HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արբիտրաժային դատարանի նախագահի ընկերությունը երկաթ կորոնի Լոռու մարզի Բազումի հանքային տեղամասում

«Այրն մայնինգ» ՍՊԸ-ն Բազումի երկաթի երևակումում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն է իրականացնելու: 

«Այրն Մայնինգ» ընկերությունը գրանցվել է 2016թ. սեպտեմբերին Սայադ Բադալյանի և Սևակ Ալեքսանյանի կողմից: Սակայն 2017թ հունվարից դրա միանձնյա բաժնետեր է դարձել Արտաշես Կակոյանը: Նա Առևտրաարդյունաբերական պալատին կից գործող արբիտրաժային դատարանի նախագահն է, «Ինվեսթմնթ լո գրուպ» փաստաբանական գրասենյակի տնօրենը: Սևակ Ալեքսանյանն ու Սայադ Բադալյանը նույն իրավաբանական ընկերության աշխատակիցներ են՝ իրավական խորհրդատու և փաստաբան: 

Բնապահպանության նախարարությունը փետրվարի 6-ին դրական եզրակացություն է տվել նախագծին մեկ պահանջով՝ արգելվում է հանքերևակաման տարածքի հողային ծածկույթը խախտող երկարբանահետախուզաորոնողական աշխատանքների իրականացում:

Հանքերևակման տարածքը ներառված է Լոռու մարզի Գուգարք համայնքի վարչական սահմաններում և զբաղեցնում է մոտ 621,4 հա տարածք: Բնութագրվում է խիստ լեռնային ռելիեֆով, խոր ձորերով:

Ըստ ներկայացված նախագծի՝ Բազումի երկաթի հանքաերևակումը տեղակայված է Բազումի լեռնաշղթայի հարավ-արևելյան փեշերին՝ զբաղեցնելով ամբողջ Հալաբի լեռնաճյուղի հյուսիս-արևմտյան մասը՝ սկսած Բլդան և Աղստև գետերի միացման կետից արևելքում ու Փամբակ գետի ակունքներից՝ արևմուտքում:

Ընկերությունը նախատեսում է կատարել նախկինում ստացված փաստաթղթային տվյալների և նմուշարկման արդյունքների լրացուցիչ ուսումնասիրություն՝ նպատակ ունենալով կատարելու հանքավայրի արդյունաբերական նշանակության առավել ամբողջական հիմնավորում:

Լրացուցիչ նմուշարկում, հորատում և տեղանքում կատարվող այլ աշխատանքներ չի նախատեսվում: Ուսումնասիրությունը կատարվելու է միայն տեղանքում նախկինում կատարված աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների լրացուցիչ գրասենյակային և լաբորատոր հետազոտման և համադրման հիման վրա:

Նախկինում կատարված որոնողագնահատողական աշխատանքներից հետո կատարվել է Բազումի երկաթի հանքաերևակման կենտրոնական տեղամասի հանքաքարի C2 կարգի պաշարների նախնական հաշվարկ, որը կազմվել է 148,8 մլն/տ հանքաքար, 38,8 % երկաթի միջին պարունակությամբ, իսկ P2 կարգի կանխագուշական ռեսուրսները կազմել են 300 մլն/տ.:

Ուսումնասիրության աշխատանքներն ընդգրկելու են 2017թ. առաջին եռամսյակից մինչև 2019թ. չորրորդ եռամսյակը:

Արտաշես Կակոյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ վերջինս սերտ կապեր ունի հայաստանյան իշխանությունների հետ: 2003-ին եղել է ՀՀ նախագահի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նախագահի ընտրությունների բողոքարկման գործընթացներում: Եղել է աղմկահարույց հանքարդյունաբերական նախագծերի խորհրդական, օրինակ, Lydian International-ի և Fortune Resources-ի համար: 

ՀՀ կառավարության ներկայացուցիչն է եղել Որոտան կասկադի գործարքների ժամանակ, «Տաշիր խմբի» խորհրդատուն է եղել ՀԷՑ-ի վաճառքի գործարքում, նա է Ընդերքի օրենսգրքի բարեփոխումների նախագիծը պատրաստող իրավաբանական խմբի ղեկավարը: 

Մեկնաբանություններ (1)

Levon
Հետքը կարծես շուտով դավադրություն կգտնի թռչունների չուի տրաեկտորիայի մեջ: Ու անպայման կկապի հանքարդյունաբերության ու հատկապես մեկ ընկերության հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter