HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շիրակցիները ամենաշատն են բենզինային լուծույթով թմրամիջոց օգտագործել

2010-2016թթ. ընթացքում ոստիկանությունն արձանագրել է դեզոմորֆին («բենզին») տեսակի թմրամիջոցի օգտագործման 601 դեպք, հայտնաբերվել է 1029 անձ։ Այս թմրամիջոցի օգտագործման դեպքերի վերաբերյալ տվյալները «Հետք»-ին տրամադրել է ոստիկանությունը։

Դեզոմորֆինը թմրամիջոց է, որն ունի արագահաս և ուժգին ափիոնային էֆեկտներ, ինչպիսիք են հանգստացումը և ցավազրկումը։ Այն գերազանցում է մորֆինին իր հակացավային ազդեցության արագահասությամբ և ուժգնությամբ:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ հանրապետությունում 2010-2016 թվականներին բենզինային լուծույթով թմրամիջոցների օգտագործման ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են 2012-ին` 121 դեպք, և հայտնաբերվել է 200 անձ։

Ոստիկանության տվյալներով՝ 2012-ից սկսած տարեցտարի նվազել են դեզոմորֆին թմրամիջոցի օգտագործման դեպքերը, սակայն չենք կարող ասել` դրանք պայմանավորված են եղել օգտագործողների թվի կրճատմամբ, թե ցուցաբերվող զգուշավորությամբ։

Հայաստանի բոլոր մարզերում, բացի Վայոց ձորից, այս թմրամիջոցի օգտագործման դեպքերը բացահայտվել են։

Դեզոմորֆինի օգտագործմամբ «աչքի է ընկել» Շիրակի մարզը. այստեղ գրանցվել է այդպիսի 257 դեպք, Շիրակին հաջորդում է Լոռին։

Այս թմրամիջոցը օգտագործած 1029 անձանց 92%-ը 36 տարեկանից բարձ է եղել։

Ոստիկանության բացահայտումներով՝ վերջին վեց տարիներին բենզինային լուծույթով պատրաստված թմրամիջոցի օգտագործման դեպքերում անչափահասներ ներգրավված չեն եղել։

Դեզոմորֆին տեսակի թմրամիջոցի օգտագործման հետևանքով մահացած անձանց թվի վերաբերյալ «Հետք»-ին տեղեկատվություն տրամադրել չկարողացան ո՜չ ոստիկանությունից, ո՜չ առողջապահության նախարարությունից։ Երկու պետական կառույցներն էլ առանձնացված տեղեկատվություն չեն հավաքագրել այս թմրամիջոցի օգտագործման հետևանքով մահացության դեպքերի վերաբերյալ։

«Նաիրիի» բժշկական կենտրոնի թմրաբուժության և հոգեբուժության ծառայության ղեկավար Ալեքսանդր Մանուկյանը, իր աշխատանքային փորձից ելնելով, հավաստիացնում է, որ բենզինային լուծույթով թմրամիջոցների օգտագործման դեպքերն աճել են: «Նվազելու մասին խոսք չկա»,-ասում է նա։ 

Բժշկի դիտարկմամբ՝ այս թմրամիջոցը համարվում է  «փողոցային», վատ պայմաններում պատրաստվող՝ ոչ զտված դեղ և իր խառնուկների հաշվին կարող է ծանր հետևանքներ առաջացնել օգտագործողի համար, քանի որ առաջացնում է կախվածություն, և թմրամոլը, դրա մի քանի անգամյա օգտագործումից հետո, դոզան ավելացնում է։ 

«Թմրամոլի համար նախորդ դոզայով դեղն արդեն չի հերիքացնում։ Դա «տոլեռանտություն» է կոչվում։ Օրգանիզմը սովորում է, և կամաց-կամաց հիվանդները ստիպված են լինում դոզան բարձրացնել։ Սա իր հերթին «բերում» է շատ ծանր հետևանքների, որ կարող է դոզան լավ հաշվարկված չլինի կամ լավ չմաքրած տեղ լինի, որի պատճառով շնչառական կենտրոնի կանգ կլինի։ Սրանից հետո, իհարկե, մահ է, քանի որ շատ քչերին է հաջողվում հասցնել հիվանդանոց՝ արհեստական շնչառության ապարատ միացնելու կամ մարդուն «հետ» բերելու միջոցառումներ ձեռնարկելու համար»,- ասում է պրն Մանուկյանը։ 

Ծառայության ղեկավարը կարծում է, որ հիվանդն այս թմրամիջոցի օգտագործմանը դիմում է այն ժամանակ, երբ ֆինանսական միջոցները սուղ են, քանի որ այն մատչելի է, և երբ նա երկար տարիներ թմրամոլ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter