HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան․ «Ոչ թե նախաքննության արդյունավետությունը պահպանելու համար է կիրառվել սահմանափակումը, այլ կիրառվել է որպես պատիժ»

Ամալյա Մարգարյան

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը`դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մերժեց «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Վարդան Գերավետյանի, Արամ Հակոբյանի, Գագիկ Եղիազարյանի ` տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակմնան վերաբերյալ ներկայացրած բողոքը:

Ըստ ներկայացված բողոքի` փաստաբան Դավիթ Գյուրջյանը և «Սասնա Ծռեր»-ի անդամները դատարանից խնդրում էին կայացնել ակտ, ըստ որի ` Վարդան Գերավետյանի, Արամ Հակոբյանի և Գագիկ Եղիազարյանի տեսակցությունների արգելքը կվերացվեր:

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը նիստը սկսելուց հետո ներկայացրեց բողոքը, որտեղ նշված էր, որ նախաքննության մարմնի կողմից իրենց ներկայացրած միջնորդությունների բողոքարկումները չեն պարունակել որևէ պատճառահետևանքային մաս, փոխարենը, միջնորդությունների մերժումը պատճառաբանվել է նպատակահարմար չգտնելու հանգամանքով:

«Գտնում եմ, որ իմ պաշտպանյալների տեսակցության իրավունքի սահմանափակումը կրում է շարունակական բնույթ. արդեն յոթ ամիս է շարունակվում է նախաքննությունը: Մերձավոր ազգականների հետ իրավաչափ բնույթ չեն կրում սահմանափակումները, առավել ևս եթե դրանք կիրառվել են քննչական գործողության արդյունավետության ապահովման և մեղադրյալների կողմից դրանց խոչընդոտելու ենթադրյալ հնարավորությունը բացառելու նպատակով»,-ասաց փաստաբանը:

Պաշտպանը նշեց, որ Գագիկ Եղիազարյանի մասով նախաքննությունն ավարտվել է, ինչն ավելի հիմնազուրկ է դարձնում վերջինիս տեսակցությունների իրավունքի սահմանափակումը: «Միաժամանակ տեսակցությունների և հեռախոսային զանգերի սահմանափակման ինստիտուտի անարդյունավետությունն ակնհայտ է այն պայամաններում, երբ նույն մեղադրյալների նամակագրությունը սահմանափակված չէ և օրենքով դրանք սահմանափակելու հնարավորություն նախաքննական մարմինը չունի, պետք է զուտ օրենքի տեսանկյունից նայվի, քանի որ ՔԿՀ-ում նամակագրությունը ստուգվում է: Այսինքն եթե կա չսահամանփակված նամակագրություն, որի արդյունքում կարող է նույն ենթադրյալ վտանգավոր հետևանքը վրա հասնել, ապա ո՞րն է իմաստը սահմանափակելու հեռոխոսային խոսակցությունը կամ տեսակցությունը»,-հավելեց պաշտպանը:

Անդրադառնալով գլխավոր դատախազության կայացրած մերժման որոշմանը, Դավիթ Գյուրջյանը նշեց, որ մերժելու առաջին պատճառաբանությունն արտաքին աշխարհի հետ կապի սահմանափակելը պահպանելու հիմքն է եղել.«Առաջին հերթին իմ պաշտպանյալներին վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ոչ թե նախաքննության արդյունավետությունը պահպանելու համար է կիրառվել սահմանափակումը, այլ կիրառվել է որպես պատիժ։ »,-հավելեց պաշտպանը:

Դատարանում իրենց ելույթով հանդես եկան «Սասնա Ծռեր»-ի անդամներ Վարդան Գերավետյանը, Արամ Հակոբյանը,  Գագիկ Եղիազարյանը։ Նրանք համակարծիք էին փաստաբանի այն մտքին, որ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահամանափակումը պատժի միջոց է:

Արամ Հակոբյան. «Եթե քրեակատարողական հիմնարկում կարելի է նամակ գրել, ապա տեսակցությունը և հեռախոսային խոսակցություններն արգելափակելն իմ կարծիքով մի քիչ հոգեբանական ճնշում է, քան թե գործի հետ առնչվող որևէ խնդիր»:

Վարդան Գերավետյան. «Ես էլ եմ գտնում եմ, որ սա ընդամենը պատժի ձև է, որովհետև այլ կերպ հնարվոր չէր, բոլոր մարդիկ, ովքեր գալիս են քրեակատարողական հիմնարկություն, շատ լավ գիտեն, որ գրանցվում են, գիտենք` ով է գալիս, և այդ սահմանափակումը որպես պատժամիջոց է»:

Գագիկ Եղիազարյան.«Դա պատժաամիջոցի ձև է: Փորձում են մեզ պատժել, բայց «Սասնա ծռերը» ապացուցել են, որ իրենցից ոչ վախենալու են, ոչ սարսափելու են, իսկ մարդու ազատությունը պատերի մեջ սահմանափակել հնարավոր չէ»:

Ելույթով հանդես եկավ քննիչ Զավեն Դադայանը, ով խնդրեց դատարանից մերժել բողոքը, նշելով, որ եթե արգելքը հանվի այն խոչընդոտ կհանդիսանա նախաքննական գործողություններ իրականացնելու համար, քանի որ երկու մեղադրյալների մասով դեռևս ավարտված չէ նախաքննությունը: Իսկ Գագիկ Եղիազարյանի մասով հնարավոր է նաև միջնորդություններ ներկայացվեն և դրանք բավարարելու հիմքով կատարվեն նոր գործողություններ:

Լսելով քննիչին` փաստաբան Դավիթ Գյուրջյանը ասաց, որ քննիչը խոսում է հիմնվելով ենթադրությունների վրա.

«Պատկերացնու՞մ եք իրավիճակը, նախաքննության մարմինը չգիտի միջնորդություններ կներկայացվեն, թե ոչ, չգիտի ինչ բնույթի կլինեն, չգիտի հիմնավոր կլինեն, թե չէ, բայց ենթադրում են քննչական գործողություններին խոչընդոտելը: Այսինքն ևս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ ընդամենը վերացական ենթադրությունների շրջանակում է գործում նախաքննական մարմինը, հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքները, որ սահմանափակումների  որոշումները պատճառաբանված չեն, որևէ հիմնավորում իրենց մեջ չեն պարունակում, միայն վերացական շարադասություն է»,-ներկայացրեց Գյուրջյանը:

Փաստաբանի ելույթից հետո «Սասնա Ծռեր»-ի անդամ Արամ Հակոբյանն ասաց, որ  քննիչի փաստարկները լսելով, տպավորություն է առաջացել, որ սահմանափակումները քննչական խմբի քմահաճույքի դրսևորում է: Վարդան Գերավետյանն էլ նշեց, որ այդ տեսակցությունները կարևոր են, ոչ թե իրենց, այլ իրենց հարազատների համար և որևէ ձևով չեն կարող ազդել նախաքննության ընթացքի վրա.

«Եթե դու քո հարազատին տեսնում ես, ինչպե՞ս ես խոչընդոտում նախաքննությանը: Այս գործը կապված է ՊՊԾ-ի հետ, կապված է ոստիկանության հետ,և ես չեմ պատկերացնում` ինչ կերպով մենք փոքրաքանակ մարդկանցով պետք է ազդեցություն ունենանք ոստիկանության վրա, եթե ոստիկանների վրա հեշտ է ազդել այդ պարագայում, ուրեմն մեր ոստիկանները ճիշտ տեղում չեն: Ես գտնում են, որ այն մարդիկ, ովքեր կհամաձայնեն մեզ հետ շփվել, հետախուզման կենթարկվեն: Մենք պատրաստ ենք եղել գնալ անձնազոհության, համարեք, որ մենք արդեն մահացել ենք, բայց մեր հարազատների համար է ավելի կարևոր մեզ հետ շփումը, մենք գտնում ենք, որ զուտ մարդկային առումով ճիշտ կլիներ, որ այդ տեակցությունները լինեին: Եթե կա նամակագրության միջոցով կապ, ես տեսակցության մեջ որևէ խնդիր չեմ տեսնում: Եթե կա որևէ խնդիր, հարգելի քննիչ, դուք ուրեմն շատ վախկոտ եք»,-խոսքը եզրափակեց Գերավետյանը:

Նիստի ավարտից հետո փաստաբան Դավիթ Գյուրջյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընթերցված որոշման մեջ դատավորի որոշում չկար. «Պարզ է, որ դատավորը չի որոշում, եթե դատավորի որոշումը լիներ, այն դրական կլիներ, քանի որ իրավական առումով մեր բողոքը հիմնավոր էր, իսկ դատավորը կիրթ ու գրագետ անձնավորություն է, լավ իրավաբան է, սա նրա որոշումը չէր, մենք գիտենք, որ այս որոշումները կայացվում են այլ վայրում, իսկ դատավոր Ա. Նիկողոսյանն այն ընթերցեց»:

Փաստաբանն ասաց նաև,  որ որոշումը վերաքննիչ դատարանում բողքարկելու են, թեև քիչ հույս ունեն. «Պետք է բողոքարկենք, որ պետական ատյանները կարողանանք սպառել, սա է հիմնական նպատակը: Ինչքան հիմնավոր է մեր բողոքը ու ինչքան անհիմն  քննչական մարմնի դիրքորոշումը և դատարանի որոշումը, թեև դատարանը պատճառաբանական մասը չի կարդում, բայց ստանալուց հետո էլ որևէ ողջամիտ պատճառաբանություն մենք չենք տեսնելու»,-հավելեց փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter