HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը վեց ընկերությունների արտոնություններ տվեց

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի` գործադիր ներկայացրած որոշման նախագիծը, որով «Ռոյալ Ռուս», «Ավալանժ», «ԱՆԴ», «Վիսավտ» ընկերությունները ապրանքները Հայաստան կներմուծեն` ավելացված արժեքի հարկը վճարելով երեք տարի անց, իսկ «Պրոֆպանել» և «Էսկո-ֆարմ» ընկերությունների կողմից ներմուծվող սարքավորումները կազատվեն մաքսատուրքից։

«Ռոյալ Ռուս»

Համաձայն կառավարություն ներկայացված փաստաթղթերի՝ «Ռոյալ Ռուս»-ը Հայաստան է ներմուծելու ծխախոտի արտադրության և փաթեթավորման համար նախատեսված լեհական 5 սարքավորումներ։

Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում զբաղվել ծխախոտի արտադրությամբ։

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է կատարել շուրջ կես մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կազմելու է մոտ 205 մլն դրամ։

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերությունը հիմնադրվել է այս տարվա հունվարի 16-ին, հիմնադիրը Գնել Հայրապետյանն է։

«Ավալանժ»

Ընկերությունը պատրաստվում է Հայաստան ներմուծել լեհական, չինական և նիդեռլանդական սարքավորումներ՝ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու նպատակով։ Ինչպես ասվում է որոշման նախագծում՝ «Ավալանժ»-ը աճեցնելու է բարձր որակի վարդեր։

«Ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 160 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 47,5 մլն ՀՀ դրամը»,- գրված է արտոնության տրամադրման հիմնավորման մեջ։

Համաձայն պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերության հիմնադիրները հայր ու որդիներ են։

«ԱՆԴ»

Հաջորդ ընկերությունը, որը կառավարությունից ստացավ արտոնություն, «Անդ» ՍՊԸ-ն է։ Ընկերությունը նախատեսում է զբաղվել այգեգործությամբ (խնձորի այգիներ) և մեղվաբուծությամբ։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում՝ ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 38 մլն դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 28,3 մլն դրամ։

«Վիսավտ»

Արտոնություն ստացած չորրորդ ընկերությունը «Վիսավտ»-ն է։ Այն նպատակ ունի ԼՂՀ-ի Շահումյանի շրջանի Թարթառ գետի վերին հատվածում կառուցել 1,2 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա:

Ընկերությունը որոշել է կատարել շուրջ 4,6 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կազմելու է մոտ 1 մլրդ դրամ։

Գործադիրը նաև որոշեց «Պրոֆպանել» և «Էսկո-ֆարմ» ընկերությունների կողմից ներմուծվող սարքավորումները ազատել մաքսատուրքից՝ այդ ընկերությունների կողմից ներկայացված հայտի հիման վրա։

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ «Պրոֆպանել» ընկերության կողմից ներմուծվող չինական հումքերն ու նյութերը օգտագործվելու են արևային մարտկոցների արտադրության համար։

Իսկ մյուս ընկերության՝ «Էսկո-ֆարմ»-ի կողմից ներմուծվող հումքերն ու նյութերը օգտագործվելու են դեղագործության ոլորտում։

Այս որոշման վերաբերյալ շահագրգիռ մարմինների՝ ֆինանսների և առղոջապահության նախարարությունների, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության և պետական եկամուտների կոմիտե կողմից առարկություններ և առաջարկություններ չեն եղել։

«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- գրված է ընկերություններին մաքսատուրքից ազատելու հիմնավորումներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter