HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՍԴ որոշումից 4 տարի անց ԱԺ-ում քննարկվում է տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու ինստիտուտի կատարելագործմանն ուղղված նախագիծ

Քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը Սահմանադրական դատարանի կողմից  հակասահմանադրական ճանաչելու հետևանքով Պրոբացիոն ծառայությունը չի կարողանում կիրառել տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու պատժատեսակը, քանի որ դատարանները վերադարձնում են այս պատժատեսակի  վերաբերյալ միջնորդությունները:

Այս մասին այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով, և այս դեպքում հանրային աշխատանքների հինգ ժամը հաշվարկվում է նվազագույն աշխատավարձի դիմաց:

51-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է նաև, որ եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացված թիվը պակաս է, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա անձի նկատմամբ նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ հանրային աշխատանք:

2013-ի ապրիլի 4-ի իր որոշմամբ Սահմանադրական դատարանը վերը նշված հոդվածի 4-րդ մասը հակասահմանադրական է ճանաչել՝ պատճառաբանելով, որ տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չի երաշխավորվում երկու հարյուր յոթանասուն ժամից պակաս տևողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն այն անձանց նկատմամբ, որոնք չունեն տուգանքը վճարելու հնարավորություն: Ըստ ՍԴ-ի՝ այսպիսով արգելափակվում է այդ անձանց  իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը:

Բացի այդ՝ ՍԴ-ն նշում է նաև, որ  51-րդ հովածի 4-րդ մասում տարբերակված մոտեցում չի դրսևորվում տուգանքը վճարելու անհնարինության և տուգանքից չարամտորեն խուսափելու հանգամանքների միջև:

Քրմոյանն այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովին ներկայացրեց Կառավարության կողմից մշակված օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն, ըստ փոխնախարարի,  ուղղված է տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու ինստիտուտի կատարելագործմանը:

Կառավարությունը օրենսդրական փոփոխությունների փաթեթում առաջարկում է օրենքը ՍԴ-ի որոշմանը համապատասխանեցնելու համար տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու պատժատեսակի դեպքում վերացնել 270 ժամ նվազագույն ժամաքանակը, ինչպես նաև տարանջատում մտցնել տուգանքը վճարելու անհնարինության ու դրանից չարամտորեն խուսափելու հանգամանքների միջև:

Մասնավորապես, ըստ օրենսդրական փոփոխության նախագծի՝ եթե անձը սահմանված ժամկետում չի վճարում տուգանքը, և համապատասխան ընթացակարգով չի դիմում պետական մարմնին՝ վճարումը հետաձգելու կամ մաս առ մաս վճարում կատարելու վերաբերյալ, ապա համարվում է չարամտորեն խուսափող, ըստ որում՝ այս դեպքում հակառակն ապացուցելու բեռը կրում է դատապարտյալը:

Օրենսդրական  փոփոխությունների փաթեթը սահմանում է նաև, որ տուգանքի վճարման անհնարինության հանգամանքի ապացուցման բեռը դրվում է  դատապարտյալի վրա:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջհանգիրյանը այս առնչությամբ  դիրքորոշում հայտնեց, որ անհնարինության հանգամանքի ապացուցման բեռը պետք է դնել ոչ թե դատապարտյալի, այլ պետական մարմինների վրա, քանի որ պետական մարմինը, այս դեպքում՝ Պրոբացիոն ծառայությունը, պետք է շահագրգիռ լինի, որպեսզի տուգանքը վճարելու կարողություն չունեցող դատապարտյալը ներգրավվի հանրային աշխատանքներում: Սա, սակայն, ըստ Ջհանգիրյանի, չի նշանակում, որ դատապարտյալին պետք է զրկել տուգանքը վճարելու անհնարինության հանգամանքի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից:

Ի պատասխան Ջհանգիրյանի դիտարկման` Քրմոյանը նշեց, որ եթե ապացուցման բեռն ամբողջությամբ ընկնում է պրոբացիոն ծառայության վրա, գործնականում խնդիրներ են առաջանում, քանի որ կան հանգամանքներ, որոնք պրոբացիոն ծառայությունը օբյեկտիվորեն չի կարող ճշտել:

«Կարող է լինել իրավիճակ, երբ դատապարտյալի գույքային դրությունը դատավճռի պահին եղել է  այնպիսին, որ նա կարող էր տուգանք վճարել,  բայց ազգականը հիվանդացել է, և նա իր հաշվին եղած գումարը փոխանցել է հարազատին, այս փաստը մենք չենք կարող վեր հանել»,- օրինակ բերեց Քրմոյանը:

Վերջինս խոսեց նաև այն մասին, թե առհասարակ ինչ  աշխատանքներ են կատարում տուգանքը չվճարած անձինք. դրանք, ըստ Քրմոյանի, մաքրման, շինարարական, խնամքի հետ կապված աշխատանքներ են:

«Բայց անո՞ւմ են»,- նիստերի դահլիճից հարց հնչեց:

«Իհարկե, չեք տեսնո՞ւմ՝ ձյունը ոնց է մայթերից մաքրված»,- հեգնեց Գագիկ Ջհանգիրյանը:

«Ձյունը չեն կարողանում մաքրել,  որովհետև Սահմանադրական դատարանի արգելք կա»,- կատակեց Սուրեն Քրմոյանը՝  նշելով, որ Հայաստանում շուտով էլեկտրոնային սարքերի միջոցով հնարավոր է լինելու ստուգել, թե որ դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքն է հանրային աշխատանքով փոխարինվել, երբ է նա գնացել աշխատանքի, որքան է աշխատել և այլ հանգամանքներ:

Լուսանկարը` Քրմոյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter