HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հայաստանը պատերազմի՞ է նախապատրաստվում. ինչի՞ մասին են խոսում փաստերը

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տեղեկություն էին տարածում, թե պաշտպանության նախարար Զաքիր Հաասնովին, իբր, հետախուզական տվյալներ են փոխանցվել, որ հայկական կողմն առաջնագծում ուժերի վերախմբավորում է կատարում և շփման գծին հրետանային միջոցներ, ծանր զինտեխնիկա է մոտեցնում, ինչին ի պատասխան Հասանովը հրամայել է ձեռնարկել համարժեք քայլեր: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր հայկական առաջապահ ուժերը կրակահերթ են բացել ադրբեջանցի հովիվների ուղղությամբ, ինչը Արցախի Հանրապետության (ԱրՀ) Պն-ն հերքեց:

Ադրբեջանի կողմից վեջին օրերին հետևողականորեն ապատեղեկատվություն տարածելն ինքնանպատակ չէ: Դրանք ռազմական հնարավոր գործողությունների դիմելու տեղեկատվական առիթ ստեղծելու, հանրությանը նման գործողությունների դիմելու արդարացվածությունը հիմնավորելու մանիպուլյացիոն քայլեր են:

Փետրվարի 23-ին ԱրՀ պաշտպանության նախարարությունը շփման գծին տիրող օպերատիվ իրավիճակի մասին հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ հակառակորդը սահմանագծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով, բացի տարբեր տրամաչափի ականանետերից, կրկին Դ-44 տիպի հրանոթ է օգտագործել՝ արձակելով 10 արկ: Հայկական կողմը ստիպված է եղել դիմելու պատասխան գործողությունների, ինչի հետևանքով կողմերը մարդկային կորուստներ են ունեցել: Չի կարելի բացառել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ առաջնագիծ է հասել նախօրեին հայկական կողմի ձեռնարկած անհամաչափ պատասխան հարվածների պատճառով: Սակայն վերջին օրերին ամենաբարձր մակարդակով Երևանից  հնչող ուղերձները խոսում են այն մասին, որ գործ ունենք ապրիլյան դեպքերից հետո բացարձակապես նոր իրադրության հետ:

Օրերս հայտնի դարձավ, որ փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել սահմանամերձ համայնքներում դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց պատնեշներ, հակառակորդի հրետակոծության դեպքում բնակչության համար թաքստոցներ կառուցելու, իրավիճակի սրման դեպքում բնակիչներին զենք տրամադրելու կազմակերպական խնդիրների լուծման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել էր, որ միջոցառումները պլանային են և իրականացվելու են ընդհանուր առմամբ երբևէ հնարավոր պատերազմին պետության նախապատրաստվելու համատեքստում: Փետրվարի 18-ին ԵԿՄ 11-րդ համագումարում ունեցած ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց. «Մենք նախորդ տարիների փորձից գիտենք, որ Ադրբեջանը նման դեպքերում (նկատի ունի նախընտրական շրջափուլերը-հեղ.) սովորաբար աշխուժացնում է իր հակահայկական ձեռնարկները միջազգային կազմակերպություններում, երբեմն նաև փորձում է սադրանքների դիմել առաջնագծում: Նրանց կողմից նման վարքի որոշ ախտորոշումներ արդեն նկատելի են»: Ապա դիմելով երկրապահներին՝ նա ավելացրեց. «Հարգելի՛ երկրապահներ, խոսքիս ավարտին, ինչպես ﬕշտ, կոչ եմ անում ձեզ շարունակել վառոդը չոր պահել, քանի որ ﬔր պայքարը դեռ շարունակվում է»: Դրանից երեք օր անց  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում ոչ միայն հիշեցրեց Հայաստանի ԶՈւ արսենալում «Իսկանդեր-է» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի առկայության մասին, այլև պարզորոշ հայտարարեց, որ հայկական կողմը չի վարանելու այն գործողության մեջ դնել, եթե առաջանա դրա օպերատիվ անհրաժեշտությունը: «... «Իսկանդեր»-ի կիրառման մասին որոշումը սերտ կապված կլինի իրավիճակի հետ: Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն: Դա առաջին հերթին զսպող զենք է: Իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ, իր հնարավորություններով այդ զենքն այնպիսին է, որ պետք է սառեցնի ցանկացած տաքգլուխ որոշումների կայացման առումով»,-ասաց նա:

Այս ամենը վկայում է  երկու բանի մասին: Նախ՝ երկարաժամկետ հեռանկարի իմաստով Հայաստանը կտրում է հույսը, որ խնդիրը կլուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, և որ Ադրբեջանը կփոխի իր ներկայիս մաքսիմալիստական դիրքորոշումը: Երկրորդ՝ հայկական կողմը ներկա պահին հավանական է համարում Ադրբեջանի կողմից կարճաժամկետ հեռանկարում ռազմական նոր արկածախնդրության կրկնությունը և մի կողմից ակտիորեն նախապատրաստվում է դրան, իսկ մյուս կողմից՝ փորձում կանխել հերթական բախումը: Նախագահի ակնարկն այն մասին, որ կան թշնամու կողմից առաջնագծում սադրանքների դիմելու վարքի որոշ ախտանշաններ, վկայում է, որ հայկական կողմը տիրապետում է այդ մասին վկայող օպերատիվ տվյալների: Դա հաստատում է նաև հայկական կողմի նախահարձակ լինելու տպավորություն ստեղծելու ադրբեջանական պրոպագանդան:

Այս իրողությունը հայկական կողմին դրդել է ինչ-որ չափով վերանայել ԼՂ կարգավորման գործընթացի հետ կապված իր մոտեցումները: ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը Ադրբեջանին դիմեց խնդիրը լուծել փոխզիջումների, այսինքն՝ ըստ էության, «կազանյան փատաթղթի» հիման վրա: «Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը և Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ: Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ, ավելի ճիշտ՝ շատ պարզունակ հանգամանքը»: Սարգսյանի խոսքը վերջին անգամ Բաքվին սթափեցնելու հուսահատական կոչի էր նման: Դրան զուգահեռ Իսկանդեր»-ը որպես «տաք գլուխներով որոշումներ կայացնողներին» զսպելու միջոց լինելու մասին Վիգեն Սարգսյանի ակնարկը կոշտ նախազգուշացման կամ սպառնալիքի տարրեր է պարունակում: Այսինքն՝ միաժամանակ երկու՝ դիվանագիտական և ռազմական հռետորիկայի առումով Երևանը հիմա տենդագին փորձում է սթափեցնել Բաքվին:

Դրան զուգահեռ, Հայաստանի իշխանությունների ուղերձներում նաև նկատելի են դարձել Արցախի սուբյեկտայնության վրա շեշտադրում կատարելու տարրեր: «Արցախի խնդիրը հայ ժողովրդի գործն է, հայության դատն է. ինչպես որ Արցախի ժողովուրդը որոշի, հենց այդպես էլ կլինի Արցախի ապագան: Իսկ ﬔնք բոլորս՝ ինչպես այստեղ ներկաները, այնպես էլ այս դահլիճից դուրս գտնվողները, սարի պես կանգնած ենք Արցախի ﬔր քույրերի և եղբայրների թիկունքին,-թեև նախընտրական մոտիվներով, այնուամենայնիվ, հայտարարում է Սերժ Սարգսյանը և ավելացնում,-իմ պարտքն եմ համարում համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքներն արժանի հակահարված են ստանալու: Պատրանքների վրա հիﬓված քաղաքականությունը ապագա չունի և չի կարող ունենալ»: Բացի դրանից, Հայաստանը կարծես թե կարողացավ թույլ չտալ, որպեսզի Մոսկվան և Բաքուն ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունից անկախ Հաաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելով՝ օրակարգից հանեն շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ կապված Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները Բաքվի կողմից պարտադիր կատարելու իր նախապայմանը: Բուն կարգավորման առումով բանակցությունները տեղից չեն շարժվում այդ նախապայմանից Երևանի չհրաժարվելու պատճառով: Հայաստանում վերջապես հասկացել են, որ Ադրբեջանի նպատակը բացարձակապես բանակցելը չէ, և ուղղակի ծիծաղելի է այդ պայմաններում շարունակել թմբկահարել փոխզիջումների պատրաստակամությունը: Հիմա պետք է հասկանալ, թե որոնք են իրականում Ադրբեջանի ներկայիս ռազմական  նախապատրաստությունների նպատակները:

Կա երեք հնարավոր տարբերակ: Առաջինն այն է, որ Բաքուն, շփման գծում կուտակումներ և ուժերի վերախմբավորում իրականացնելով, հայկական դիրքերի ուղղությամբ նաև փոքր տրամաչափի հրանոթներ կիրառելով՝ փորձում է վախեցնել Երևանին և ջարդել այդ նախապայմաններից չհրաժարվելու նրա համառությունը, վերջնականապես համոզել, որ չի կատարելու Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում անցած տարի իր ստանձնած պարտավորությունները: Երկրորդ՝ չի կարելի բացառել, որ սրանք ավելի տևական ժամանակաշրջանի կտրվածքով պատերազմի նախապատրաստություններ են: Այս պահին, սակայն, եթե մի կողմ թողնենք ադրբեջանական իշխանությունների իրականության զգացումը կորցրած լինելու իրողությունը, սա քիչ հավանական է թվում: Մի կողմից՝ ներքին սոցիալ-տնտեսական անմխիթար իրադրության պատճառով Բաքուն պատրաստ չէ դրան, իսկ մյուս կողմից՝ նման սցենարին դեմ են ուժային կենտրոնները՝ ԱՄՆ-ն, Ռուասաստանը, ինչպես նաև Իրանը և մասնակիորեն Թուրքիան: Բաքուն վստահ պետք է լինի, որ լայնածավալ պատերազմ սանձազերծելու հետևանքը չի լինելու ԱրՀ-ի միջազգայնորեն ճանաչումը, իսկ նման վստահություն այն չի կարող ունենալ:

Երրորդ, ինչին կարծես թե հակված է նաև Հայաստանի իշխանությունը, այն է, որ հաշվարկելով, թե Հայաստանում համընդհանուր ուշադրությունը առաջիկա երկու ամսվա ընթացքում սևեռված է լինելու ընտրական գործընթացների և ներքին խնդիրների վրա՝ Բաքուն կարող է նախաձեռնել նոր բլիցկրիգ՝ թիրախում ունենալով  հնարավորության դեպքում ապրիլյան պատերազմի օրինակով կարճ ժամանակում որոշ տարածքներ գրավելը: Եթե, իսկապես, նպատակը սա է, ապա կարելի է ասել, որ Ադրբեջանն անցնում է փոքր, կայծակնային պատերազմներով մաս առ մաս Արցախի տարածքում խորանալու ռազմավարության: Այդ հարցում Բաքվին լավատեսություն կարող է ներշնչել այն փաստը, որ անգամ ապրիլյան պատերազմը  չդրդեց Երևանին հրաժարվել խնդրի կարգավորման «խաղաղություն՝ տարածքների դիմաց» սկզբունքով փոխզիջումային ռազմավարությունից: Ամեն դեպքում, եթե սա է նպատակը, նշանակում է Բաքուն բանակցությունների իմիտացիան դարձնում է կարճ ճակատամարտերով պատերազմի ստրատեգիան թաքցնելու ծխածածկույթ: Բայց սա ռիսկային է, որովհետև հայկական կողմն արդեն սպասում է, և անակնկալի էֆեկտն այլևս չի աշխատելու: Ավելին՝ առաջնագծում դիմելով համարժեք քայլերի՝ արցախյան զինուժը կարող է մշտապես իրեն պաշտպանվողի դերում տեսած Ադրբեջանին նախահարձակ լինելու անակնկալ մատուցել:

Ամեն դեպքում այն փաստը, որ ապրիլյան պատերազմից հետո գրեթե մեկ տարվա ընթացքում կողմերն առաջնագծից ետ չքաշեցին հրետանային միջոցներն ու ծանր տեխնիկան, փոխարենը վերջին շրջանում աստիճանաբար աճում է գործի դրվող զինատեսակների քանակն ու տրամաչափը, Ադրբեջանը դիմում է տեղեկատվական մանիպուլյացիաների, իսկ բանակցային գործընթացը շատ ավելի խորը փակուղում է, քան նույնիսկ 2016թ. նախաապրիլյան շրջանում էր, խոսում է այն մասին, որ առկա է բացարձակապես նոր և ցանկացած պահի վերահսկողությունից դուրս գալու պոտենցիալով իրադրություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter