HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կապանում վերամշակված պլաստիկից շինանյութ կարտադրեն

Կապան քաղաքում կստեղծվի շինանյութերի արտադրամաս, որի համար որպես հումք կծառայեն աղբից տարանջատված պլաստիկ թափոնները։ Վերամշակված պլաստիկը որոշակի արտադրական գործընթաց անցնելով եւ խառնվելով ավազի հետ կվերածվի  շինանյութի: Առնվազն 6 նոր արտադրատեսակ կթողարկվի՝ փողոցային եզրաքարեր, սալիներ, կղմինդր եւ այլն, որոնց մեջ պլաստիկը 25% է կազմում:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել ենք Կապանում պլաստիկը կենցաղային աղբից տարանջատելու եւ պահեստավորելու գործընթացը: Պահեստավորված հումքն արդեն կօգտագործվի վերջնական արտադրանք ստանալու համար, միաժամանակ կմշակվի արտադրված շինանյութն սպառողներին հասցնելու բիզնես ծրագիր:

Սա մեկ քայլ առաջ է մինչ այսօր Հայաստանում իրականացված աղբի տեսակավորման եւ վերամշակման ոլորտում իրականացվող ծրագրերից: Աղբ վերամշակող մի քանի արտադրամասեր աղացած պլաստիկը, որպես շինարարական հումք, արտահանում են այլ երկրներ: Արտադրության այս տեսակը լայն կիրառում ունի արտասահմանում:

Եվրոպայի միությունը ծրագիրն իրականացնելու համար 480 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրել: Ծրագրի ընդհանուր արժեքը 580 հազար եվրո է: Շինանյութի արտադրամասի ստեղծմանը ՀՀ կառավարությունը կմասնակցի 25% համաֆինանսավորումով:

Ծրագիրն իրականացնում է Կապանի քաղաքապետարանի գլխավորած կոնսորցիումը, որում ընդգրկվել են «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը եւ մի քանի հասարակական կազմակերպություններ: Ծրագրին միացել են Սյունիք եւ Վայոց ձորի մարզերի քաղաքները՝ Մեղրի, Ագարակ, Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան, Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր:

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմինե Թուխիկյանը տեղեկացրեց, որ արտադրամասն անխափան պլաստիկ հումքով ապահովելու համար Վայոց ձորի եւ Սյունիքի 9 համայնքներում կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Ծրագրում կներառվեն նաեւ վերջերս խոշորացած Գորիս եւ Գորայք համայնքները: Հիշյալ համայնքներում աղբահանության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ձեւավորելու աշխատանքներ կտարվեն` կներդրվի աղբի տեսակավորման, հատկապես, պլաստիկ թափոնների (շշերի, տարաների, տոպրակների) տարանջատման պրակտիկա։ Երկու համայնքներում ընդգրկված բնակավայրերի համար ձեռք կբերեն 2 աղբատար մեքենա, շուրջ 460 աղբարկղ, 100 արկղ՝ պլաստիկ թափոնների տարանջատման համար, սեղմիչ-մամլիչներ, պահեստարաններ: Կիրականացնեն կոմունալ ծառայությունների եւ ՏԻՄ-երի աշխատակազմերի վերապատրաստում: Ծրագրով նախատեսում են նաեւ ցանկապատել Գորիս ու Սիսիան քաղաքների աղբավայրերը:

«Համայնքներում գոյացող պլաստիկ թափոնները կազմում են կոշտ կենցաղային աղբի ծավալի ավելի քան 30%-ը: Այս նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում պլաստիկ աղբը տարանջատվելու, հավաքվելու եւ վերամշակվելու է՝ վերածվելով ցեմենտի փոխարինիչի: Այս նախաձեռնության արդյունքում կստեղծվի 35  աշխատատեղ»,- հայտնեց «Ուրբան» հիմնադրամի նախագահը:

Ա· Թուխիկյանը նշեց, որ դրան հասել են տարիների աշխատանքով, մեծ ջանքերի գնով վերջապես իրականություն է դառնում աղբից շահույթ ստանալը: Այս ծրագրի հաշվարկը կատարվել է նախորդ տարիներին միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացված բոլոր ծրագրերի առաջընթացը, նաեւ ձախողումները, ռիսկերը եւ այլն, սովորելու հիման վրա:  

Ասիական զարգացման բանկը հետազոտել է կենցաղային թափոնների կառավարումը Սյունիքի մարզում, քարտեզագրել են բոլոր աղբանոցները եւ այդ բազան կօգտագործվի ծրագրի իրականացման ռազմավարական պլանը մշակելու ժամանակ: Քարտեզագրվել է շուրջ 215 աղբանոց, որոնցից ազատվել է պետք (մեր հրապարակումներից մեկում անդրադարձել ենք Գորիս քաղաքի աղբանոցներին):

Կոնսորցիումի անդամ կազմակերպությունները ծրագրի հաջողությունը մեծապես պայմանավորում են քաղաքացիների վարքագծի փոփոխությամբ: Ա· Թուխիկյանը նշեց, որ աղբ չթափելու քարոզով չեն սահմանափակվելու, կարեւորը բնության հանդեպ սեր սերմանելն է եւ այստեղ իրենց հույսը  երեխաներն են: «Մաքուր է ոչ թե այնտեղ, որտեղ մաքրում են, այլ այնտեղ՝ որտեղ չեն աղտոտում»,- նշում է հիմնադրամի նախագահը:

Նորաստեղծ արտադրամասը հումքով ապահովելու, շրջակա միջավայրը մաքուր պահելու, մարդկանց կենցաղավարման մշակույթը բարձրացնելու, այդ գործում բնակչությանը ներգրավելու նպատակով հանրային իրազեկման եւ կրթական լայնածավալ միջոցառումներ կիրականացվեն՝ սոցիալական գովազդներից սկսած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter