HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաց բերողի»` «հացադուլից դուրս գալու միակ միջոցը ապօրինի կալանքի վերացումն է»

«Արթուր Սարգսյանը միայն ու միայն կարիքը հոգալու համար է անկողնուց վեր կենում, այն էլ` երեք մարդու ուղեկցությամբ, քանի որ լուրջ վտանգ կա, որ պարզապես ուշագնաց կլինի»: Այս մասին մեզ հայտնեց փաստաբան Դավիթ Գյուրջյանը, ով «Դատապարտյալների հիվանդանոցում» երեկ է տեսակցել արդեն 13 օր հացադուլի մեջ գտնվող, փետրվարի 9-ից կալանքի մեջ գտնվող «Հաց բերող» Արթուր Սարգսյանին:

Ըստ փաստաբանի` Արթուր Սարգսյանը չի էլ ուզում լսել հացադուլից դուրս գալու մասին. «հացադուլից դուրս գալու միակ միջոցը ապօրինի կալանքի վերացումն է»:

Փաստաբանը փոխանցեց` ճիշտ է` մի քանի օր է, արյան փսխումներ չեն եղել, բայց արյան համը բերանի մեջ է, ցանկացած փռշտոցից վախ կա, որ արյունահոսությունը կսկսվի, որովհետև ճաքը նորից բացվածք է տվել: «Օր օրի ավելի հյուծված վիճակ է, փորձում ենք այնպես անել, որ նույնիսկ չխոսի` ուժ չկորցնելու համար»:

Ըստ Դավիթ Գյուրջյանի` բժշկական օգնությունը պատշաճ չի էլ կարող լինել, ցանկության դեպքում էլ չի կարող այդպիսին լինել: «Իրեն օրը 2-3 անգամ տեսակցում են բժիշկները, փորձում են նրա ճնշումն ու ջերմությունը չափել, դեղորայք տալ, բայց ինքը հրաժարվում է: Շարունակում է դեղերը չընդունել, քանի որ աղեստամոքսային խնդիրներ էլ ունի»:

Փաստաբանը պատմեց, որ Հաց բերողը ոչ կիսանստած, ոչ էլ կիսապառկած դիրքով է անկողնում. «Մահճակալը սովորական երկաթե, սովետական, բոլորիս հայտնի մահճակալներից է, այդ դիրքը կարողանում է ստանալ մեջքի հետևում երկու բարձ դնելով»:

Դավիթ Գյուրջյանը մեր հարցին պատասխանելով` ասաց, որ ՔԿՀ մուտք գործելիս երեկ փաստաթղթերի «զննության» պահանջ չի ներկայացվել, փոխարենը տեղի է ունեցել միջադեպ. «Ջուր էինք տարել Արթուրին, քանի որ նա անվստահություն ունի վարչակազմի հանդեպ. հանձնուքի տեսքով փոխանցված իրերը, նույնիսկ ջուրը չի ընդունում: Մենք ենք ջուրը մատակարարում իրեն: Ամեն անգամ գրեթե պրոբլեմ են ստեղծում, թե ինչու ենք ջուր տանում, այս անգամ մտնելիս պրոբլեմ չստեղծեցին, միայն զննեցին, ստուգեցին, բայց վերջում պահանջեցին հետ վերցնեմ ջուրը»,- պատմեց Արթուր Սարգսյանի պաշտպանը:

Ավելին` ՔԿՀ-ի աշխատակիցները, փաստաբանի պատմելով, մտել են ներս, վերցրել ջրերը. «այսպես ասեմ` առգրավեցին, ինչպես հնարավոր չէ դա նկարագրել»:

Դավիթ Գյուրջյանն ասել է, որ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի այդ կապակցությամբ, դրանից հետո հետ են բերել ջուրը, ասել, որ հերթափոխի պետը ՔԿՀ պետի հետ տեսնվել է, վերջինս թույլատրել է, որ ջուրը մնա: Սակայն «Դատապարտյալների հիվանդանոցից» դուրս գալիս պաշտպանը ջուրը թողել է ՔԿՀ աշխատակիցների մոտ. «դա արդեն Արթուրի և իմ դիրքորոշումն էր ապօրինի գործողության դեմ, խնդրեցի, որ հերթափոխի պետը խմի այդ մաքուր ջուրը»:

Դավիթ Գյուրջյանը դժվարանում է գնահատական տալ «այդ աբսուրդ միջադեպին», պարզապես կարծում է, որ ևս մեկ ճնշման միջոց է, որ Արթուրը հացադուլից դուրս գա:

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
հոգևորականները ինչու՞ են անտարբեր,հարցրեք խնդրեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter