնարավորություններ: Ավելին, կողմերի միջեւ կնքված երաշխավորության պայմանագրի 6.2 կետի համաձայն՝ սույն պայմանագիրը մեկնաբանվել է Չեխիայի Հանրապետության օրենսդրության, մասնավորապես Առեւտրային օրենսգրքի 303-րդ բաժնի եւ մյուս բաժինների համաձայն, որպիսի հանգամանքն անտեսել է դիմող կողմը»:

Սրանից բխում է, որ բանկը երաշխավորության պայմանագիրը ձեռքին կարող էր մտնել ՀՀ դատարան եւ համապարտության կարգով «Հրազդան-Ցեմենտից» պահանջել «Mika Limited»-ի ամբողջ չմարված պարտքը (քաղաքացիաիրավական կարգով): Վճռաբեկ դատարանը չի ընդունել հայցվորի բողոքը վերաքննիչի ակտի դեմ:

Չնայած պայմանագրով ամրագրված է, որ այն եւ դրան առնչվող բոլոր պարտավորությունները կարգավորվելու եւ մեկնաբանվելու են Չեխիայի օրենսդրության համաձայն, իսկ պայմանագրի շուրջ վեճերն էլ ներկայացվելու եւ լուծում են ստանալու Չեխիայի արբիտրաժային դատարանում, «ՎՏԲ-Հայաստանը», ինչպես նշեցինք վերեւում, «Հրազդան-Ցեմենտի» երաշխավորության պայմանագիրն անվավեր ճանաչելու համար 2015-ի սեպտեմբերի 15-ին դիմել է Կոտայքի դատարան: Նմանատիպ մեկ այլ հայց էլ «ՎՏԲ»-ն ներկայացրել է չեխական դատարան: Կոտայքի դատավոր Արիստակես Սիսակյանի վարույթում գտնվող գործով պատասխանողը «Հրազդան-Ցեմենտն» է, իբրեւ երրորդ անձ ներգրավված է «PPF banka»-ն: 2016-ի մայիսին դատարանը որոշել է գործին որպես երրորդ անձ ներգրավել նաեւ Միխայիլ Բաղդասարովին ու «Mika Limited»-ին: Գործը դեռեւս ընթացքում է:

Հետաքրքիր է, որ «PPF banka»-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ հայաստանյան գրանցում ունեցող ընկերության՝ կարծես թե փորձելով օֆշորային «Mika Limited»-ի հետ քաշքշուկի մեջ չմտնել:

«Հետքը» «PPF banka»-ի ներկայացուցիչների հետ փորձել է հարցազրույց կազմակերպել, սակայն «PPF Group»-ի խոսնակ Զուզանա Միգդալովան (Zuzana Migdalová) հայտնել է հետեւյալը. «Բանկային գաղտնիքի վերաբերյալ չեխական օրենքն արգելում է բանկին որեւէ ինֆորմացիա տալ իր հաճախորդների գործերի մասին, այդ իսկ պատճառով մենք չենք կարող մեկնաբանել այս հարցը»:

Չեխական բանկը՝ սնանկացած «Արմավիայի» պարտատեր

Չեխական վարկի երաշխավոր ցեմենտի գործարանին սնանկ ճանաչելու գործը դեռ չէր մտել Կոտայքի դատարան, երբ արդեն սնանկացել էր օդանավերի շահագործող «Արմավիան»: Դեռեւս 2014-ի սեպտեմբերին ավիաընկերության 35 տոկոսի սեփականատեր «Mika Limited»-ը Երեւանի Մալաթիա-Սեբաստիայի դատարանին խնդրել էր սնանկ ճանաչել «Արմավիային», եւ հոկտեմբերի 6-ին դատավոր Լիլիթ Կատվալյանը բավարարել էր հայցը: 2015-ի մարտին հաստատվել էր «Արմավիայի» 172 պարտատերերի վերջնական ցուցակը (հետագայում պահանջներ են ներկայացրել նաեւ այլ անձինք): «Mika Limited»-ն այդտեղ 134-րդն է (պահանջի չափը՝ 38.378.000 դոլար), իսկ «PPF banka»-ն՝ 123-րդը (18.520.806 դոլար): «Արմավիայից» 28.053.487 դրամի եւ 792.014 դոլարի պահանջ ունի նաեւ Բաղդասարովի հիմնած «Միկա Քորփորեյշնը», որը պարտատերերի մեջ 129-րդն է (այս ընկերությունը եւս 2016-ի հոկտեմբերին սնանկ է ճանաչվել եւ հիմա վճիռը բողոքարկում է վերաքննիչ ատյանում): «Հետքը» գրել է, թե «Արմավիայի» պարտքերը փակելու համար ինչ գույք է հանվել աճուրդի: Դատելով դրանից՝ կարող ենք ասել, որ ստացած գումարները չեն բավարարի ստորին հորիզոնականներում հայտնված չեխական բանկի ու Բաղդասարովի պարտատեր ընկերությունների պարտքերը փակելուն:  

Հայ-չեխական գործարքի ապահովագրողը՝ իրավապահների թիրախում

Ինչպես նշեցինք ամենավերեւում, «PPF banka»-ից Բաղդասարովի ընկերության վերցրած վարկը ապահովագրել է չեխական «EGAP» պետական բաժնետիրական ընկերությունը (բաժնետերերն են Չեխիայի ֆինանսների, արդյունաբերության եւ առեւտրի, գյուղատնտեսության, արտաքին գործերի նախարարությունները): Այսինքն՝ ապահովագրող այս ընկերության վրա բավականին ծանր բեռ է ընկել, քանի որ, ըստ էության, բանկի վնասները նա պետք է հատուցի, եթե, իհարկե, ոչ մի կերպ հնարավոր չլինի ստանալ Բաղդասարովից:

«EGAP»-ի շենքը Պրահայում «PPF»-ի շենքը Պրահայում

Այն բանից հետո, երբ 2014-ի հունվարին իրավապահները մտել էին «ČEB»-ի ու «EGAP»-ի շենք, երկրի ապագա վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան (Bohuslav Sobotka) հայտարարել էր, որ այդ հիմնարկները պետք է «օդափոխել»: Ըստ նրա՝ անհրաժեշտ է պարզել, թե որքան արդյունավետ են այս երկուսը կառավարում իրենց հանձնված ռեսուրսները, արդյոք վարկերի տրամադրումն ու ապահովագրումը թափանցիկ է, թե այլ մեխանիզմներ են գործում:

Չեխ ոստիկանները առգրավել էին վարկային գործարքներին առնչվող փաստաթղթեր: Ըստ տեղական մամուլի՝ մեղադրանք է առաջադրվել «EGAP»-ի նախկին գլխավոր տնօրեն Կարել Պլեվային եւ նրա տեղակալին, որոնք փաստաթղթերի կեղծմամբ ապահովագրել էին Վիետնամում ցեմենտի գործարան կառուցելու համար «PPF banka»-ի տրամադրած վարկն ու պետությանը մոտ 900 մլն կրոնի վնաս հասցրել: Եթե մեղադրանքը հաստատվի, նրանց սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում:

2015-ի հունիսին չեխական pojistnyden.cz կայքը գրել է, որ 2014-ին «EGAP»-ը հայտարարել է 5,9 մլրդ կրոն ռեկորդային կորստի մասին, որի մեծ մասը պետք է ուղղվի «ČEB»-ի վնասների հատուցմանը: Միաժամանակ, ըստ կայքի, ապահովագրողը կարողացել էր վերադարձնել 226 մլն կրոնի դեբիտորական պարտք: Մասնավորապես, վաճառվել են «Արմավիայի»՝ վարկով ձեռք բերված 3 օդանավերից երկուսը, իսկ մեկը դեռ կանգնած է լեհական Կատովիցեում: Վերը նշեցինք, որ ինքնաթիռները գրավադրված էին վարկատու «PPF banka»-ում, հետեւաբար տրամաբանական է մտածել, որ հենց բանկն է վաճառել երկու օդանավերը, որոնց գնորդը Գառնիկ Պապիկյանի «Ala International»-ն էր: Ստացվում է, որ բանկը վաճառել է գրավադրված գույքի մի մասը, սակայն հետո առանց այս մասին հայտնելու հայկական դատարանից պահանջել է սնանկ ճանաչել վարկի երաշխավոր Հրազդանի ցեմենտի գործարանին:      

«Հետքը» փորձել է ծանոթանալ «EGAP»-ի պաշտոնական տեսակետին՝ խնդրելով այս ընկերությանը եւս հանդիպում կազմակերպել: Սակայն «EGAP»-ի խոսնակ Հանա Հիկելովան (Hana Hikelová) եւ գլխավոր տնօրենի՝ առեւտրի գծով տեղակալ Մարեկ Դլոուհին (Marek Dlouhý) որեւէ կերպ չեն արձագանքել մեր նամակներին:

Պրահայի հայ համայնքում «Հետքի» աղբյուրը պատմել է, որ վարկային գործարքին մասնակցել է նաեւ Սամվել Արտուշի Աղասարյանը (ՀՀ քաղաքացի է, գրանցված է Երեւանում): Ըստ չեխական պետռեգիստրի տվյալների՝ վերջինս ներգրավված է մի շարք տեղական ընկերություններում դեռեւս 2002-ից: Աղասարյանն իրավաբան է, գիտությունների թեկնածու: Հայ համայնքում լավ են ճանաչում եղբայրներ Սամվել, Սլավիկ, Արթուր Աղասարյաններին: Նրանք միջնորդում են նաեւ հայաստանցիների կողմից Չեխիայում ընկերություններ գրանցելու գործընթացին: Այդպիսի մի դեպքի անդրադարձել ենք

Ո՞վ է «PPF banka»-ի տերը

Չեխական այս բանկն Ամստերդամում գրանցված «PPF Group»-ի մաս է կազմում, իսկ վերջինիս հիմնադիրը, նախագահն ու գլխավոր բաժնետերը հայտնի չեխ գործարար Պետր Կելներն է (Petr Kellner): «PPF Group»-ին է պատկանում «Polymetal International» հանքարդյունաբերական օֆշորային ընկերության շուրջ 18 տոկոսը: Հիշեցնենք, որ ռուսական արմատներ ունեցող հենց այս ընկերությունն է ներկայում «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի տերը, որը շահագործում է Կապանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

lidovky.cz-ի կոլաժը՝ Բաղդասարովի ու Կելների գործարքի մասին

Կելները, որը, ըստ «Ֆորբս» ամսագրի, աշխարհի մեծահարուստների ցանկում 96-րդն է, իսկ կարողությունը ներկա պահին գնահատվում է ավելի քան 12 մլրդ դոլար, Չեխիայի ներկա նախագահ Միլոշ Զեմանի (Miloš Zeman) մերձավորներից է: Չեխական մամուլում մեծ արձագանք էր ստացել այն դեպքը, երբ 2014-ի հոկտեմբերին Չինաստան կատարած այցից հետո Զեմանը Չեխիա էր վերադարձել ոչ թե պետական օդանավով, այլ իր պատվիրակության հետ մեկնած Կելների մասնավոր ինքնաթիռով: Նախագահի խոսնակը նշել էր, թե դա պայմանավորված էր ժամանակ խնայելու ցանկությամբ, քանի որ Զեմանը պետք է Պրահայում կարեւոր միջոցառման մասնակցեր:   

Միլոշ Զեմանը դիմում է Սերժ Սարգսյանին

2016-ի հունիսի 8-ին պետական այցով Հայաստանում գտնվող Միլոշ Զեմանը նախագահական նստավայրում լրատվամիջոցների առաջ Սերժ Սարգսյանի հետ հանդես էր եկել հայտարարությամբ: Իր խոսքի վերջում Չեխիայի նախագահն ասել էր. «Համաձայնության ենք եկել պարոն նախագահի հետ, որ շատ կարեւոր են ներդրումային հատվածում պետական երաշխիքները, որոնք ապահովում են կայունություն մեր տնտեսական հարաբերություններում: Կուզենայի շնորհակալություն հայտնել պարոն նախագահին, որ խոստացել է իր աջակցությունը ցուցաբերել մի դեռեւս չլուծված գործարքի շուրջ՝ «Միկա-Ցեմենտի» հարցում: Եվ շատ կարեւորում եմ նախագահի այս խոստումը»:

Նշենք, որ մինչ այս «PPF banka»-ն արդեն սպառել էր հայաստանյան դատական ատյաններում «Հրազդան-Ցեմենտի» դեմ սնանկության գործով հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս հարցը Զեմանը Սարգսյանի առաջ բարձրացրել էր նաեւ 2014-ի հունվարին, երբ վերջինս պետական այցով գտնվում էր Չեխիայում: Այսինքն՝ արդեն նախագահների մակարդակով էր փորձ արվում ստանալ Զեմանի ընկերոջ բանկի գումարները:

Չեխական կողմ. «EGAP»-ը հակված չէ ապագայում աշխատել Հայաստանում ծրագրերի վրա

Այս հայտարարությունից հետո «ՍիվիլՆեթը» դիմել էր բանկին ու Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը: Եթե առաջինը, ինչպես «Հետքի» պարագայում, չի մեկնաբանել իրավիճակը՝ հղում կատարելով բանկային գաղտնիքին, ապա նախարարությունը, բանկի հայցը մերժող դատական վճռին գնահատական չտալով հանդերձ, պատասխանել է այլ հարցերի:

«Չեխիայի եւ Հայաստանի իշխանությունները հարցը քննարկել են մի քանի անգամ, վերջին անգամ՝ 2016-ի հունիսին՝ նախագահ Միլոշ Զեմանի պետական այցի ժամանակ, ինչպես նաեւ 2016-ի փետրվարին՝ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յան Մլադեկի աշխատանքային այցի ընթացքում: Ամեն դեպքում, պետք է հարգել դատական իշխանության անկախությունը: Մենք կսպասենք վերջնական որոշմանն ու հավատում ենք հարցի դրական հանգուցալուծմանը»,- նշել են նախարարությունից: Ի պատասխան այն հարցին, թե դատական վեճն ինչ ազդեցություն կունենա հայ-չեխական հարաբերությունների վրա, գերատեսչությունից հայտնել են. «Այս պահին դժվար է գնահատել իրավիճակը, բայց արդեն իսկ հետեւանքների ազդեցությունը կա: Ցանկացած նման խնդիր ստեղծում է անցանկալի մթնոլորտ գործարարների, ֆինանսական ինստիտուտների ու ներդրողների մոտ: Արտահանման երաշխավորման եւ ապահովագրման ընկերությունը (EGAP) հակված չէ ապագայում աշխատել Հայաստանում ծրագրերի վրա, իսկ առանց դրա աջակցության դժվար է պատկերացնել մեծ ծրագրերի իրականացում: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ խնդիրը կլուծվի իրավական ճանապարհով եւ խորապես չի ազդի երկկողմանի հարաբերությունների վրա»:

2016-ի օգոստոսին չեխական նախարարությանը խնդրել էինք պատասխանատուներից մեկի հետ հանդիպում կազմակերպել՝ պաշտոնական տեսակետին ծանոթանալու համար: Սակայն մամուլի ծառայությունից Դիտա Հավլիչկովան (Dita Havlíčková) հայտնել էր. «Չեխական պետական հաստատությունները, ինչպիսին է արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, չեն մեկնաբանում դատական գործընթացները: Խնդրում ենք այս դեպքում կապվել «EGAP»-ի (գլխավոր տնօրենի տեղակալ Մարեկ Դլոուհիի) կամ «PPF banka»-ի պատասխանատու անձանց հետ»: Ինչպես վերը նշել ենք, առաջինն անպատասխան է թողել մեր հարցումը, իսկ երկրորդը չի մեկնաբանել բանկային գաղտնիքի պատճառով:      

Նախագահների երեւանյան հանդիպումից հետո հնարավոր զարգացումների ու Միլոշ Զեմանի տեսակետի մասին երկու հարց էինք ուղղել նաեւ վերջինիս խոսնակ Իրժի Օվչաչեկին (Jiří Ovčáček), սակայն նա չի արձագանքել:

Հայկական կողմ. հարցը երկու մասնավոր սուբյեկտների հարաբերություններին է առնչվում

«Հետքը» հարցեր էր ուղարկել նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանին, ով հայ-չեխական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահն է:  

-ՀՀ ՏԶՆ նախարարությունն ինչ-որ կերպ ներգրավվա՞ծ է խնդրի կարգավորմանը, Ձեր չեխ գործընկերների հետ քննարկե՞լ եք այս թեման:

-Չեխական կողմը հարցը բարձրացրել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում: Հայկական կողմն արձագանքել է, որ հարցը երկու մասնավոր տնտեսվարող սուբյեկտների միջեւ ծագած հարաբերություններին է առնչվում, եւ նման դեպքերում խնդրի առկայության պարագայում այն ենթակա է լուծման այդ երկու սուբյեկտների միջեւ կնքված համաձայնությունների եւ գործող իրավական կարգավորումների շրջանակում:

EGAP»-ի ներկայացուցիչներն այս թեմայի շուրջ զրուցե՞լ են նախարարության կամ այլ մարմինների պաշտոնյաների հետ:

-Ես նշեցի, որ հարցը բարձրացվել է նիստի շրջանակներում եւ հարցին եղել է համապատասխան արձագանք: Այս հարցի առնչությամբ կայացած առանձին հանդիպում եւ քննարկում նշված ընկերության հետ ինձ հայտնի չէ:

-Ի՞նչ է արվել հունիսից ի վեր ՀՀ պետական ատյանների կողմից հարցին լուծում տալու համար՝ հաշվի առնելով Ս. Սարգսյանի խոստումը:

-Որքան ես տեղյակ եմ, ներկայումս ընթանում են դատական գործընթացներ, եւ, կարծում եմ, հարցին հնարավոր կլինի անդրադառնալ այդ գործընթացների ավարտից եւ դրանց արդյունքները դիտարկելուց հետո: Այնուամենայնիվ, հարկ է նկատի ունենալ, որ խոսքը գնում է ոչ պետական առեւտրային սուբյեկտների միջեւ կնքված գործարար գործարքի մասին:

-Ի՞նչ կերպ է լուծվելու խնդիրն՝ ըստ նախարարության: Կա՞ն արդյոք հստակ ուղիներ:

-Նախարարության կարծիքով՝ խնդիրը պետք է դիտարկել ստորագրված գործարքի եւ իրավական կարգավորումների շրջանակներում՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն: Այստեղ նախեւառաջ պետք է նկատի ունենալ երկու կողմ հանդիսացող սուբյեկտների միջեւ կնքված պայմանագրի դրույթները, որոնց նախարարությունը չի տիրապետում, եւ ինչը դուրս է նախարարության իրավասության շրջանակներից:

EGAP»-ի բացասական վերաբերմունքը ՀՀ-ում ներդրումներին աջակցելու վերաբերյալ այս ընթացքում ի՞նչ հետեւանքներ է ունեցել: Չեխական ներդրումները ՀՀ-ում նվազե՞լ են, աճե՞լ, թե՞ մնացել նույնը:

-Իհարկե, առավել նախընտրելի է չունենալ դեպքեր, երբ երկու մասնավոր ընկերությունների միջեւ կնքված գործարքն ունենում է խնդիրներ եւ ամբողջությամբ չի հաջողում: Այստեղ թերեւս պետք է նախեւառաջ վերլուծել, թե ի՞նչ պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեին ժամանակին այդ նույն մասնավոր ընկերությունների միջեւ, որպեսզի նման երեւույթի առաջացման ռիսկը լիներ նվազ կամ բացառվեր, կամ ո՞ր նվազագույն պայմանները պետք է կողմերը բավարարեին, որից հետո կարելի լիներ կնքել գործարք եւ ապահովագրել այն, եւ այլն:

Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ նման երեւույթը պետք է հիմք հանդիսանա «EGAP»-ի համար Հայաստանում ներդրումներին չաջակցելու: Միաժամանակ նշեմ, որ «EGAP»-ից կամ ընդհանրապես չեխական կողմից պաշտոնական որեւէ տեղեկատվություն չի ստացվել Հայաստանում ծրագրեր չիրականացնելու վերաբերյալ, ավելին՝ այս տարվա ընթացքում (նկատի ունի 2016 թ.- հեղ.) մենք չեխական կողմի ակտիվ մասնակցությամբ արդեն իսկ անցկացրել ենք երեք համատեղ գործարար համաժողով Երեւանում եւ Պրահայում, եւ դրանց իր որոշակի մասնակցությունն է ունեցել նաեւ «EGAP»-ը:

-Խնդրում եմ ներկայացնել 2014 -2016 թթ. չեխական ընկերությունների կողմից ներդրումների դինամիկան ՀՀ-ում՝ տարեկան կտրվածքով

-Ինչ վերաբերում է չեխական ներդրումների ծավալներին, ապա, ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների, չեխական ներդրումների համախառն հոսքերը ՀՀ տնտեսության իրական հատվածում 2016 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել են 42,8 մլն ՀՀ դրամ (hամախառն հոսքերն, ըստ ԱՎԾ մեթոդաբանության, ընդգրկում են 1988 թ. մինչեւ 2016 թ. հունիսի վերջն ընկած ժամանակահատվածում միայն գործառնության արդյունքում իրականացված ներդրումների ծավալների հանրագումարը (առանց պարտավորությունների գծով մարումների, գների, փոխարժեքի եւ այլ փոփոխությունների՝ արտակարգ իրավիճակների, մեխանիկական սխալի եւ կազմակերպության ուղղակի լուծարման արդյունքում իրականացված փոփոխությունների)): Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2002-2016 թթ. ընթացքում Հայաստանում չեխական ներդրումների հոսքեր չեն գրանցվել:

Հարկ է նշել, որ ՀՀ ԱՎԾ-ի կողմից օտարերկրյա ներդրումների հավաքագրումն իրականացվում է որոշակի մեթոդաբանությամբ: Վերջինիս վերաբերյալ եւ վիճակագրական ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՀՀ ԱՎԾ-ից:

ՀՀ-ում չեխական ընկերությունների գործունեության վերաբերյալ նշեմ, որ 2016 թվականի ընթացքում տեղի ունեցած գործարար համաժողովներին մասնակցել են մի քանի տասնյակ չեխական ընկերություններ: Հանդիպումների ընթացքում հայկական եւ չեխական ընկերությունների միջեւ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, ստորագրվել են հուշագրեր: Նախարարությունն արել է առավելագույնը՝ ապահովելու ընկերությունների միջեւ կապեր ստեղծելու պայմաններ:

Միջոցառումներից հետո մեր հարցումները ցույց են տալիս, որ կան բավական թվով կոնկրետ համատեղ ծրագրեր, որոնք հնարավոր է կյանքի կոչել: Հուսով եմ, որ մենք հետագայում կտեսնենք նաեւ այս կազմակերպված համաժողովների արդյունքների դրական ազդեցությունը վիճակագրական տվյալների վրա:

Փոխնախարարի պատասխանից կարող ենք ենթադրել, թե ինչ հանգուցալուծում է ունեցել Սերժ Սարգսյանի տված խոստումը. խնդիրը մասնավոր տնտեսվարողների միջեւ է ու պիտի լուծվի կնքված պայմանագրի շրջանակներում՝ իրավական ճանապարհով: Հետաքրքիր է, որ այսքանից հետո փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը նոյեմբերին Չեխիա կատարած այցի ընթացքում հանդիպել է արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յան Մլադեկին, «ČEB»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարել Բուրեշին ու «EGAP»-ի գլխավոր տնօրեն Յան Պրոխազկային: «Հետքը» հարցում է ուղարկել ԱԳՆ՝ պարզելու այս հանդիպման մանրամասներն ու, մասնավորապես, «EGAP»-ի դիրքորոշումը Հայաստանում ծրագրերին աջակցելու վերաբերյալ:

Հարցմանը պատասխանել է հենց Ռ. Հարությունյանը. «Հանդիպումների ընթացքում քննարկվել է տնտեսական դիվանագիտության եւ հայ-չեխական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ «EGAP» ընկերության եւ Մ. Բաղդասարովի ընկերությունների միջեւ խնդիրներին առնչվող որեւէ հարց հանդիպումների ընթացքում չի քննարկվել: Կարել Բուրեշի եւ Յան Պրոխազկայի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են Հայաստանի տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ֆինանսավորման կամ շահավետ գործարքների վարկավորման գործիքակազմը եւ մեխանիզմները։ Նշված ընկերություններն առանձին երկրների հետ համագործակցությունն իրականացնում են համաձայն հստակ սահմանված մեխանիզմների: Նրանք պատրաստակամություն են հայտնել Հայաստանի հետ հնարավոր համագործակցության շրջանակներում ներկայացված կոնկրետ առաջարկների պարագայում իրականացնել նշյալ ծրագրերի ապահովագրությունը՝ կիրառելով համապատասխան գործիքակազմը»:

Եթե իսկապես «EGAP»-ը չի շոշափել իր համար ցավոտ թեման, ապա արդյո՞ք դա նշանակում է, որ Բաղդասարովից «քաշված» ու ՀՀ դատարաններում ցեմենտի գործարանի սնանկության գործով մերժված չեխերը հույսերը կտրել են հայաստանյան արդարադատությունից ու նախագահների մակարդակով միջնորդություններից: Դժվար է ասել: Բայց դատական քաշքշուկը դեռ շարունակվում է:  

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, համացանցի աղբյուրների

Մեկնաբանություններ (1)

Սուրեն
Հայ, չեխ ու ռուս թաքնված ջհուդների գործունեությունը կարմիր գիծը պարզ երևում է: Բավ է լրագրողները գիտակցաբար թաքուն պահեն այն: Թալանի միջազգային հանցագործները մի օր հոլոքոստ են լինելու ու մեխքը իրանց վիզը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter