HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվել է Գևորգ Սաֆարյանի բողոքի քննությունը

Ամալյա Մարգարյան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքացիական ակտիվիստ, «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի ու նրա ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանի՝ ընդդեմ նախաքննական մարմնի բողոքի լսումը:

Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատարանում հետազոտվել են ապացույցներ, տեսաերիզ և նախաքննական ցուցմունքներ, դատախազ Վահե Դոլմազյանը ծանոթ չի եղել և երբևէ չի դիտել նյութում առկա տեսաերիզը, ինչը հաստատվել է նաև նիստի ընթացքում:

«Տեսանյութը դիտելու ժամանակ պարզվեց, որ դատախազը չի դիտել տեսաերիզը: Սա հաստատեց, որ դատախազի գործունեությունը ձևական բնույթ է կրում»,-հավելեց  փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը հաղորդեց նաև, որ նիստի ընթացքում հետազոտվել են քրեական գործում առկա փաստաթղթեր, բայց դատախազը չի կարողացել ընթերցել դրանք` անընթեռնելի լինելու պատճառով, քանի որ ներկայացված են եղել պատճենները:

Գևորգ Սաֆարյանն ու նրա ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը վիճարկում են նախաքննական այն որոշումը, ըստ որի որևէ ոչ իրավաչափ գործողություն Գևորգ Սաֆարյանի և ևս 5 քաղաքացիների հանդեպ 2016-ի Ամանորի գիշերը տեղի չի ունեցել, երբ նրանք ցանկանում էին պարզապես տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում:

«Պարզվեց նաև, որ Գևորգ Սաֆարյանի և Գեղամ Խաչատրյանի միջև ամենակարևոր քննչական գործողությունը չի կատարվել, այսինքն Գևորգ Սաֆարյանը հանցագործության մասին գործ է ներկայացրել, բայց վերջինիս և Գեղամ Խաչատրյանի միջև առերեսում չի կատարվել, չնայած Գևորգն ասում է, որ Գեղամ Խաչատրյանն իրեն բռունցքով հարվածել է»,-հաղորդեց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը ասաց նաև, որ տեսանյութը հետազոտելիս պարզվել է, որ ոստիկանները ծեծել են քաղաքացիների.

«Ասել, որ ոստիկանները պաշտպանվում էին, մեղմ ասաց իրականությանը չի համապատասխանում: Այստեղ դատարանը կամ պետք է ողջամիտ դատական ակտ կայացնի և գնահատական տա ոստիկանների գործողություններին»:

Փաստաբանը նշեց նաև,որ այսպիսի գնահատական տվել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ նշելով, թե ինչպես են ոստիկանները ծեծի ենթարկում քաղաքացիներին: Այս մասին Տիգրան Հայրապետյանը հայտնել է նաև նախորդ նիստի ընթացքում:

«Ակնհայտ է որ ոստիկանները ծեծել են, իսկ դատախազն ու քննիչը միամիտ կեցվածք են ընդունում և ասում, որ ոստիկանները պաշտպանվել են: Անգամ, եթե ոստիկանները պաշտպանվել են, նշանակում է ինչ-որ մեկը հարձակվել է: Ոստիկանի վրա հարձակվելը քրեորեն պատժելի արարք է: Երկու կարծիք չի կարող լինել կամ ոստիկանները պաշտպանվել են, հետևաբար քաղաքացիները հարձակվել են, ուստի պետք էր քաղաքացիների դեմ քրեական գործ հարուցվեր: Մյուս դեպքում քրեական գործ պետք է բացվեր ոստիկանների նկատմամբ»,-մեկնաբանեց Տ. Հայրապետյանը, ապա ավելացրեց. «Դատարանը պետք է իր դիրքորոշումը ցույց տա: Այստեղ անողնաշար լինել հնարավոր չէ: Կոնկրետ փաստերին պետք է ճշտգրիտ գնահատական տալ. կամ դատարանը կբեկանի բողքը և կփրկի իր անձը կամ կհեղինակազրկի ՀՀ-ը ու արդարադատությանը»:

Հաջորդ նիստը կկայանա մարտի 15-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter