ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Փաստաբանի վրա հարձակված դատախազի նկատմամբ նշանակվել է «դիտողություն» կարգապահական տույժ



2017թ. փետրվարի 15-ի դրությամբ «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտումների դեպքով միայն մեկ դատախազի նկատմամբ է հարուցվել կարգապահական վարույթ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Հետքին» տեղեկացրեցին, որ «դիտողություն» տեսակի կարգապահական տույժի է ենթարկվել Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը:

Նշենք, որ Կորյուն Ներսիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր որդին է:

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ՝ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ թույլ տրված անօրինական գործողությունների համար:

Բանն այն է, որ ԱՐԴ/0041/01/16 դատական գործով փաստաբան Գեորգի Մելիքյանը հանդիսանում է ամբաստանյալ Ա. Սաֆարյանի պաշտպանը, իսկ մեղադրող դատախազը եղել է Կորյուն Ներսիսյանը: 2016 թվականի դեկտեմբերի 13-ի նիստի ընթացքում պաշտպանի կողմից վկայի հարցաքննության ժամանակ Կորյուն Ներսիսյանն ամեն կերպ փորձել է միջամտել և ապակողմնորոշել, ուղղորդել նրան: Այդ կապակցությամբ փաստաբան Գեորգի Մելիքյանը առարկել է դատախազի անօրինական գործողությունների դեմ, որը ցավագին է ընդունել վերջինս և բորբոքվել ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելով փաստաբանի հասցեին, հրահրել է լեզվակռիվ: Դատախազը «մոռանալով», որ գտնվում է դատարանում, մոտեցել է Գեորգի Մելիքյանի սեղանին և փորձել է հարվածել, ինչը կանխել են կարգադրիչները՝ բռնելով դատախազին:

Գեորգի Մելիքյանը դիմելով դատարանին հայտարարել է, որ դատախազը ճնշում է գործադրում պաշտպանական կողմի վրա, ինչից հետո Կորյուն Ներսիսյանը փաստաբանի առջև դրված լսափողը հրելով գցել է նրա վրա: Այնուհետև շարունակելով ագրեսիվ վարքագիծը դատախազը պաշտպանին դուրս է կանչել հարցեր պարզելու համար և այդ ընթացքում հնչեցրել է վիրավորական արտահայտություններ` «արա», «արա այ հավ»: Դատախազը՝ չհանգստանալով, դատարանի ներկայությամբ կրկին շարունակել է փաստաբանին դուրս հրավիրել, իսկ վերջինիս մերժումները ստանալով վիրավորել է նրան:

Դատական նիստի ավարտից հետո էլ դատախազ Կորյուն Ներսիսյանը կրկին փորձել է Գեորգի Մելիքյանին վեճի հրահրել, ընդհուպ հնչեցնելով հայհոյանքներ: Փաստաբան Գեորգի Մելիքյանը դատախազին պատասխանատվության ենթարկելու դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Մի խումբ փաստաբաններ հանդես եկան դատպարտող հայտարարություններով:

Փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 15.12.2016թ. գտել էր, որ անթույլատրելի է դատախազի նման պահվածքն ընդհանրապես, իսկ փաստաբանի նկատմամբ` մասնավորապես և, որ նման արարք դրսևորած դատախազը պետք է պատասխանատվություն կրի:

Հանձնաժողովն ակնկալել էր, որ գլխավոր դատախազությունում և այլ պատկան մարմիններում քննություն կկատարվի և իրավական գնահատական կտրվի դատախազ Կորյուն Ներսիսյանի արարքներին, ինչպես նաև կքննարկվի որպես դատախազ նրա հետագա գործունեության նպատակահարմարությունը:

Ուշագրավն այն է, որ այդ ամենին չի միջամտել և դատախազի նկատմամբ պատասխանատվության միջոց չի կիրառել ու կարգի չի հրավիրել դատական նիստը նախագահող Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը: Ավելին առանց այդ մասին հայտարարելու դադարեցվել է դատական նիստի ձայնագրումը:

«Հետքը» դիմել է արդարադատության խորհուրդ՝ պարզելու համար արդյոք պատասխանատվության ենթարկվել է դատավոր Արթուր Ադամյանը:

Նույն դատախազը մեկ այլ դատական նիստի ժամանակ վիրավորել էր նաև փաստաբան Գայանե Լյուդվիկյանին:

«Հետքն» ավելի վաղ անդրադարձել էր, որ Կորյուն Ներսիսյանը չլինելով անապահով և ի վիճակի լինելով վճարել սեփական հարկերը գույքահարկի արտոնություն էր ստացել հայրենի՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: Համայնքի ավագանին տարբեր տարիներին որոշել էր զիջել Կորյուն Ներսիսյանի ավտոմեքենայի և շինության գույքահարկը:

Ոսկեհատում համայնքապետը Կորյուն Ներսիսյանի հայրն է՝ Գևորգ Ներսիսյանը:

Մեր հրապարակումից հետո Արմավիրի մարզպետարանն ուսումնասիրություն էր իրականացրել և տրված արտոնությունները հետ էին վերադարձվել համայնքային բյուջե:

Գլխավոր լուսանկարում փաստաբան Գեորգի Մելիքյանն է


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ