HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ի զորակցություն «Հաց բերող»-ի` Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել

«Հիմնադիր խորհրդարան»-ը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ի զորակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի, հացադուլ է հայտարարել Հայկ Կյուրեղյանը։

Այս տեղեկությունը քիչ առաջ մեզ հետ զրույցում հաստատեցին նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Կյուրեղյանի` հացադուլ հայտարարելու մասին իրենց պաշտոնապես տեղեկացրել են 18:00-ի սահմաններում:

Նշենք, որ գործի քննության ներպետական ատյաններում Կյուրեղյանը հրաժարվել է պաշտպան ունենալուց, սակայն ներկայացուցիչներ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որոնք նույնպես չկարողացան հաստատել տեղեկությունը: Որդու որոշման մանրամասներին տեղյակ չէր նաև Հայկի հայրը` Արմենակ Կյուրեղյանը, ով «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկություն կունենա, երբ Հայկը, օրենքով սահմանված կարգով, իրեն կզանգահարի, կամ իրավապաշտպանները կայցելեն որդուն։

Նա, սակայն, սպասելի էր համարում Հայկի այս քայլը, քանի որ հեռախոսազրույցների ընթացքում հայր ու որդի հաճախ են խոսել Արթուր Սարգսյանից։ Արմենակ Կուրեղյանի փոխանցմամբ՝ Հայկը մշտապես դրական է արտահայտվել «Հաց բերող»-ի մասին, հարցրել նրա առողջությունից. «Հայկն ասում էր՝ «Հաց բերող»-ը այն մարդն է, ով մեր բարոյականության և ազնվության սիմվոլն է։ Բոլորս էլ պետք է անենք ամեն ինչ՝ նրան փրկելու համար»։

Հիշեցնենք, որ հացադուլով Արթուր Սարգսյանին իրենց զորակցությունն էին հայտնել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը և Աշոտ Պետրոսյանը։ Պետրոսյանը թեև դադարեցրել է հացադուլը, բայց Խանդոյանը շարունակում է այն։

Հիշեցնենք, որ Կյուրեղյանը օդամղիչ ատրճանակով կրակելու համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter