HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարազատները տեսակցեցին դատարանում. տեսակցությունների արգելքը մնաց ուժի մեջ

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժեց «Սասնա Ծռեր» խմբի անդամներից Վարդան Գերավետյանի, Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի միջնորդությունը հարազատների հետ տեսակցությունների արգելքը հանելու մասին:

Աստղիկ Գերավետյանը «Սասնա Ծռեր» խմբի անդամներից Վարդան Գերավետյանի քույրն է:  Նա անցյալ տարվա հուլիսից չէր տեսել եղբորը: Մեզ ասաց, որ այս 7 ամիսներին միայն սնունդ ու հագուստ են տարել ազատազրկման վայր, փոխանցել նրան՝ առանց տեսնելու: Քննիչները արգելանք են դրել տեսակցությունների ու հեռախոսազանգերի վրա: Հիմնավորումն այն է, որ հարազատներին զանգելով կամ տեսնելով մեղադրյալները հնարավոր է խոչընդոտեն նախաքննությանը:  

Քույրը գտնում է, որ տեսակցությունների արգելքը յուրօրինակ պատժամիջոց է. «Կրկին ուզում են ասել՝ ոչինչ չեք կարող անել Հայաստանում»:

7 ամսվա ընդմիջումից հետո այսօր՝ տեսակցությունների արգելքի վերաբերյալ բողոքի քննության ժամանակ, Աստղիկը տեսավ եղբորը՝ Վարդանին: «Մազերն են սպիտակել, բայց հյուծված չի»:

Աստղիկը պատմեց եղբոր մասին, ասաց, որ նա ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ է: Հիշեց եղբոր պայքարը սեփականության իրավունքի համար: Ավելին՝ գտնում է, որ ամեն բան հենց այդ պայքարից էլ սկսվել է, երբ փորձում էր պահպանել իր սփականության իրավունքը, տարիներ շարունակ դատական վիճարկումների մեջ էր:

Եղբորը միանշանակ համարում է քաղաքական բանտարկյալ: Վարդան Գերավետյանի մանկության ընկեր Դերենիկ Կարապետյանը նույնպես ասում է՝ ընկերս քաղբանտարկյալ է: Իսկ պաշտոնյաներին, որոնք հերքում են, թե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, հակադարձում է, «Սովետական միության ժամանակ էլ էին ասում, որ չունեն քաղաքական բանտարկյալ, բայց ամբողջ աշխարհը գիտեր՝ Սախարովն էլ է քաղաքական բանտարկյալ, Սոլժինիցինն էլ և մնացածը, հայտարարելով հո չի՞»:

Զրուցեցինք նաև «Սասնա Ծռերից» Գագիկ Եղիազարյանի քրոջ՝ Արևիկ Եղիազարյանի հետ: Ընտանիքի անդամները դատական նիստերի դահլիճում նրան տեսնում էին 7ամսվա ընդմիջումից հետո. «Փոխվել էր, գունատ էր, արտաքին աշխարհի հետ կապ չունի, կարծում եմ՝ դրանից է, կարևորը՝ ոգին անկոտրում էր»,-ասաց Գագիկի քույրը:

Միայն նամակագրության միջոցով են կապ պաշտպանում, այն էլ՝ հազվադեպ: Արևիկը նույնպես տեսակցությունների արգելքը համարում է հոգեբանական ճնշում գործադրելու միջոց: Ասաց, որ իրենց ընտանիքը մինչև հիմա էլ հետապնդվում է. «Վերահսկվում է մեզանից յուրաքանչյուրի ամեն քայլը... եթե փորձենք մի փոքր ակտիվություն ցուցաբերել, հաստատ պտուղները կքաղենք»:

Շուտով Գագիկ Եղիազարյանի 34-րդ տարեդարձն է: Ընտանիքը Մասիսի Դաշտավան գյուղից է: Գագիկ Եղիազարյանը մասնագիտությամբ օդանավակայանների մայրուղիների նախագծող է, ավարտել է Ճարտարապետության և շինարարության ինստիտուտը: 3-4 տարի է Ժիրայր Սեֆիլյանի համախոհն է, «Հիմնադիր խորհրդարանի» և «Ոտքի հայաստան» նախաձեռնության անդամ է:

«3-4 տարվա ընթացքում եղբայրս հետապնդվել է ոստիկանության կողմից, որտեղ դեմքը տեսնում էին տանում էին, 3 ժամ պահում, որպեսզի չմասնակցի ցույցերին... Վառ անհատականություն է, չի հանդուրժում անարդարություն, գիտեն, որ շատ ազնիվ է, սկզբունքային, անկաշառ, բազմիցս փորձել են կաշառել, իսկ այսօր սկզբունքային մարդկանց դարը չէ»,-շեշտում է Արևիկ Եղիազարյանը՝ պնդելով՝ իմ եղբայրը քաղբանտարկյալ է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter