HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Խաղաղ ժամանակ պայմանագրային զինծառայողներին ծխախոտ չի տրամադրվի

Հուլիսի 1-ից պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի պարենային ապահովման չափաքանակներից հանվելու է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով' նաև լուցկու հատկացումը խաղաղ ժամանակ:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։

Սարգսյանը կառավարության նիստին նախ նշեց, որ ցանկանում է պարզաբանել երեկ մամուլում «բուռն» քննարկման առիթ հանդիսացած լուրերը. «Խոսքը վերաբերում է պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողների ծխախոտի խնդիրը փոխհատուցվել է գումարով դեռ տարիներ առաջ, և ժամկետային զինծառայողները ծխախոտ չեն ստացել այսպես թե այնպես»։

Նախարարն ասում է՝ իրենք առաջարկեցին այդ ծխախոտը ձեռք բերելու համար ծախսվող գումարը ավելացնել պայմանագրային զինծառայողների կողմից ստացվող հավելավճարում, որպեսզի նրանց շրջանում, ովքեր չեն ծխում, չխրախուսվի ծխելը, իսկ նրանք, ովքեր ծխում են, կարողանան ընտրել իրենց նախընտրած ծխախոտը կամ այդ գումարը օգտագործեն այլ նպատակներով։

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժաղովի կողմից 2004 թվականին վավերացված «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից, ինչպես նաև Հայաստանի ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից:

Որոշման նախագծում, որպես սրա ընդունման հիմնավորում, նշվում է այն հանգամանքը, որ զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումներ են իրականացվում՝ մասնավորապես «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը, որի հիմնական նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է:

Երեկվանից սոցիալական ցանցերում այս որոշման նախագիծը «բուռն» քննարկման առիթ հանդիսացավ։ Մինչ կառավարությանը կներկայացվեր որոշման նախագիծը, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում կատարեց` պարզաբանելով քննարկվող մտահոգությունները:

«Զինվորին ծխախոտ տալու և չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում: Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրեկան 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Դա նախ և առաջ առողջ ապրելակերպին է ուղղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե այնուամենայնիվ պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը»։

լուսանկարը` Անի Գևորգյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter