HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքարդյունաբերությունը 2016-ին. արտադրություն, արտահանում ու հարկեր

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում վերջին տարիներին արդյունահանման ծավալների զգալի աճ է գրանցվում։ Այն շարունավել է նաև 2016 թվականին։ Ու չնայած արդյունաբերության աճին՝ հանքահումքի արտահանման ծավալները նախորդ տարի նվազել են։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)` 2016  թվականին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի 18%-ն ապահովել է հանքարդյունաբերությունը։ Այն կազմել են շուրջ 256 մլրդ դրամ։  2015 թվականի համեմատ հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է ծավալների 8.3% աճ։

Սա զգալի ազդեցություն է ունեցել երկրի արդյունաբերության ընդհանուր աճի վրա, որը կազմել է 6.7%:

2015 թվականի համեմատ նախորդ տարի հանքարդյունաբերության աճի տեմպերը  բավականին թուլացել են։ 2015-ի աճը, ըստ ԱՎԾ-ի ճշգրտված ցուցանիշի, կազմել է մոտ 47%։ Վերջին տասը տարիներին դա աճի ամենամեծ ցուցանիշն է։ Մինչ այդ, ընդամենը երկու տարի է այս ոլորտում անկում գրանցվել՝ ճգնաժամային 2008-ին (այն էլ ոչ մեծ տեմպով) և 2014 թվականին։ Բացառությամբ այդ երկու տարիները, Հայաստանի հանքարդյունաբերության ծավալները գնալով ավելացել են։

Mining Industry
Create line charts

Համաշխարհային շուկայում պղնձի, մոլիբդենի և ոսկու գները վերջին տարիներին ոչ նպաստավոր դիրք են գրավել Հայաստանի համար։ Դրանք պարբերաբար գնանկման միտումներ են գրանցում, ինչի արդունքում Հայաստանից արտահանվող հանքահումքի արժեքը նվազում է։ Օրինակ՝ եթե 2011 թվականին համաշխարհային շուկայում պղնձի մետ տոննայի գինը տատանվել է 9 հազար դոլարի շուրջ, ապա 2016-ին՝ 5-6  հազ. դոլարի։

Նախորդ տարի պղնձի շուկայում որոշակի գնաճ արձանագրվեց. ինչպես է դա ազդել ՀՀ-ից պղնձի արտահանման վրա, կիմանանք, երբ Մաքսային ծառայությունը հրապարակի տարեկան տվյալները։ Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանը միլիոնավոր դոլարների կորուստ է ունենում հանքահումքի էժանացման հետևանքով, քանի որ այն մեծ տեղ է գրանվում ՀՀ արտահանման կազմում։ Նախորդ տարի հանքահումքի կշիռը ՀՀ արտահանման մեջ կազմել է 26%:

Ու չնայած Հայաստանում ավելի ու ավելի մեծ տեմպերով է դատարկվում ընդերքը, որպեսզի կորուստները մասամբ լրացվեն արտահանվող հանքահումքի ֆիզիկական ծավալների ավելացման հաշվին, սակայն նույնիսկ այդ դեպքում վնասները մեծ են լինում։

Ազգային վիճծառայությունը ներկայացնում է հանքահումքի արտահանման ընդհանուր ցուցանիշները, որտեղ ներառվում են պղինձը, մոլիբդենը, ոսկին և այլն։ Այսպես, 2016 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 471 մլն դոլարի  (կամ ըստ տարվա միջին փոխարժեքի՝ 226 մլրդ դրամ) հանքահումքային արտադրանք։ 2015-ի համեմատ այն 1.3%-ով նվազել է։ Այսինքն՝ չնահայած արդյունահանման ծավալների մեծացմանը, արտահանումը նվազել է։ Պատճառը կարող է լինել հենց համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գնանկումը։  Իսկ թե կոնկրետ որ մետաղների մասով ինչ արդյունքներ են գրանցվել, կրկին կերևա մաքսային տվյալների հրապարակումից հետո։

ՀՀ-ից հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները 2006-2016թթ. (մլն ԱՄՆ դոլար)
Create line charts

Հայաստանը նաև մեծ քանակի հանքահումք է ներմուծում։  2016 թվականին այն կազմել է մոտ 591 մլն դոլար (կամ 284 մլրդ դրամ) և նախորդող տարվա համեմատ նվազել 7.5%-ով:

Հանքարդյունաբերությունից՝ պետբյուջե

Հանքարդյունաբերության մասին խոսելիս միշտ էլ խոսվում նաև բնությանը հասցված վնասների մասին։ Մյուս կողմից էլ այս ոլորտը կախվածության մեջ է պահում Հայաստանի տնտեսությունը գունավոր մետաղների գներից։ Ու չնայած այս գործոններին՝ հանքարդյունաբերությունը, ինչպես նշեցինք, մեծ տեղ ունի արդյունաբերության և արտահանման կազմում։ Հանքարդյունաբերական ընկերություններից մի քանիսն էլ բարձր հորիզոնականներ են զբաղեցնում հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում։ 2016 թվականի տարեկան տվյալներով նրանց առաջատար եռյակում երկուսը հարկերի թռիչք են գրանցել, մեկը՝ վայրէջք։

Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող կազմակերպությունների քանակը նախորդ տարվա տվյալներով 73-ն է։ Սակայն դրանցից միայն 10-ն են համեմատաբար խոշոր ընկերությունները՝ ըստ աշխատակիցների քանակի։ 47-ում աշխատում է մինչև 9 մարդ, 16-ում՝ 10-49  մարդ, և 4-ում` 50-249  մարդ, 6-ում՝ 250 և ավելի մարդ։

2016 թվականի հունվար-դեկտեմբերի ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում հանքարդյունաբերական ընկերությունների առաջինը հանդիպում ենք «Թեղուտ»-ի անունը, որը ցանկում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ տարվա ընթացքում վճարելով 13.3 մլրդ դրամի հարկ։ 2015-ի համեմատ ընկերության վճարած հարկերի ծավալն աճել է 8.7 մլրդ դրամով կամ 2.8 անգամ։

Հաջորդը «Գեոպրոմայնինգ գոլդ»-ն է՝ 13-րդ տեղում։ Վճարել է 9.4 մլրդ դրամի հարկ, աճը՝ 5.5 մլրդ դրամ կամ 2.4  անգամ։

Իսկ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որը 2015 թվականի տարեկան տվյալներով հանրապետության 2-րդ խոշորագույն հարկատուն էր, նախորդ տարի բավականին թուլացրել է դիրքերն ու հայտնվել 16-րում։ Ամբողջ տարվա ընթացքում վճարել է 9.1  մլրդ դրամի հարկ՝ 3 անգամ պակաս, քան 2015-ին։ Ընկերությունից ավելի վաղ նշել են, որ պղնձի և մոլիբդենի գնանկումը, որը սկսվել է տարիներ առաջ շարունակ հարվածել է իրենց աշխատանքին։   

Սա հանքարդյունաբերության խոշոր հարկատուների առաջատար եռյակն է 2016  թվականի տարեկան տվյալներով։

Հանրապետության խոշոր հարկատուների ցանկի առաջին 100-յակում են նաև «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը, «Մաքուր երկաթի գործարան»-ը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Ոլորտից 1 մլրդ դրամից ավելի հարկ վճարողներից են նաև «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ը և «Արմենիան տիտանիում փրոդաքշն»-ը։

Իսկ մնացած հանքարդյունաբերական ընկերությունների վճարած հարկերի ծավալի չի գերազանցել 1 մլրդ դրամը։ Հետևաբար՝ խոշոր հարկատուների ցանկում նրանք առաջատար հորիզոնականներ չեն զբաղեցրել։ Օրինակ՝ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ը զբաղեցրել է 400-րդ տեղը՝ վճարելով մոտ  290 մլն դրամի հարկ։

Հանքարդյունաբերական առավել մեծ ծավալի հարկեր վճարած ընկերությունների ցուցանիշները (հարկերի ծավալը՝ մլրդ ՀՀ դրամ)
Create bar charts

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter