HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Խանդոյան․ «Ստրկատիրոջը ստրուկների նման ծառայել՝ չի նշանակում ծառայել պետությանը»

Ամալյա Մարգարյան

Արարատ Խանդոյանի գործով շարունակվեց տուժող ոստիկանների հարցաքննությունը։

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի վերջինս մեղադրվում է 2016-ի հուլիսի 20-ին  Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։

Տուժող Գուրգեն Ավետիսյանը դատարանում ներկայացրեց, որ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում ծառայություն է իրականացրել, ոստիկանության և ժողովրդի միջև բախման ընթացքում ստացել է ձախ ձեռքի վնասվածք «Բախումը հանդարտվելուց հետո, զգացի, որ քար կպավ ձեռքիս»,-հավելեց տուժողը։ Ոստիկանը չհիշեց ՝ ով էր բախման ժամանակ իրենց առաջ գնալու հրաման տվել, միայն ասաց, որ լսել է 10-15 քայլ առաջ գնալու հրամանը։

Տուժող ոստիկանը նշեց, որ ոստիկանների կողմից ճանապարհը փակվել է ՝ անվտանգության սկզբունքերից ելնելով, որպեսզի ժողովուրդը չգնա գրավված ՊՊԾ գնդի տարածք։

Իսկ Խանդոյանի այն հարցին՝ արդյո՞ք ոստիկանությունը զենքեր չի ունեցել, տուժողը պատասխանեց՝ ոչ։

Տուժողներից Արտակ Ալավերդյան էլ նշեց, որ բախման ժամանակ քարի հարվածից աջ ոտքին ստացել է վնասվածք «Բախումը սկսվել է ժողովրդի կողմից։ Հատուկ միջոցներ կիրառվել են բախումներից 10-15 րոպե հետո, եղել են լուսաձայնային էֆեկտներ, նռնակներ չեմ տեսել»,- ցուցմունքի մեջ նշեց Ա Ալավերդյանը։ Տուժողը նշեց նաև, որ չի տեսել Արարատ Խանդոյանին որևէ մեկին հարվածելու ժամանակ։

Տուժող Գեղամ Արսենյանը հարցաքննության ժամանակ ասաց, որ «ուղեղի սալջարդ» է ստացել, հարցաքննությունն ընդհատվեց դահլիճում աղմուկ լսելուց հետո  նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սանկցիա կիրառելով, դատարանի դահլիճից հեռացրեց Արարատ Խանդոյանի կնոջը՝ Սոնա Թամարյանին։

Նիստը շարունակելուց հետո տուժողն ասաց, որ ինքը բախման ժամանակ տեսել է, որ «ամբոխը» հարվածում է ոստիկանության շղթային՝ քարերով, փայտերով, շշերով, ինքը նույնպես վիրավորվել է՝ ստանալով ծանր մարմնական վնասվածք։ Տուժող Գ Արսենյանը նշեց նաև, որ այդ ժամանակ չի կրել պաշտպանական միջոցներ։

Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո ընթերցեց ինքնաբացարակի միջնորդության մերժման որոշումը։

Դատախազ Հայկ Պետրոսյանի այն հարցին՝ հնարավո՞ր էր մյուս ծառայակիցներն էլ ստանային ծանր մարմնական վնասվածքներ, եթե չկրեին պաշտպանական միջոցներ, տուժողը դրական պատասխան տվեց։

Դատարան ներկայացած տուժողներին լսելուց հետո, դատախազ Հայկ Պետրսյանը միջնորդեց զննել ապացույց հանդիացող տեսաերիզը և Արարատ Խանդոյանի հագուստը՝ դատաքննությունը անընդհատ չհետաձգելու նպատակով։

Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Կարագյոզյանը խնդրեց դատարանին մերժել միջնորդությունը՝ նշելով, որ դրանով դատախազության աշխատակիցը փորձում է ուղղորդել տուժողներին։

Դատարանը կայացրեց  որոշում և բավարարեց դատախազի միջնորդությունը՝  նշելով նաև, որ տեսաերիզը տուժողներին հասանելի է և որևէ ձևով չի կարող ուղղորդել։ Արարատ Խանդոյանը միջամտեց և ասաց, որ դատավորը որոշում է կայացնում առանց իր կարծիքը լսելու, նշեց նաև, որ ինքը դեմ է այդ որոշմանը։

«Ապացուցման փուլում վկաները տալիս են ցուցմունքներ, որ  50 շարք ենք առաջ եկել, տուժողների կեսը տալիս են 15 քայլ են առաջ եկել, կեսը ասում են՝ 4 քայլ ենք առաջ եկել։ Սա արդեն ասում է, որ ապացույցները կեղծ են, ու իմ նկատմամբ կեղծ մեղադրանք է  դրված»,-նշեց Խանդոյանը, ապա հայտարարեց, որ եթե վարույթին հետևի ապացույցների հետազոտմանը, ինքը և իր պաշտպանը դուրս կգան նիստերի դահլիճից։

Արարատ Խանդոյանը ելույթով հանդես եկավ, և ասաց, որ խախտվում են իր իրավունքները «Դատարանը խախտում է իմ իրավուքները ու կոպիտ ձևի է խախտում, ուստի  միջնորդոմ եմ դատարանին ինքնաբացարկ հայտարարել, որովհետև կոպտորեն խախտվում են իմ իրավունքները։ Խախտվում է, քանի որ դատարանը ինձ չի հարցնում՝ ես կողմ եմ, թե դեմ եմ միջնորդությանը,  միանգամից որոշում է կայացնում, որն ապօրինի է»։

Դատախազ Հայկ Պետրոսյանը նշեց, որ այս ձևով պաշտպանական կողմը փորձում է ստանալ նպատակահարմար որոշում։

Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Կարագյոզյանն էլ դիմելով դատարանին ասաց, որ վերջինս քաղաքական պատվեր է կատարում, ուստի ինքը ևս միանում է իր պաշտպանի ներկայացրած միջնորդությանը։

Արարատ Խանդոյանը հանդես եկավ հայտարարությամբ և դիմելով դատավորին ասաց

«ՀՀ-ը շատ լավ պետություն է, բայց դատական համակարգը տակնուվրա են արել ձեզ նման դատավորներն ու դատախազները»։

Նախագահող դատավորը նախազգուշացման սանկցիա կիրառեց Խանդոյանի նկատմամբ, որին ի պատասխան Արարատ Խանդոյանն ասաց

«Այս սանկցիայով էլ երևում է դատարանի ապօրինությունը, դատարանը շոու սարքելով, եթե մտածում է իր զակազչիկին ծառայություն է մատուցում, չարաչար սխալվում է։ Ստրկատիրոջը ստրուկների նման ծառայել ՝չի նշանակում,  ծառայել  պետությանը»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter